Մատչելիության հղումներ

Մեղադրական դատավճիռ՝ «Արժեքների հեղափոխության» գործով


Խիստ պատժաչափեր Շանթ Հարությունյանի և ընկերների գործով
please wait

No media source currently available

0:00 0:02:03 0:00

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո խուլիգանության մեջ մեղադրված Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատավճիռը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով անցյալ տարվա նոյեմբերի 5-ին բողոքի ակցիա անցկացնելուց հետո կալանավորված Շանթ Հարությունյանին: Նրա 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, 4 տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն դատարանի որոշմամբ պատանու ազատազրկման որոշումը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ:

Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատավճռի հրապարակումը
please wait

No media source currently available

0:00 0:00:56 0:00

Շանթ Հարությունյանի գաղափարակից մյուս ընկերներից առավել խիստ պատիժների դատապարտվեցին Վահե Մկրտչյանը՝ 7, Ալբերտ Մարգարյանը՝ 6, պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Ավետիս Ավետիսյանը՝ 5-ական տարվա ազատազրկման: 4.5 տարվա ազատազրկման դատապարտվեց Հայկ Հարությունյանը, 4-ական տարվա ազատազրկման՝ Ալեք Պողոսյանը և Մկրտիչ Հովհաննիսյանը: Արմեն Հովհաննիսյանը, ով 20 տարի ծառայել է հայկական բանակում, դատապարտվեց 2 տարվա, Սևակ Մնացականյանը՝ 1.5, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման: Միսակ Առաքելյանի նկատմամբ դատարանը որոշեց կիրառել տուգանք:

«Դատարանը պետք է ճանաչեր բոլոր անձանց անմեղությունը»

Դատավճռի հրապարակման պահին քաղաքացիները «ամոթ» վանկարկումները հասցեագրեցին դատավոր Մնացական Մարտիրոսյանին և մեղադրող Գևորգ Գևորգյանին: Շանթ Հարությունյանի պապիկը հայտարարեց․ - «Սա բռնապետություն է, պետություն չէ»:

Շանթ, Շահեն Հարությունյանների և Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը դատավճռից հետո հայտարարեց․ - «Դատարանը պետք է ընդամենը ճանաչեր, որ նրանք իրենց քաղաքական հայացքների համար դուրս էին եկել և պետք է ճանաչեր բոլոր անձանց անմեղությունը»:

Շահեն Հարությունյան․ «Դաժան ու խիստ պայքար եմ տանելու»

Շահեն Հարությունյան․ «Դաժան ու խիստ պայքար եմ տանելու»
please wait

No media source currently available

0:00 0:01:28 0:00

15-ամյա Շահեն Հարությունյանը դատավճռի հրապարակումից հետո «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Իրենց թվում է, որ իմ նկատմամբ 4 տարվա պայմանական ազատազրկում կիրառեցին՝ պիտի գնամ, տանը խելոք նստեմ, իրենց ուզած խելոք երեխան դառնամ: Բայց այդպիսի բան չի կարող պատահել: Ես պայքարելու եմ, դաժան ու խիստ պայքար եմ տանելու, շարունակելու եմ իրենց պայքարը»:

Ըստ Շահեն Հարությունյանի, ամբաստանյալի աթոռին պետք է նստած լինեին ոչ թե ինքը, հայրն ու ընկերները, այլ իշխանությունները․ - «Հայաստանի ներկա իրավիճակի համար, թեկուզ եվ մաքսայինի գաղութացման պայմանագիրը ստորագրելու համար: Հուսով եմ՝ դրա ժամանակն էլ կգա»:

Դատարանից ճանապարհեցին «հերոսներ» վանկարկումներով
please wait

No media source currently available

0:00 0:00:19 0:00

«Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով անցյալ տարվա նոյեմբերի 5-ի գործով դատապարտված քաղաքացիներին նրանց գաղափարակիցները դատարանից ճանապարհեցին «հերոսներ» վանկարկումներով:

Ոստիկանությունը պատնեշներ էր շարել, որպեսզի քաղաքացիները չխանգարեին կալանավայրեր տեղափոխող մեքենայի ընթացքը:

Դատավճռից առաջ

Կենտրոնի դատարանում նոյեմբերի 5-ի գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհրդակցական սենյակ մտավ անսպասելի, այն պահին, երբ Շանթ Հարությունյանը պնդում էր, որ դեռ չի ավարտել իր վերջին խոսքը: Շանթ Հարությունյանի վերջին խոսքը տևեց մեկուկես ժամ:

Դատավորն անընդմեջ հորդորում էր խոսել ըստ էության: Շանթ Հարությունյանն իր քաղաքական և քաղաքացիական պայքարի հիմքում չէր մոռանում նշել կարդացած գրքերը, պատմական դասերը: Դատավորը, ի վերջո, թույլ չտվեց, որ Շանթ Հարությունյանն ավարտի վերջին խոսքը:

Դատարան չհրավիրեցին Սերժ Սարգսյանին

Այսօր Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդեց դատաքննությունը վերսկսել, հետազոտել Կոլումբիայի համալսարանում Շանթ Հարությունյանին հանցագործ համարելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը պատկերող տեսաերիզը: Շանթի փաստաբանը միջնորդեց դատարանում որպես վկա հարցաքննել Սերժ Սարգսյանին․ - «Նախագահին, փաստորեն, հայտնի են այնպիսի հանգամանքներ, որոնց աղբյուրը ճշտելու համար ես գտնում եմ, որ վերջինս դատարանում պետք է հանդես գա և հարցաքննվի»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, մերժելով միջնորդությունը, պատճառաբանեց, թե պաշտոնատար անձանց հայտարարությունները «հիմք չեն դատավարությունը վերսկսելու համար»:

Ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը հարցադրում հնչեցրեց՝ «Այսինքն ստացվում է, որ նախագահի ասածը ասնավանի չի՞»:

Ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ Կոլումբիայի համալսարանում Շանթ Հարությունյանին հանցագործ որակելով՝ Սերժ Սարգսյանը չարաշահել է պաշտոնական դիրքը: Արա Զաքարյանը հորդորեց, որ դատարանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը պատկերող տեսանյութն ուղարկի դատախազություն, որպեսզի դատախազությունն իրավական գնահատական տա նախքան դատավճիռը նրա արած հայտարարությանը: Դատարանն այդ պահանջը չքննարկեց:

Քաղաքացիների պահանջը

Շանթ, Շահեն Հարությունյանների և Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը նաև դատարանին ներկայացրեց 10 հազար քաղաքացու ստորագրություն՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» պահանջով: Հայտարարությանը միացած քաղաքացիները պահանջում են դադարեցնել քաղաքական հետապնդումը և ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Ամենածանր պատժի սպառնալիքի, կալանքի պայմաններում իր քաղաքացիական պայքարը շարունակող, ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքով խուլիգանության և ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Վահե Մկրտչյանը բացատրեց Շանթի «արժեքների հեղափոխությանը» միանալու անհրաժեշտությունը: Հիշեցրեց, որ կյանքի գնով է պայքարել Հայաստանի սահմանների պաշտպանության համար, իսկ հետո հեղափոխության է դուրս եկել, քանի որ այլ տարբերակ չկա:

«Ոչ թե ճառ ասող է, այլ զանգ կախող»

Դատախազն 8 տարվա ազատազրկում էր պահանջել ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքով խուլիգանության և ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Ալբերտ Մարգարյանի համար: Նա ճառով հանդես գալով՝ իրավական հարցերին չցանկացավ անդրադառնալ, քաղաքական դրդապատճառներով բացատրեց ինչպես իրենց պայքարը, այնպես էլ հիմա իրականացվող քրեական հետապնդումը:

Միսակ Առաքելյանի համար մեղադրողը պահանջել էր տուգանք: Նա ասաց՝ ոչ թե ճառ ասող է, այլ զանգ կախող:

Հայկական բանակում 20 տարի ծառայած մայոր Արմեն Հովհաննիսյանն իր վերջին խոսքում դիմեց դատավորին և ասաց՝ դատավճռով ոչ թե իրենց ճակատագիրն է որոշվելու, այլ Հայաստանի քաղաքական ապագան:

Տիգրան Պետրոսյանը ծիծաղելի համարեց խուլիգանության մեղադրանքը:

Վարդան Վարդանյանն իր վերջին խոսքում հեգնանքով իրեն մեղավոր համարելու տարբեր պատճառներ նշեց․ - «Ես ինձ մեղավոր եմ ճանաչում մեր զոհված և դեռևս չզոհված ընկերների առաջ, որոնց անավարտ իղձերն ու երազները անկատար թողեցինք, որովհետև սա մեր երազած հայրենիքը չէ: Նույնիսկ մղձավանջի ժամանակ չէինք կարող պատկերացնել, որ համազգային նվիրումի և նվիրյալների արյունով ձեռք բերված և պահպանված անկախությունը այսպես հեշտությամբ կծախվի Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին»:

Մինչ այդ մեղադրող Գևորգ Գևորգյանը վերահաստատել էր, թե Շանթն ու ընկերները խուլիգանություն են կատարել, քանի որ նրանց մոտ եղել են դյուրավառ նյութեր և ինքնաշեն փայտեր:

Ալեք Պողոսյանն ասաց՝ թեև հիմա իր անչափահաս 5 երեխաների հետ շփումներից է զրկվել, Հայաստանի ներկա պայմաններում պայքարելու է մինչև վերջ․ - «Բայց ես պայքարելու եմ, ինչքան էլ ինձ դատավորը դատի, միևնույնն է՝ ես չեմ ուղղվելու, պարոն դատավոր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG