Մատչելիության հղումներ

Քառյակի ընդդիմադիր ուժերը մտահոգված չեն Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումից


Քառյակի ընդդիմադիր ուժերը մտահոգված չեն Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումից
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորանքները ընդդիմադիր քառյակի համար անհանգստանալու առիթ չեն:

Քառյակի անդամ ընդդիմադիր ուժերը չեն մտահոգվել ոչ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից, ոչ նրա 60-ամյակի առիթով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքներից, ոչ էլ ԲՀԿ-ամերձ հեռուստատեսությամբ «Քոչարյանական ժամանակները» հոբելյանական ֆիլմի ցուցադրությունից։

Եվ Հայ ազգային կոնգրեսը, և «Ժառանգություն»-ը համոզված են, որ դրանով նախկին նախագահին ակտիվ քաղաքականություն բերելու հարց չի լուծվում, և որ քառյակը շարունակելու է իր գործունեությունն այնպես, ինչպես շարունակել է մինչև հիմա։

«Ինչ-որ ֆիլմ են ցույց տվել, հա՞, ես, եթե ճիշտ հասկացա, որը հենց նրանց թիմը տվել է: Ես ինքս այդ ֆիլմը չեմ տեսել, բայց որքան հասկանում եմ, բացասական շատ արձագանք կա հասարակության մեջ, որը և պետք է լիներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը.- «Մի պարզ բան կա. քառյակի հարաբերություններում, քառյակի ծրագրի մեջ, քառյակի օրակարգում «Ռոբերտ Քոչարյան» երևույթ գոյություն չունի»։

Գագիկ Ծառուկյանը իր շնորհավորական ուղերձում բարձր է գնահատել Քոչարյանի հարուստ աշխատանքային կենսագրությունը, Հայաստանի և Արցախի կայացման գործում նրա ավանդը: Ինքը՝ նախկին նախագահը «Ноев Ковчег» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով կրկին իշխանության գալու հավանականության մասին հարցին, ասել է, որ «ամեն ինչ կախված է հանգամանքներից»։ Զուրաբյանը լրագրողներին խորհուրդ տվեց «ուրվականներ չկենդանացնել»:

«Ինչո՞ւ ենք մենք նորից ուրվականներ, մտացածին ինչ-որ կերպարներ կենդանացնում, բերում ասպարեզ, երբ որ դրա մասին ոչ մի քննարկում, որևէ ծրագիր, որևէ օրակարգ գոյություն չունի»,- նշեց նա։

«Այսինքն համաժողովրդական շարժման ալիքով չի՞ փորձի վերադառնալ» հարցին Զուրաբյանը հակադարձեց. - «Գիտե՞ք ինչ, ուրիշները ինչ կփորձեն, կամ չեն փորձի, չեմ քննարկում։ Մենք նման ծրագիր չունենք և վստահ ենք, որ նման ծրագիր չունեն նաև մեր գործընկերները։ Մեր քննարկումները շատ բաց են, որևէ նման խնդիր մեր քննարկումներում երբեք չի արծարծվել և ամենակարևորը՝ չի էլ կարող արծարծվել»։

Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում վստահ էր, որ Քոչարյանի ժամանակներն անցել են, որքան էլ որ վերջին իրադարձություններում «զոնդաժային միտումներ լինեն»։

Համոզմունք հայտնելով, որ նա շանս չունի իշխանության վերադառնալու, ընդդիմադիրը հավելեց, որ նախկին նախագահը քաղաքական առումով ինքնասպան է եղել 2008-ի մարտի 1-ին:

«Մարտի 1-ը այն գործընթացն է, որ որևէ քաղաքական պաշտոնյայի, գործչի երբևիցե չի ներվելու։ Դա քաղաքական առումով ինքնասպանություն էր, բնականաբար։ Մարտի 1-ն իր համար մեծ խնդիրներ է առաջացնելու, եթե, ինչպես ասում է, «հանգամանքների բերումով» նորից գա ակտիվ քաղաքական դաշտ», - նշեց Մարտիրոսյանը։

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի հետ Քոչարյանի կապերը, Քոչարյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրումը Արմեն Մարտիրոսյանը դիտարկում է զուտ մարդկային հարաբերությունների տիրույթում՝ համոզմունք հայտնելով, որ դա քառյակի վրա որևէ ազդեցություն չունի և չի ունենա. - «Որքան էլ փորձում են քառյակին կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, «Ռոբերտ Քոչարյան» այդ օրակարգում ընդհանրապես չի քննարկվում», - ասաց նա։

«Վստա՞հ եք, որ քառյակի ձեր գործընկերները օրակարգ չեն բերի այդ հարցը ինչ-որ մի օր» հարցին Մարտիրոսյանը հակադարձեց. - «Հիմա մենք հիպոթետիկ բանի մասին ենք խոսելու... Բայց չեմ կարծում, ճիշտն ասած, գետը հոսել է արդեն»։

Նախկին արտգործնախարար, Մարտի 1-ի գործով կալանավորված, ներկայում ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, թե ում կողմից է ստեղծվել «Բարգավաճ Հայաստան»-ը:

«Մենք պետք է հիշենք, որ քառյակի հիմնական ուժերից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է հենց Ռոբերտ Քոչարյանի կողմից և հանդիսանում է այդ իշխող մեծամասնության ինչ-որ մի սպեկտորը, որևէ տարանջատում այդ ուժի և Ռոբերտ Քոչարյանի միջև չի եղել, և երկար ժամանակ է պետք, պետք են ապացույցներ, որ մենք զգանք, որ նման բան չկա։ Իսկ այն, որ հայտարարում են, որ գուցեև ցանկություն չունի ոչ ՀԱԿ-ը, ոչ «Ժառանգություն»-ը [Քոչարյանին վերադարձնելու], բայց այդ գործողությունները չպետք է տանեն այդ մարդու ռեաբիլիտացիային» - նշեց Արզումանյանը։

«Կարծում եք իրենց գործողությունները տանո՞ւմ են ռեաբիլիտացիային»՝ հարցին նախկին արտգործնախարարը պատասխանեց. «Ես ընդամենը բարձրաձայնում եմ մտահոգություն, իսկ կարծիքները և եզրակացությունները արդեն թողնում եմ ձեզ»։

Ինչ վերաբերում է իշխանության վերադառնալու՝ Ռոբերտ Քոչարյանի ցանկություններին, Ալեքսանդր Արզումանյանը ընդգծեց, որ նա հող է նախապատրաստում է և քանիցս ասել է, որ դեռ անելիքներ ունի քաղաքական ասպարեզում:

«Բայց կարծում եմ այդ անելիքներն անելու համար նա պետք է ստանա հասարակության, ժողովրդի մանդատը, ինչը շատ կասկածելի է ինձ թվում՝ հաշվի առնելով տասը տարվա իր գործունեությունը, մարդու իրավունքների ոտնահարման հարյուրավոր փորձերը, հաշվի առնելով Մարտի 1-ի դեպքերը, դրա կոծկումը։ Ի վերջո, միակ նախագահը, որը իր հրամանով ներգրավել է բանակին ներքաղաքական անցուդարձի մեջ, դա Ռոբերտ Քոչարյանն է: Այդ ամենին դեռևս պատասխան պետք է տրվի, որից հետո քննարկենք՝ պատրա՞ստ է ժողովուրդը ներողամիտ գտնվել, թե ոչ, որ մոռանա այդ մասին», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով․ - «Այնպես որ ես հանգիստ եմ նայում, ես ուղղակի զարմանում եմ, որ մենք լուրջ դեմքերով քննարկում ենք իր հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն»։

XS
SM
MD
LG