Մատչելիության հղումներ

Կոստանյան․ Ոճրագործը պատասխանատվության և պատժի է ենթարկվելու ՀՀ տարածքում


Կոստանյան․ Ոճրագործը պատասխանատվության և պատժի է ենթարկվելու ՀՀ տարածքում
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00

Հայաստանի ամբողջ իշխանությունը, ամբողջ իրավական համակարգը հետևողական է լինելու այս հարցում, վստահեցնում է գլխավոր դատախազը:

Գյումրիում դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ռուսական դատարանի որոշմամբ կալանավորված է և շարունակում է գտնվել ռուսական ռազմաբազայի տարածքում:

Չնայած երեկ գյումրեցիները բազմամարդ բողոքի ակցիա անցկացրին՝ պահանջելով նրան հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին, այսօր Գյումրիում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ այդ ցույցերը որևէ բան չեն փոխի:

«Դա օգուտ չի տալու երբեք, ուզում է՝ շատ ավելի բազմամարդ լինի, ուզում է՝ ընդհանրապես բազմամարդ չլինի, ուզում է՝ ընդհանրապես որևէ հանրահավաք չլինի, մենք իրականացրել ենք և իրականացնում ենք մեր գործառույթը», - ասաց Կոստանյանը:

Գլխավոր դատախազը պնդեց, որ Պերմյակովը ռուսական կողմին է հանձնվել, քանի որ հայտնաբերվել է ռուս սահմանապահների կողմից, սակայն չհամաձայնեց դիտարկմանը, թե այդ օրը Հայաստանի իրավապահները բավարար օպերատիվ-որոնողական աշխատանքներ չեն իրականացրել: Նա ասաց, թե հայաստանցի իրավապահները աշխատել են համագործակցելով նաև ռուսների հետ:

Կոստանյանը ևս մեկ անգամ հավաստիացրեց, թե հայկական կողմը շարունակում է քննել սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը:

Միաժամանակ պարզ դարձավ, որ հայ իրավապահները Պերմյակովի առաջին հարցաքննությունը կիրականացնեն միայն այսօր՝ դեպքից երեք օր անց, ռուսական բազայի տարածքում․ - «Մենք դեռևս տվյալ անձին մեր քրեական գործով չենք հարցաքննել, և այսօր մեր քննիչները համապատասխան հարցաքննությունները կիրականացնեն, և այնուհետև մենք կգնահատենք, թե կոնկրետ ինչ ցուցմունք է տվել և կհամադրենք այլ ապացույցների հետ»:

Հայաստանի գլխավոր դատախազը այսօր վերահաստատեց նախօրեին իր արած հայտարարությունը, որ հունվարի 12-ին Գյումրիում ոճրագործությունը կատարած անձը պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի տարածքում:

Մինչ հայ իրավապահերը կմտնեն ռուսական բազա, կհարցանքնեն ու կառաջադրեն մեղադրանքը, ռուս իրավապահներն արդեն արել են դա՝ մեղադրանք առաջադրելով ոչ միայն դասալքության, այլև սպանության հատկանիշներով: Ուշագրավն այստեղ այն է, որ սպանությանն առնչվող բոլոր ապացույցները գտնվում են հայկական կողմում: Գլխավոր դատախազը չկարողացավ պարզաբանել, թե ինչ հիմքով է ռուսական կողմը սպանության հատկանիշներով մեղադրանք առաջադրել․ - «Դեպքի վայրի զննությունը իրականացվել է Հայաստանի Հանրապետության քննիչների կողմից: Դեպքի վայրի զննություն Ռուսաստանի Դաշնության քննիչների կողմից չի իրականացվել: Հետևաբար բոլոր առարկաները և իրերը, որոնք առգրավվել են, գտնվում են Հայաստանի Հանրապետության քննիչների կողմից հարուցված քրեական գործին կցված: Այսինքն, Ռուսաստանի կողմից հարուցված քրեական գործի սահմաններում որևէ ապացույց սպանության փաստերի կապակցությամբ, որևէ իրեղեն ապացույց, առարկա չկա: Թե ինչի հիման վրա են նրանք մեղադրանք առաջադրել նաև սպանության փաստի կապակցությամբ, ես չեմ կարող մեկնաբանել»:

Ասուլիսի ընթացքում Երևանից Գյումրի եկած գլխավոր դատախազը շարունակ հորդորում էր հանգիստ լինել և հավատալ, որ Պերմյակովը պատժվելու է օրենքի ողջ խստությամբ: Սակայն, չնայած լրագրողների համառորեն հնչեցվող հարցերին, Կոստանյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ի վերջո ով է դատելու, որ երկրի դատարանն է որոշելու Պերմյակովի պատիժը՝ ասելով․ - «Քրեական գործը կքննվի, ամեն ինչը կպարզվի: Հիմա դուք ասում եք՝ որտե՞ղ է դատական նիստը լինելու, որտե՞ղ է պատիժ կրելու․․․ Երբ որ կհասնենք այդ պրոցեսին, այդ պրոցեսի սահմաններում նոր քննարկման առարկա կդարձնենք, ձեզ էլ կտեղեկացնենք»:

Գլխավոր դատախազը հայտարարեց, որ այսօր ամբողջ օրը Գյումրիում է լինելու:

Նշեմ, որ երեկ ցուցարարները նրան վերջնաժամկետ էին տվել պատասխանելու մեկ հարցի՝ արդյո՞ք Պերմյակովը կհանձնվի հայկական կողմին: Հարցի պատասխանը նրանք կստանան հենց դատախազության մոտ կազմակերպած հավաքում:

Ինչ վերաբերում է երկու օր առաջ Հայաստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ Գյումրիի սպանդի գործով հիմնական կասկածյալ, այժմ արդեն՝ մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, Կոստանյանը պարզաբանեց, որ հունվարի 12-ի ոճրագործությունը «երկակի հանցագործություն է» և ընդգրկում է թե՛ ռուսական ռազմակայանի զինծառայողի կողմից կատարված և Ռուսաստանի օրենսդրությամբ պատժվող զինվորական հանցագործություններ և թե՛ Հայաստանի տարածքում կատարված ու Հայաստանի քրեական օրենսդրությամբ պատժվող հանցագործություն:

Վերստին շեշտելով, որ իրենք չեն պատրաստվում որևէ մեկին զիջել իրենց իրավազորությունը՝ գլխավոր դատախազը վստահեցրեց, որ Հայաստանի ամբողջ իշխանությունը, ամբողջ իրավական համակարգը հետևողական է լինելու այս հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG