Մատչելիության հղումներ

Մարտի 1-ին զոհվածի հայրն անհրաժեշտ է համարում հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին


Մարտի 1-ի զոհի հայր. «կանչե՛ք Քոչարյանին»
please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00

«Քննչական ակտիվ գործողություններ»

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի փոփոխության վերաբերյալ լուրերն առայժմ ոչ հաստատում, ոչ էլ հերքում է Հատուկ քննչական ծառայությունը:

«Քրեական գործ կարևորությունից ելնելով, երբ քննչական ակտիվ գործողություններ են կատարվում, նախաքննության այս փուլում նպատակահարմար չենք գտնում քննության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել՝ ելնելով նախաքննության գաղտնիության պահպանության սկզբունքից»,- «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը։

Մարտի 1-ին սպանվածների իրավահաջորդները նույնպես 6.5 տարի նախաքննության փուլում գտնվող քրեական գործից որևէ տեղեկություն չունեն: Քննչական մարմինները բացարձակապես որևէ շփում, առնչություն զոհերի իրավահաջորդների հետ չունեն: Վկայում են զոհերի հարազատները:

Մարտի 1-ի բացահայտման տարբերակը

Մարտի 1-ին Երևանի կենտրոնում ոստիկանների գործադրած «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցից սպանված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանն «Ազատության» հետ զրույցում դժգոհեց.- «Ոչ մի անգամ տեղեկություն չենք ունեցել՝ քննչական խմբի ղեկավար է փոխվել, ինչ է եղել։ Այսինքն ինչի՞ չգիտենք, անձամբ ես լավ էլ գիտեմ՝ իրենց արած գործերն ա, իրանք են հրաման տվել, կծիկն իրենց ձեռքն ա, ոնց կարելի է էդ կծիկը տալ ուրիշի։ Առանց հրամանի կարա՞ քննիչը գնա մարդ ձերբակալի, ոչ մի դեպքում»։

Արմեն Ֆարմանյանը 2008 թվականին 33 տարեկան էր: Մյուս զոհերը ևս երիտասարդ էին, երբ 2008 թվականին՝ Հայաստանի նախագահի իշխանության փոխանցման ժամանակ փողոց էին դուրս եկել իրենց քվեն պաշտպանելու համար: Արմեն Ֆարմանյանի հայրն իրավաբան չէ, բայց նրա համար դժվար չէ վկայակոչել մարտի 1-ի սպանությունների բացահայտման տարբերակը։

«Ում պետք է, թող նրանց կանչեն՝ կանչեն Քոչարյանին, տեղակալներին կանչեն, հրաման տվողին կանչեն, զենք տվողին կանչեն և խփողին կանչեն»,- ասաց Վաչագան Ֆարմանյանը։

Նրա տպավորությամբ, քաղաքական կուսակցություններն ընդհանրապես հաշվի չեն առնում, որ 6.5 տարի առաջ Երևանի կենտրոնում Հայաստանի Հանրապետության 10 անմեղ քաղաքացի սպանվեց։

«Էսքան ժամանակ ոչ մեկն էլ հարցում չի արել, մանավանդ էս վերջին 3-4 ամիսը։ Փաստը էն ա, որ 4-5 ամիսն է ոչ մեկն էլ չի զանգել ՀԱԿ-ից, թե ինչ ընթացք կա, ինչով ենք զբաղվում, զբաղվում ենք, թե չենք զբաղվում»,- փոխանցեց Արմեն Ֆարմանյանի հայրը։

Անհրաժեշտ է հետևողական պայքար

2008 թվականի մարտի 1-ի տասը զոհերի մեղավորներին բացահայտելու պահանջներին ի պատասխան, անցած տարիներին Հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար դիմում էր հանրությանը՝ ակնկալելով տեղեկություններ մարտի 1-ի վերաբերյալ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն անցյալ տարի առաջարկել էր հարցաքննել մարտի 1-ին բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց։

«Այդ ցուցակը գլխավորում է, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանը, որպես այդ պահին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, անդ ցուցակում Սերժ Սարգսյանն է, որն այդ ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում և նաև հանդիսանում էր նախագահի թեկնածու, այդ ցուցակում կան այն անձանց անունները, որոնց թիկնապահներին կամ թիկնազորին հատկացվել էր զինվորական համազգեստ. այդ մասին ներկայացված է փաստահավաք խմբի զեկույցներում։ Այսինքն՝ այդ ցուցակի առաջին տեղում հենց Ռոբերտ Քոչարյանն է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Հարցին, թե այսօր հնարավո՞ր է ակնկալել արդար քննություն և արդյո՞ք մեղավորները կպատժվեն, Սաքունցը պատասխանեց.- «Գիտեք, դատաիրավական համակարգի վրա հույս դնել, իհարկե, անիմաստ է։ Մարտի 1-ի հանցագործությունը, որը կատարվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից, հետևողականորեն կոծկվեց նաև Սերժ Սարգսյանի կողմից»։

Բայց, ըստ իրավապաշտպանի, ի վերջո, մարդկանց սպանությունները պետք է բացահայտվեն հանրության հետևողական պայքարի շնորհիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG