Մատչելիության հղումներ

Թրաֆիքինգի զոհ. «Թող իմանան, թող զգուշանան»


Այսօր ՄԱԿ-ի կողմից հռչակված թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։

Թրաֆիքինգ իրականացնողները մարդկանց զրկում են հույսից: «Ազատության» հետ զրույցում հենց այսպես բնութագրեց թրաֆիքինքի զոհի վիճակը տարիներ առաջ սեռական շահագործման զոհ դարձած մի կին (հասկանալի պատճառներով՝ նրա անունը չենք նշում):

Այս կնոջից տարիներ են պահանջվել այդ արհավիրքից փախչելու, հետո կյանքը վերակազմակերպելու համար. դասական սցենարի համաձայն՝ հրապուրիչ աշխատանքային առաջարկ, և 25-ամյա երիտասարդ կինը Թուրքիայում է՝ առանց անձնագրի:

«Հենց ավտոկայանից իմ անձնագիրը վերցրել են, հաջորդ օրվանից ինձ ուրիշ աշխատանք են առաջարկել, որը ես չեմ իմացել, ցանկություն էլ չի եղել նման աշխատանքով մեկնել. ասել են անբարոյականություն պետք է անես փող վաստակելու համար, ես հրաժարվել եմ այդ աշխատանքից»,- ասաց «Ազատության» զրուցակիցը։

Այսպիսի աշխատանքից հրաժարվելու ընտրություն, այդուհանդերձ, քեզ չեն տալիս: Չկատարես պահանջը, կենթարկվես կտտանքների։

«Եթե չես ենթարկվում, ծեծում են, բռնության են ենթարկում. շատ ահավոր օրեր եմ անցկացրել, անգամ ամիսներ։ Նկուղում էին պահում սկզբնական շրջանում, հետո տարբեր տեղեր են ինձ տեղափոխել, որ չէի ենթարկվում, իրենք, էսպես ասած, ձեռքից ձեռք էին գցում՝ տեսնեն որտեղ ոնց կստացվի»։

3 ամսվա մղձավանջից հետո նա մի թուրք տղայի է հանդիպել, վերջինս էլ տեսնելով, որ աղջիկը չի կարողանում կատարել իր առջև դրված պահանջները, առաջարկել է կրոնափոխ լինել, ամուսնանալ իր հետ և միասին մեկնել Վրաստան: Երիտասարդ կինն էլ ուրիշ ելք չտեսնելով՝ համաձայնել է։

Այստեղ էլ օգնության է հասել զուտ հաջողությունը. հենց Վրաստանի սահմանին թուրք տղան ձերբակալվել է՝ կանանց առուվաճառքի կասկածանքով, հերոսուհին էլ, օգտվելով առիթից, փախել է Հայաստան:

Մեր զրուցակիցը պատմեց, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ իրեն հաջողվել է ծնողներին ինչ-որ կերպ տեղյակ պահել իր հետ պատահածի մասին, սակայն նրա ազգականները, նույնիսկ իրավապահ մարմինների միջոցով, չեն կարողացել իրեն ետ բերել ստրկությունից։

«Տարբեր քայլերի դիմել են, բայց չեն կարողացել ստեղից Թուրքիա ինչ-որ բան նախաձեռնել՝ ինձ հետ բերել»,- ասաց նա։

Այսօր ՄԱԿ-ի կողմից հռչակված թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ Ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը հայտարարեց, որ վերջին տարիներին նվազել են թրաֆիքինգի բացահայտման դեպքերը․ 2012թ-ին 15 գործ է բացահայտվել է, 2013թ-ին՝ 11: Գրիգորյանը սա առաջընթաց է համարում:

Մեր դիտարկամանը՝ գո՞ւցե թրաֆիքինգ իրականացնողներն են սկսել ավելի զգուշավոր աշխատել, նա հակադարձեց.- «Հակառակը, հասարակության իրազեկվածության բարձրացման հետ է կապված թրաֆիքինգի դեպքերն իրականում նվազում են, մարդիկ գիտեն ինչ է թրաֆիքինգը և հենց իրենք խուսափում են հավաքագրման փուլից։ Ըստ վերլուծության, Հայաստանում հավաքագրման փուլի ժամանակ չի կիրառվում բռնություն, ինչպես այն կիրառվում է որոշ երկրներում. մարդկանց չեն առևանգում, բռնի ուժով չեն տեղափոխում սահմանով, բռնությունը սկսվում է շահագործման պահին, և ներկայումս հասարակության իրազեկման բարձրացման հետևանքով՝ հասարակության անդամներն իրենք չեն համաձայնում որոշակի աշխատանքներ անել՝ արտերկիր մեկնել և այլն»։

Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանի խոսքով՝ ԱՄՆ-ի հրապարակած տարեկան զեկույցում Հայաստանը այս տարի արդեն երկրորդ անգամ ընդգրկվել է թրաֆիքինգի դեմ պայքարող լավագույն 30 երկրների շարքում:

«Հայաստանը միակ երկիրն է մեր տարածաշրջանից։ Մեր մոտակա երկրներից միայն Չեխիան, Լեհաստանը և Սլովակիան են, որ այս խմբի մեջ առաջին խմբում են ընդգրկված»,-փոխանցեց Կաժոյանը։

Ոստիկանության տվյալների համաձայն՝ վերջին երկու տարիների առաջին կիսամյակի ընթացքում թրաֆիքինգի հատկանիշներով հարուցվել է 31 քրեական գործ, հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 39 անձ՝ 28 կին, 14 անչափահաս երեխա: Այդ քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 29 անձի նկատմամբ:

Մեր հերսուհին ևս դիմել է ոստիկանություն․ մեղավորները կրում են իրենց պատիժը։

Այս պատմությունից անցել է արդեն մոտ տասը տարի։ Երիտասարդ այս կինն աշխատում է, փորձում է անձնական կյանքը կազմակերպել, այդուհանդերձ, անցյալի սպիերը, ասում է , դեռ խանգարում են։ Իսկ իր կյանքի տխուր էջերը բացելը ինքնանպատակ չէր, ասում է՝թող իմանան, թող զգուշանան։

XS
SM
MD
LG