Մատչելիության հղումներ

logo-print

Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալը խնդրում է պաշտպանել իր ընտանիքը


Իրավապահները, սակայն, լռում են:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ սպանության փորձի գործով չորս մեղադրյալներից մեկը՝ Գարեն Աթաջանյանը, նրա փաստաբանի փոխանցմամբ, խնդրում է, որ ԱԱԾ-ն ապահովի իր ընտանիքի անվտանգությունը:

Աթաջանյանը, հիշեցնենք, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ սպանության փորձի գործով չորս մեղադրյալներից մեկն է: Նրա կալանավորման գիշերը մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը Կապանում կոտրել էր Աթաջանյանի որդուն պատկանող մթերային խանութի ապակին:

Բերման ենթարկված և իր իսկ հավաստմամբ՝ անմիջապես ազատ արձակված Նիկողոսյանը «Ազատության» հետ զրույցում խանութի վրա հարձակումը համարել էր «ուղերձ մահափորձ կատարած բոլոր անձանց»: Նիկողոսյանը գտնում է, որ նաև Գարեն Աղաջանյանի մատն է խառը մարզպետի դեմ կատարված մահափորձին:

Փաստաբան Հովհաննիսյանի խոսքով, իր պաշտպանյալը մտավախություն ունի, որ դեպքը կարող է կրկնվել․ - «Գարեն Աթաջանյանը Զարզանդ Նիկողոսյանի կողմից գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքը կապում է անմիջականորեն իր վերաբերյալ քննվող քրեական գործի հետ, և դրանով իսկ պայմանավորված մտավախություն կա, որ տվյալ անձինք կամ այլ անձինք կարող են նմանատիպ գործողություններ կատարել»:

ԱԱԾ-ն, փաստաբանի պնդմամբ, խախտել է դիմումը քննարկելու ժամկետները: Աթաջանյանների անվտանգությունն ապահովելու խնդրանքով Հովհաննիսյանը դիմել է նաև Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետին․ - «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ պաշտպանություն ակնկալող անձի դիմումը քրեական հետապնդման մարմինը պարտավոր է քննել անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Մենք դիմումը ներկայացրել ենք շուրջ 48 ժամ առաջ, սակայն առ այսօր որևէ պատասխան չենք ստացել»:

Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ երկու օր առաջ Կապանում խանութի ապակին կոտրելու դեպքով հետաքննություն է կատարվում, քրեական գործ այս պահին հարուցված չէ:

Հարձակման թիրախ մթերայինը պատկանում է Մհեր Աթաջանյանին, ով «Ազատության» հետ զրույցում ասաց, թե Զարզանդն իր ընկերն է․ - «Դե, մարզպետն էլ իրա հարազատն ա: Լսել ա, վատ ա զգացել: Հիմա ոչինչ, կպարզվի ամեն ինչ, իրա տեղը կընկնի, կգա իրա ներողությունը կխնդրի: Ես դրանով կբավարարվեմ»:

Այնուհանդերձ Մհերը զգուշության կողմնակից է․ հազար բան կարող է պատահել․ - «Ես ինչ իմանամ, կարա մեկը մի բան անի, գցեն իրանց վրա»:

Սյունիքի մարզպետի շրջապատն այսօր լռակյաց էր: Միայն հայտարարում էին, թե Սուրիկ Խաչատրյանն իրոք շատ ջղայնացել է Զարզանդի վրա:

Մարզպետի դեմ մահափորձի գործով անցնող Գարեն Աթաջանյանը, ինչպես «Ազատությանը» փոխանցեց նրա որդին, Կապանի հացի գործարանի տնօրենն է, և Խաչատրյանների հետ երբեք լարված հարաբերություններ չեն ունեցել, որևէ խնդիր չեն ունեցել: Մտերիմ չեն եղել, բայց «ինչ հարց եղել ա, դիմել ենք էդ մարդուն, օգնել ա մեզ»:

Մայիսի վերջին Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրվել սպանության պատվերով ապօրինաբար երկու անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և զինամթերք ձեռք բերելու և պահելու համար:

Փաստաբան Հովհաննիսյանն այսօր նույնպես հանդիպել էր իր պաշտպանյալին, ասաց, որ Աթաջանյանը հերքում է մեղադրանքը: Կալանավորման որոշումը բողոքարկել են վերաքննիչ ատյանում․ - «Եթե ոչ իրավաբանորեն, մի քիչ գեղարվեստորեն ասած լինեմ, դա ավելի շուտ վարկածի հիման վրա կազմված մեղադրանքի որոշում է, քան թե քրեական գործի նյութերից բխող մեղադրանքի որոշում: Քանի որ նյութերում անգամ ակնարկ չկա, անգամ խոսք չկա այն մասին, որ պաշտպանյալս մասնակից է եղել կամ առնչակից է եղել սպանության փորձին կամ իր տանը պահվող զենքին կամ զինամթերքին: Ամբողջը վարկած է»:

XS
SM
MD
LG