Մատչելիության հղումներ

logo-print

Ծեծի է ենթարկվել ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը


Քիչ առաջ իր տան մուտքի մոտ ծեծի է ենթարկվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հայ ազգային կոնգրես կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը մեզ հետ զրույցում միջադեպից որոշ մանրամասներ փոխանցեց: Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել շենքի մուտքում: Գլխարկով անհայտ անձը, առանց որևէ խոսքի կամ բացատրություններ ներկայացնելու, հարվածներ է հասցրել պատգամավորի դեմքին: ՀԱԿ խոսնակը միջադեպը կապում է Արամ Մանուկյանի քաղաքական գործունեության հետ` միաժամանակ նշելով, որ վերջին օրերին որևէ ահազանգ կամ սպառնալիքներ պատգամավորը չի ստացել:

Մուսինյանը պատմեց, որ շենքի մուտքում տեղադրված է եղել տեսախցիկ, և հնարավոր է, որ հանցագործությունը տեսագրված լինի: Նա նշեց, որ Մանուկյանի դեմքը ուժեղ այտուցված է: Այժմ նա բացատրություններ է տալիս ոստիկանության քննիչներին, ինչից հետո հայտնի կդառնա բժշկական զննության հարցը:

Շենքի բակում կուտակված են մեծ թվով իրավապահներ, ինչպես նաև ՀԱԿ համակիրներ:

Արամ Մանուկյանը խնդրեց չտեսանկարահանել իրեն` նպատակահարմար չհամարելով հանրությանը ցուցադրել բռնության հետքերը:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասաց, որ գործ ունենք ահաբեկչական շղթայի հետ` նկատի ունենալով վերջին օրերին բռնության ենթարկված ազատամարտիկներին և այսօրվա դեպքը:

Զուրաբյանը շեշտեց, որ սա իշխանությունների և անձամբ Սերժ Սարգսյանի կազմակերպածն է:

Ոստիկանների հետ զրուցելուց հետո Արամ Մանուկյանը գնաց բուժզննման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG