Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, Հայաստանն այժմ մտել է «բացասական սպասումների մեծ շրջան»:

«Մեր տնտեսության իրավիճակի և հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունեմ: Ավելին, ի հայտ են եկել գլոբալ բնույթի նոր սպառնալիքներ, որոնց ազդեցության աստիճանը դեռ գնահատման կարիք ունի: Ինչպե՞ս կազդեն Արևմուտքի և Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցները համաշխարհային տնտեսության վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան ռուսական տնտեսությունը, որքա՞ն երկար կտևի դա, կավելանա՞ն պատժամիջոցները, թե՞ ոչ և այլն», - Քոչարյանի ոչ պաշտոնական՝ 2rd.am կայքի համաձայն՝ ասել է պաշտոնաթող նախագահը՝ Ռուսաստանի Դաշնությունում լույս տեսնող հայկական «Նոև Կովչեգ» ռուսալեզու թերթին տված հարցազրույցում: -«Անհասկանալի է, թե ինչ կկատարվի Հայաստանի տնտեսության տարածաշրջանային բաղադիչի հետ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո /խոսքը վերաբերում է Իրանի և Վրաստանի հետ ապրանքաշրջանառությանը/: Եվ ընդհանրապես, տեխնոլոգիական առումով ինչպե՞ս է գործելու միասնական մաքսային տարածքը Ռուսաստանի և Արևմուտքի միջև սահմանված պատժամիջոցների պայմաններում: Այս հարցերի պատասխանները կամ չկան կամ կրում են ենթադրական բնույթ, իսկ դա նշանակում է, որ մենք բացասական սպասումների մեծ շրջան ենք մտել», - հավելել է Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին, թե հանրապետության տնտեսության առողջացման համար ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել առաջին հերթին, նախկին նախագահն արձագանքել է, թե՝ առաջնահերթություն պետք է դարձնել տնտեսության աճն ու աշխատատեղերի ստեղծումը, այլ ոչ թե ամեն գնով բյուջեն լցնելը: Քոչարյանը, ում իշխանավարության տարիների հետ է կապվում Հայաստանում օլիգարխների աննախադեպ հզորացումը, կարևորել է բիզնեսի համար արդար մրցակցային միջավայրի ձևավորումը:

«Դրան հնարավոր չէ հասնել առանց տնտեսության ապամենաշնորհացման և ազդեցիկ չինովնիկների ու նրանց մտերիմների ախորժակի զսպման: Պետք է հստակ ազդակ տալ հասարակությանը, որ ցանկացած գործարար նախաձեռնություն ցանկալի է և օժանդակության կարժանանա, առանց հաշվի առնելու, թե ում շահերին է այն դիպչում: Ստեղծել այդպիսի օժանդակության արդյունավետ շուկայական մեխանիզմներ: Մի քանի տարով հեռավոր հետին պլան մղել անձնական շահերը, իսկ ավելի լավ է` մոռանալ դրանց մասին: Ցանկացած իշխանություն, որ կկարողանա դա անել, ուղղակի դատապարտված կլինի հաջողության», - ասել է Քոչարյանն ու հավելել․ - «Իմիջիայլոց, ամենևին չէր խանգարի դադարեցնել աշխատանքային շաբաթվա կազմալուծումը բազմաթիվ մեռելոցներով և վերադառնալ նախկին ժամային գոտի: Անբնական է, որ օգոստոսին առավոտյան ժամը 6-ից արդեն լույս է, երեկոյան 8-ին `մութ, իսկ աշխատանքային օրն սկսվում է ժամը 9-ից: Սա երկրին պարտադրված ոչ թե արագացման, այլ արգելակման ապրելակարգ է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG