Մատչելիության հղումներ

Նախարարը համոզված է, որ Շանթի գործով վճիռը կբողոքարկվի


Հայաստան -- Շանթ Հարությունյանը և նրա անչափահաս որդին` Շահենը, դատական նիստի ժամանակ, արխիվ

Հայաստան -- Շանթ Հարությունյանը և նրա անչափահաս որդին` Շահենը, դատական նիստի ժամանակ, արխիվ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այսօր հրաժարվել է մեկնաբանել Շանթ Հարությունյանի ու ընկերների գործով երեկ կայացված դատավճիռը։

«Ես այս պահին ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալուց, որովհետև այդ դատական ակտը օրինական ուժի մեջ մտած չէ: Ենթադրում եմ, որ այդ դատական որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարան, և դա նկատի ունենալով` ես, նպատակ ունենալով զերծ մնալ որևէ ազդեցությունից դատական համակարգի նկատմամբ, մասնավորապես վերաքննիչ դատարանի նկատմամբ, ես այս պահին դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ անի», - Գյումրիում լրագրողներին ասել է նախարարը:

Շանթ Հարությունյանին ու նրա դատապարտված համախոհներին քաղբանտարկյալներ համարող մի շարք իրավապաշտպաններ, մինչդեռ, խստորեն քննադատում են դատավճիռը՝ այն որակելով որպես Հայաստանի նախագահի վրեժխնդրության գործողություն։

«Հայ իրականության մեջ նման անբարո դեպք չեմ տեսել», - ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք` երեկ երեկոյան Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 1-7 տարվա ազատազրկման դատապարտեց անցած նոյեմբերին «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով բողոքի ակցիա նախաձեռնած Շանթ Հարությունյանին, նրա անչափահաս որդուն ու 12 ընկերներին։ Շանթի 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, 4 տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն դատարանի որոշմամբ պատանու ազատազրկման որոշումը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վրդովված է կատարվածից՝ ընդգծում է, որ շաբաթներ առաջ Կոլումբիայի համալսարանում Շանթ Հարությունյանին հանցագործ անվանած Սերժ Սարգսյանն է հավանություն տվել այս վճռին, ինչը, նրա գնահատմամբ, վրեժխնդրություն է։ Դրանով, ըստ Ալեքսանյանի, դատարանին թույլ է տրվել հանցագործության պիտակ կպցնել նաև Հարությունյանի անչափահաս որդուն՝ Շահենին։ Հորը պաշտպանելու համար որդուն այսպիսի խստությամբ դատապարտելու այլ դեպք իրավապաշտպանը չի հիշում:

«Սրբություն պետք է ունենալ` որևէ սրբություն չկա այլևս: Իսկ պատասխան տվե՞լ է Սերժ Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելու, Վաղարշ Աբրահամյանի այդ խուլիգանական վարքագծին գնահատական տրվե՞լ է, Կարո Կարապետյանը, երբ որ դատարանում պահում է իրեն անվայել, ասում է` ես օրենքն եմ, գլխավոր դատախազը վատ չի՞ զգում իրեն, երբ ինչ-որ մեկը իրեն օրենք է հայտարարում», - մեկնաբանում է նա:

Իրավապաշտպանների համոզմամբ, դատարանն իրականում չկարողացավ ապացուցել, որ Շանթ Հարությունյանն իր ընկերների հետ ոստիկանների նկատմամբ բռնություններ է գործադրել կամ խուլիգանական արարքներ է թույլ տվել։ Հակառակը, նրանց բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ հենց ոստիկաններն են իրենց ծեծի ենթարկել, արդարադատություն իրականացնող մարմնի կողմից անտեսվել են։

Անցած նոյեմբերի 5-ին մայրաքաղաքի կենտրոնում խաղաղ հանրահավաքը քաոսի վերածելը հենց ոստիկանական սադրանքի արդյունք էր, համոզված է Ալեքսանյանն ու ցավով է նշում, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները այն լուսավոր անհատներն են, որոնց կարիքն այսօր մեր հասարակությունն ունի։ Մինչդեռ օրինականության երաշխավոր համարվող ոստիկանության պարագայում այլ է, ասում է նա:

«Տգետ ոստիկաններից հոգնել ենք ուղղակի: Իսկ ո՞վ է ասել, որ ոստիկանը իրավունք ունի խփելու, ո՞վ է ասել: Եվ ուզում է Վլադիմիր Գասպարյանը օրինաչափ դարձնել Հայաստանում բռնությունը և նրա այս միտումները` բռնի վարքագիծը առհասարակ` ոստիկանների կողմից Հայաստանում, շատ արդիական և շատ մտահոգիչ է», - մեկնաբանում է իրավապաշտպանը:

Թե՛ Ալեքսանյանը, և թե՛ իրավապաշտպան Արթուր Սաքունցը մտահոգված կարծիք են հայտնում, որ Եվրասիական միության անդամակցությանն ընդառաջ իշխանությունն իր նման կեցվածքով ցույց տվեց, թե` ով որոշի հեղափոխություն իրականացնել, կարժանանա Շանթի ու նրա ընկերների ճակատագրին։

«Սա ամբողջությամբ տեղավորվում է այն ապագա իրավիճակի մեջ, որը մեզ սպասում է Եվրասիական տնտեսական միության կազմում: Եվ փաստորեն մենք ունեցանք դատավճիռ ոչ միայն Շանթ Հարությունյանի ու իր ընկերների, նաև նրա անչափահաս որդու, այլ նաև մեր նկատմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իմանա, որ ցանկացած ընդվզում ենթակա է ազատազրկման», - ասում է Սաքունցը:

Երեկ երեկոյան դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճռից հետո դահլիճը, կարելի է ասել, շոկի մեջ էր՝ ամբաստանյալների հարազատները ամոթանք էին տալիս արդարադատություն իրականացնող մարմնին, իսկ քիչ ավելի ուշ բողոքի ակցիան շարունակեցին դրսում։

«Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի» նախաձեռնության անդամ Ֆելիքս Հայրապետյանի համար այս դատավճիռը սպասելի էր։

«Եթե ասեն, որ դատարանները արդար են, դուք կհավատա՞ք: Մեզ մոտ արդարադատություն չկա», - ասում էր նա:

Շանթի նախկին կնոջ հայրը՝ Տիգրան Բադալյանը հազիվ էր զսպում հուզմունքն ու վրդովմունքը։

«Հինգ-վեց միլիցա գցում են հորը, ծեծում են... երեխան հինգ ժամ գոռում է` մի խփեք հորս, ու չգիտեմ` խփել է, թե չէ... ու դրա համար դատո՞ւմ են` չորս տարի պայմանական: Կամ էլ 14 հոգու խի՞ են դատում, ինչի՞ համար», - հարցնում է նա:

Շանթի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանն «Ազատության» հետ զրույցում ցավով էր խոսում հասարակության անտարբերության մասին։

«Այսօր այս դատարանում կայացավ Հայաստանի վերջը: Սա Հայաստանի կործանման սկիզբն է` վերջնական կործանման: Այս լուսավոր, պայծառ դեմքերին իրենք այս մեծ պատժաչափերով որ այսօր կալանքի տակ վերցրեցին, դա իրենք չեն մարսելու: Սերունդները իրենց անիծելու են: Ամեն օր ես հեղափոխության էի գնում դատարան, ես դատական նիստերի չէի գնում: Ու ափսոս, որ այդ նիստերը ընդհատվելու են` ես չեմ լսելու այն պայծառ մտքերը, Հայաստանի ապագայի մասին մտահոգությունները, որ կա: Փոխարենը դուրս եմ գալիս` անտարբեր, բութ դեմքերն եմ տեսնելու ամեն օր», - ասում էր Բադալյանը:

Իրավապաշտպանների կողմից անչափահաս քաղբանտարկյալ ճանաչված Շահեն Հարությունյանն էլ ասաց, որ դատապարտյալի պիտակը չի խանգարի իրեն շարունակելու պայքարը։

«Իրենց թվում է, որ իմ նկատմամբ 4 տարվա պայմանական ազատազրկում կիրառեցին՝ պիտի գնամ, տանը խելոք նստեմ, իրենց ուզած խելոք երեխան դառնամ: Բայց այդպիսի բան չի կարող պատահել: Ես պայքարելու եմ, դաժան ու խիստ պայքար եմ տանելու, շարունակելու եմ իրենց պայքարը», - ասում էր նա:

«Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով անցյալ տարվա նոյեմբերի 5-ին հեղափոխության փորձ կատարելու ժամանակ ոստիկանների հետ բախումներից առնչությամբ 7 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանը հպարտությամբ է խոսում ամուսնու մասին, ով, տիկնոջ խոսքով, 15 տարեկանից մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, հաղթել ու հիմա ստիպված է կնոջ խնամքին թողնել երկու անչափահաս երեխաներին:

Շանթ Հարությունյանի և նրա ընկերների պաշտպանները բողոքարկելու են վճիռը վերաքննիչ ատյան։

XS
SM
MD
LG