Մատչելիության հղումներ

Խորհրդարանական չորս ուժերը պահանջում են փոխոստիկանապետի պաշտոնանկությունը


Խորհրդարանական չորս ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը և «Օրինաց երկիր»-ը, պահանջում են պաշտոնանկ անել փոխոստիկանապետ, Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին:

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը արդեն երկրորդ օրը բոյկոտող ուժերը մտահոգություն ունեն, որ այսօր իշխանության ընդդիմախոսների «ականջները կտրել» սպառնացող փոխոստիկանապետը վաղը կարող է Ոստիկանության ուժերը դուրս բերել ժողովրդի դեմ:

Այս մտահոգությունը այսօր հրավիրված համատեղ ասուլիսում հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը․ - «Պետք է պատժվի փոխոստիկանապետը, որը բավականին կոպիտ, սպառնացող հայտարարությամբ հանդես էր եկել, ինչը նշանակում է, որ ինքը ցանկացած պահի, ունենալով զորք, իր այդ սպառնալիքը զենքով իրականացնել: Դժբախտաբար մեր պատմությունը ունի նման ողբերգական նախադեպեր»:

Երեկ, հիշեցնենք, խորհրդարանական մեծամասնությունը՝ իշխող ՀՀԿ-ն տապալեց բռնության ենթարկված Արամ Մանուկյանի, ինչպես նաև վերջին շրջանում տեղ գտած մյուս բռնությունների հարցով ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը: Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀԱԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունները հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով սեղմ ժամկետներում պատժել այդ հանցագործությունների կազմակերպիչներին ու կատարողներին, ինչպես նաև բռնության կոչերի համար պաշտոնանկ անել Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին:

Այսօրվա ասուլիսում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իշխանությունների պահվածքը ցույց է տալիս, որ հակված չեն Երանոսյանին պաշտոնանկ անել, այլապես չէին բավարարվի միայն նկատողությամբ․ - «Պատրաստ էինք նաև արտահերթ նիստի ընթացքում հրավիրել նշյալ փոխոստիկանապետին, և միգուցե ինքը վկայակոչեր «Ոստիկանության մասին» օրենքում կամ հարակից այլ օրենքներում որևէ դրույթ, որը իրեն իրավունք է վերապահում ասելու, որ թուլի նման կկտրի ցանկացածի ականջը այս կամ այն հայտարարությունը անելու դեպքում»:

Զոհրաբյանը հակադարձեց նաև Հանրապետականի այն պնդումներին, թե վերջին շրջանի բռնությունների հետևում կանգնած են այլ ուժեր, և այս ամենն ուղղված է իշխանությունների դեմ: Նա նշեց, որ եթե իրոք այդպես է, ապա Հանրապետականն առաջինը պետք է շահագրգռված լիներ, որ արտահերթ նիստը հրավիրվեր և այդ հարցերը քննարկման առարկա դառնային: Մինչդեռ նրանք տապալեցին արտահերթ նիստը:

«Եթե հերթական անգամ իրենք փախնում են բաց, հրապարակային քննարկումից, դա մեկ բանի վկայությունն է․ որ հայտարարությունները, որ այս ամենն ուղղված է իշխանության դեմ, որ այս ամենը իշխանության ձեռքի գործը չէ, ընդամենը մերկապարանոց հայտարարություններ են», - եզրակացրեց պատգամավորը:

ՀԱԿ խմբակցությունից Գագիկ Ջհանգիրյանը խոսեց իր գործընկեր Արամ Մանուկյանի դեմ կատարված բռնության վերաբերյալ՝ տեղեկացրեց, որ անձամբ դիտել է տեսաերիզը և եկել է այն եզրահանգման, որ հանցագործը միայնակ չի գործել, իսկ իշխանությունն ուղղակի հովանավորում է այդ հանցագործին․ - «Ես հանգամանքների բերումով դիտել եմ այն տեսաերիզը, որը պատկերում է, թե ինչպես է հանցագործը մուտք գործում այդ շքամուտք, և ընդամենը կես րոպե հետո հետևից ներս է մտնում Արամ Մանուկյանը և այդտեղ էլ ստանում է այդ շատ ուժգին հարվածը, որի արդյունքում Արամ Մանուկյանը կորցնում է գիտակցությունը և վայր է ընկնում: Բնականաբար, այդ անձը չէր կարող գործել միայնակ, որովհետև ակնհայտ է, որ Արամ Մանուկյանին հետևել են, արտաքին դիտում է իրականացվել, նրան ուղեկցել են»:

Այս իրավիճակում կատարված հանցագործությունը որակել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ առողջությանը թեթև վնաս հասցնելը, նախկին զինդատախազն անընդունելի է համարում: Նա ընդգծեց, որ տոմոգրաֆիկ հետազոտությունը արձանագրել է ուղեղի ցնցում, և բժշկությունից հասկացող ցանկացած ոք հասկանում է, որ Արամ Մանուկյանին պատճառվել է ոչ թե թեթև, այլ առնվազն միջին ծանրության վնասվածք:

«Ձերբակալել և ընդամենը երկու օր հետո բաց թողնել այդ հանցագործին, կարծում եմ, ոչ միայն իրավաբանորեն է սխալ, այլ նաև ցույց է տալիս, որ հանցագործը ուղղակի հովանավորվում է իշխանությունների կողմից», - ամփոփեց Ջհանգիրյանը:

Նշենք, ի դեպ, որ այսօր համատեղ նիստից հետո չորս խմբակցությունների անդամները քննարկում են ունեցել ՀՅԴ խմբակցության հետ: Ինչպես պարզաբանեց Աղվան Վարդանյանը (ՀՅԴ), Դաշնակցությունը կարծում է, որ դեռևս կորսված չէ Արամ Մանուկյանի դեմ իրականացված բռնության, ինչպես նաև մյուս բռնարարքների հարցով արտահերթ նիստ անցկացնելու ու դատապարտող հայտարարություն ընդունելու հնարավորությունը: Այդ ուղղությամբ ՀՅԴ-ն բանակցություններ է վարում խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ:

Նաիրա Զոհրաբյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Դաշնակցության առաջարկած դատապարտող հայտարարության տեքստը իրենց համար անընդունելի է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG