Մատչելիության հղումներ

Բռնությունների հետևում իշխանությանը տեսնելը ՀՀԿ-ն «զառանցանք» է համարում


Ավելին՝ Հանրապետականները չեն բացառում, որ տեղի ունեցած բռնությունների միջոցով ոմանք փորձում են հանրությանը տրամադրել իշխանությունների դեմ:

Իշխող Հանրապետականը զառանցանք է համարում ընդդիմադիրների գնահատականները, թե վերջին շրջանում տեղի ունեցող բռնությունների հետևում կանգնած է իշխանությունը և, մասնավորապես, Սերժ Սարգսյանը:

Ավելին՝ Հանրապետականները չեն բացառում, որ տեղի ունեցած բռնությունների միջոցով ոմանք փորձում են հանրությանը տրամադրել իշխանությունների դեմ: Նրանք դժվարանում են ասել, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետևում, սակայն, ինչպես նշեց ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այդ հարցի պատասխանը կտան իրավապահները:

«Ազատության» հետ զրույցում ի պատասխան հարցին, թե ինչով են պայմանավորված այդ բռնարարքները, Բաղդասարյանն արձագանքեց․ - «Այ դա ինձ ավելի է հետաքրքրում: Եվ ոչ միայն ինձ, այլև հանրապետականներին: Որ մեր դեմ այդպիսի բաներ են ցանկանում լարել, որ հետո վերագրեն մեզ»:

Հարցին, թե ում կողմից է դա արվում, նա պատասխանեց․ - «Կարող է նաև անձնական խնդիրներ լինի: Դա կպարզվի: Բայց եթե անձնական չի, շատ վատ է, որ անձնական չի»:

Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես չի բացառում, որ ազատամարտիկների և ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ իրականացված բռնությունների միջոցով փորձ է արվում հանրությանը տրամադրել իշխանության դեմ: Շարմազանովն ընդգծում է՝ ցանկացած գործողություն, որը միտում ունի ապակայունացնել իրավիճակը կամ դժգոհություն առաջացնել հասարակության մեջ՝ ձեռնտու չէ առաջին հերթին հենց իշխանություններին:

«Ազատության» հետ զրույցում նա նույնպես չկարողացավ ասել, թե ում կողմից է դա արվում․ - «Ես չեմ կարող ասել: Անլուրջ կլինի, եթե ես սկսեմ հիմա տեսական գնահատականներ հնչեցնել: Յուրաքանչյուրս կարող ենք բազմաթիվ տեսական գնահատականներ հնչեցնել․․․ Հանրապետականը չպիտի պարզի․ պետք է պարզեն համապատասխան մարմինները, որոնք էլ պարզում են, աշխատում են: Եվ մեծ պրոբլեմ դրանից սարքել․․․ Իհարկե, տեղի ունեցածը տհաճ է, տեղի ունեցածը դատապարտելի է: Բայց տենց ամպագոռգոռ հայտարարություններ անել, հետո էլ ասել՝ չենք մասնակցում․․․ Մի՛ մասնակցեք․․․ Իրենց պատրվակ էր պետք նիստին չմասնակցել, թող չմասնակցեն: Անելիք չունեին այլևս: Իրենք էլ էին ընդունում, որ քաղաքական աշունը պրծել ա, գնում են դեպի նոր տարի: Առիթ է՝ մի երկու օր ավելի կխոսեն: Ես տենց եմ հասկանում»:

Իսկ գնահատականը, թե այս ամենի հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը, Շարմազանովը «զառանցանք» որակեց․ - «Ով որ կարծում է, որ այս ամենի հետևում են կանգնած է իշխանությունը և, մասնավորապես, նախագահը, դա զառանցանք է, պրիմիտիվ զառանցանք»։

Հիշեցմանը, որ ընդդիմադիրները ասում են՝ եթե նախագահը կապ չունի, թող հրապարակայնորեն դատապարտի տեղի ունեցածը, Շարմազանովը հակադարձեց․ - «Դատապարտել ա կուսակցության խոսնակը: Անձամբ կուսակցության անունից: Կարո՞ղ ա իրանք պտի որոշեն նախագահն ինչ ասի: Իրանք սկի չեն կարող որոշել իրանց տունը ինչ ըլնի, իրանց կուսակցությունում ինչ ըլնի․․․ Մնում էր մեզ ասեին մենք ինչ անենք»:

Ազգային ժողովի փոխխոսնակը նաև անընդունելի համարեց ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի ու ՕԵԿ-ի կողմից այսօրվա արտահերթ նիստը բոյկոտելու որոշումը: Շարմազանովի խոսքով՝ ոչ իշխանական ուժերի այս վերաբերմունքից հետո որևէ իմաստ չկա Արամ Մանուկյանի և երկրում տեղի ունեցած մյուս բռնությունների հարցով առանձին արտահերթ նիստ հրավիրել:

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիրների այն պահանջին, որ պետք է նիստը ընդհատվեր և այլ հարցով արտահերթ նիստ հրավիրվեր, ապա, խորհրդարանի փոխխոսնակի ձևակերպմամբ՝ դա անգրագիտություն է, քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը նման հնարավորություն չի տալիս․ - «Ես՝ որպես խմբակցության ներկայացուցիչ, գտնում եմ, որ այս պահին նիստ հրավիրելու կարիք չկա, մանավանդ՝ իրենց նման պահվածքից հետո: Դրանից հետո, երբ որ Ազգային ժողովի նախագահն ասեց՝ չեմ բացառում, որ նաև 6-ն անց 30 հրավիրենք արտահերթ նիստ, իրանք վարման կարգով վերցրեցին և մեկնած ձեռքը խփեցին, ասին՝ մենք գնում ենք․․․»

Ոչ իշխանական ուժերի պատգամավորների պահվածքը նա որակեց «պարզ քաղաքական կապրիզ»․ - «Այսինքն, իրանց նպատակը ոչ թե խնդրի քննարկումն ա և որևէ դատապարտող հայտարարություն անելն ա, այլ ցույց տալ, որ, գիտեք՝ էս իշխանություններն ինչ վատն են, ժողովուրդ ջան, մենք ուզում էինք հենց հիմա այս հարցը քննարկել, իրանք թույլ չտվեցին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG