Մատչելիության հղումներ

Հայաստանի թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանն ասում է, որ Հայաստանը, կարեւորելով թրաֆիքինգի դեմ պայքարը իրականացնում է օրենսդրական բարեփոխումներ, բարելավում է զոհերի աջակցության գործընթացը, եւ հենց այդ ջանքերի շնորհիվ է, որ մարդկանց թրաֆիքինգի մասին ամենամյա զեկույցում դասակարգման երկրորդ խմբից տեղափոխվել է առաջին խումբ:

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նախօրեին հրապարակել է Մարդկանց թրաֆիքինգի մասին 2013 թվականի ամենամյա զեկույցը, որտեղ ներգրավված 180 երկրների շարքում 30-ն են տեղաբաշխված առաջին խմբում: Հայաստանը բարելավել է իր դիրքերը եւ առաջին անգամ ներառվել է առաջին խմբում:

Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ թրաֆիքինգի խնդիր Հայաստանում այլեւս չկա. Հայաստանը թրաֆիքինգի ծագման երկիր է, այսինքն` հիմնականում այստեղից են դուրս գնում թրաֆիքինգի զոհերը:

«Հիմնական ուղղությունները, բացառությամբ մի քանի դեպքերի, Թուրքիան եւ Էմիրաթներն են: Աշխատանքային թրաֆիքինգի առումով միգուցե Ռուսաստանն է ավելի մեծ վտանգ ներկայացնում: Հայաստանը երբեք գրավիչ չի եղել` իբրեւ ընդունող երկիր, այսինքն նույն Ռուսաստանից կամ Ուկրաինայից եկող պարուհիներ, դերասանները, որոնց այդ բնագավառն առաջարկում է ավելի ուշադիր լինել, որեւէ թրաֆիքինգի ելեւէջներ չկան», - ասաց Կաժոյանը:

«Ազատություն» ռադիոկայանը, սակայն, հիշեցրեց այն միջադեպը, որ տեղի էր ունեցել Հայաստանում, երբ համաձայն լրատվամիջոցների տեղեկատվության` ազգությամբ տաջիկ քաղաքացիներ էին աշխատանքային շահագործման ենթարկվել: Եվ Կաժոյանը, եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանը հավաստեցին, դեպքն ուսումնասիրվել է, սակայն թրաֆիքինգի նշաններ չեն հայտնաբերվել:

«Նույն լրատվամիջոցները կարծեմ հարցազրույց էին արել այդ քաղաքացիների հետ, որոնք բավականին գոհ էին իրենց վիճակից», - ասաց Պետրոսյանը:

Մասնագետները պնդում են, որ շատ հաճախ մարդիկ, որոշ դեպքեր թրաֆիքինգ որակելով, սխալվում են: Խոսքը, մասնավորապես, աշխատանքային թրաֆիքինգի մասին է, երբ, ասենք, գործատուն խախտել է պայմանագրի որոշ կետեր: Այնուամենայնիվ, համաձայն ոստիկանության տվյալների` 2012-ին նման երկու դեպք բացահայտվել է Ռուսաստանում: Ընդհանուր առմամբ 2012 թվականին վարույթ հարուցվել է 22 քրեական գործերով, նախորդ տարի այդ թիվը 17 էր: Ոստիկանության աշխատակիցը կարեւորում է, որ զոհերի թիվը զգալիորեն նվազել է. եթե նախորդ տարի 10 գործում 50 զոհ էր, հիմա նույնքան գործով զոհերի թիվը հասնում է 10-ի: Ի դեպ, առաջին անգամ 2012 թվականին բացահայտվել է Հայաստանում նաեւ մարդու օրգաններ վերցնելու թրաֆիքինգի դեպք. 6 տուժողներից երեքին հասցրել էին տեղափոխել Շրի Լանկա եւ վերցնել վերջիններիս երիկամները: Ոստիկանությունը կասեցրել է մյուս երեքի տեղափոխումը:

Իհարկե, թրաֆիքինգը թաքնված հանցագործություն է. պաշտոնական թվերը մի բան են ասում, իսկ ոչ պաշտոնական պատկերն էլ մասնագետները լրագրողներին խնդրում եմ չչափազանցնել: Հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունն էլ այս ոլորտում նպաստում է, որ մարդիկ ավելի իրազեկված լինել ու չհավատան առաջին հայացքից գրավիչ ու եկամտաբեր թվացող աշխատանքային առաջարկներին: People in Need կազմակերպության ներկայացուցիչ Տաթեւիկ Բեժանյանն ասում է, որ տարածաշրջանում Հայաստանը միակն է, որ ունի նաեւ ուղղորդման կարգ:

«Մեր հարեւանների հետ համեմատած` մենք նաեւ միակն երկիրն ենք, որ ճանաչել ենք մուրացկանությամբ շահագործումը` որպես թրաֆիքինգի դրսեւորում», - ասում է Բեժանյանը:

Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործման դեմ պայքարի խումբը` GRETA-ն, (Group of Experts on Action against Trafficking in Human Beings) ավելի վաղ Հայաստանի ուշադրությունը հրավիրել էր վկաների պաշտպանության ինստիտուտի կայացման հարցը: Ըստ երրորդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանի` քայլեր այստեղ ձեռնարկվում են:

«Այստեղ խնդիրը մեխանիզմների բացակայությունն է», - ասում է Պետրոսյանը` միաժամանակ շեշտելով, որ «Պետական պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված է ոստիկանության կազմում ստեղծել վկաների պաշտպանություն ապահովող համապատասխան կառույց:
XS
SM
MD
LG