Մատչելիության հղումներ

Փաշինյանն առաջարկում է Շանթ Հարությունյանին «քաղբանտարկյալ» ճանաչել


Փաշինյանն առաջարկում է Շանթ Հարությունյանին «քաղբանտարկյալ» ճանաչել
please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00

Հարությունյանին և ընկերներին «քաղբանտարկյալ» են համարում նաև Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգությունը»։

Այսօր Ազգային ժողովում մի շարք պատգամավորներ անդրադարձան Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատավճռին՝ այն համարելով անարդար, իսկ ճաղերի ետևում հայտնված 12 քաղաքացիներին անվանելով քաղբանտարկյալ։

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահին առաջարկեց կազմակերպել լսումներ «Քաղաքական դատավարությունները Հայաստանում» թեմայով։

«Որպեսզի մենք հնարավորություն ունենանք հիմնավորել մեր տեսակետները, թե ինչու ենք այդ մարդկանց համարում քաղբանտարկյալ և ինչու նրանք, ովքեր քաղբանտարկյալ չեն համարում, այդ դիրքորոշումն ունեն։ Հանրության համար պարզ կդառնա, թե ի վերջ որ տեսակետն է առավել հիմնավոր»,- ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այս հարցն այնքան հրատապ է, որ չեն կարող սահմանափակվել հայտարարություններ անելով.- «ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն իմանալ, թե ինչու համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում, որպեսզի այդ մարդիկ անհապաղ հայտնվեն անազատության մեջ։ Մանավանդ, մենք գիտենք, այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր մարդասպանություն են գործել և ոչ միայն բանտում չեն գտնվում, այլև իշխանության ամենավերին օղակների կողմից ստանում են բարձրագույն պաշտոններ»,- ասաց Փաշինյանը։

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ընդունեց նրա առաջարկը, բայց անդրադառնալով քաղբանտարկյալների հարցին՝ նշեց, թե Հայաստանում որևէ մեկին որպես քաղաքական բանտարկյալ դիտելու փորձ երբևէ չի եղել, այլ տվյալ մարդուն վերագրվում է քրեական օրենսգրքով նախատեսված հոդված։ Փաշինյանը հակադարձեց, որ խորհրդային ժամանակներում էլ քաղաքական հանցագործությունների օրենսգիրք գոյություն չուներ, իսկ քաղաքական բանտարկյալներ կային։

«Բոլոր երկրներում էլ քաղաքական բանտարկյալները քրեական հոդվածներով են դատապարտվում»,- ընդգծեց նա։

Շանթ Հարությունյանին ու ազատազրկված նրա 11 ընկերների գործով դատավճռին փորձեց անդրադառնալ նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. նախ ասաց, որ ուրբաթ օրվա դատավճռից դատելով Հայաստանում նորից կան քաղբանտարկյալներ, ապա հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հարց ու պատասխանը ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում, որտեղ նախագահն ասել է, որ Շանթ Հարությունյանը հանցանք է գործել։ Այդ պահին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարգադրեց անջատել պատգամավորի խոսափողը։

Հաջորդ անգամ ձայնի իրավունք ստանալով Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչու են խոչընդոտում իր աշխատանքը։ Գալուստ Սահակյանն արձագանքեց, թե օրակարգում նման հարց չունեն։ Ազգային ժողովի նախագահը թեմային, այնուամենայնիվ, անդրադարձավ արդեն խորհրդարանի միջանցքում՝ կտրուկ դեմ արտահայտվելով Հարությունյանին ու նրա ընկերներին քաղբանտարկյալ անվանելուն։

«Մեզանում երբևիցե քաղբանտարկյալներ չեն լինի, որովհետև դա եկել է սովետական միությունից, իսկ իմ քաղաքական ըմբռնումների վրա մեծ ազդեցություն են ունեցել նույն քաղբանտարկյալները»,- ասաց Սահակյանը։

Քաղբանտարկյալի թիկնոցը մեր ժամանակների համար չէ, շարունակեց Գալուստ Սահակյանը։ Քաղբանտարկյալները ընդհատակյա գործունեություն ծավալողներն էին, խորհրդային ժամանակները հիշեց ԱԺ նախագահը.- «Ով ինչ ուզում է խոսում է, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը։ Էստեղ քաղբանտարկյալի խնդիր չկա, քանի որ ես ինքս շատ լավ եմ ճանաչում Շանթին և շատ ցավում եմ միջադեպի համար։ Երկար փորձությունների, խոչընդոտների, տանջանքների ճանապարհ է քաղբանտարկյալ լինելը»։

Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարելու վերաբերյալ հայտարարություններ են տարածել նաև ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրես խմբակցությունները։ «Ժառանգությունը» նշել է, որ հասարակության մի պատկառելի հատված այս դատավարությունից ակնկալում էր ամբաստանյալների արդարացման վճիռ, սակայն դատավարությունը դեռ չավարտված Կոլումբիայի համալսարան Սերժ Սարգսյանն իր ելույթում կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը և ներկայացրեց մեղադրանք-վերջնագիր։

Իսկ ՀԱԿ-ի հայտարարությունում նշված է, որ 12 քաղաքացիների գործը լիովին համապատասխանում է ԵԽԽՎ-ի բանաձևերից մեկի այն չափանիշին, ըստ որի ազատազրկված անձը պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ», եթե «քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է մեղավոր կամ կասկածյալ»:

XS
SM
MD
LG