Մատչելիության հղումներ

logo-print
Երեխայի առքուվաճառք կատարելու կասկածանքով օգոստոսի 5-ին Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել հինգ անձ, այդ թվում՝ Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը, Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը։

Համաձայն ոստիկանության տարածած հաղորդագրության՝ բերման ենթարկվածները համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացուհու հետ պայմանավորվել են 15 հազար դոլարով վերջինիս վաճառել 2009 թվականին ծնված երեխային։

Օգոստոսի 5-ին օտարերկրյա քաղաքացուհին երեխային համար վճարել է 7000 դոլար, իսկ մնացած 8000-ը պետք է վճարեր մի քանի օրվա ընթացքում։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով: Այս պահին երկու ձերբակալված կա։

Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ինքը որևէ կապ չունի երեխայի վաճառքի հետ, իրեն որպես վկա են կանչել։

«Ես այստեղ ոչ մի արտասահմանցուն հետ չեմ հանդիպել, իսկ ինչ մնում է այդ կանանց, ես նրանց չեմ էլ ճանաչում։ Ինձ հրավիրեցին բաժին, որպես վկա բացատրություն տվեցի, թե երեխան ինչպես է տեղավորվել մանկատուն»,- ասաց մանկատան տնօրենը։

Հարությունյանը պատմեց, որ երեխան Վանաձորի մանկատուն է տեղափոխվել հուլիսի 22-ին՝ Տաշիրի ոստիկանության բաժնի և Լոռու մարզպետարանի միջնորդությամբ։ Օգոստոսի 2-ին մայրը խնդրել է երեխայի ծննդյան վկայականը, իսկ օրվա վերջում Հարությունյանը տեղեկացել է, որ մայրը հրաժարվել է երեխայից։

Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ երեխային տեղափոխել են իրենց կենտրոն, սակայն հանգամանքներին դեռևս ծանոթ չեն։
Անտոնյանը տեղեկացրեց, որ երեխաների առքուվաճառքի դեպքեր վերջին տարիներին չեն եղել, մինչդեռ երեխաների թրաֆիքինգի դեպեր եղել են։ Երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ արված վերջին հետազոտությունը 2010 թվականին է արվել։
XS
SM
MD
LG