Մատչելիության հղումներ

ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» նախագիծը պատրաստ է


Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» նախագիծը պատրաստ է, երեքշաբթի Երևանում տեղի ունեցած «Ազգային դեղեր-միջազգային որակ» գիտաբժշկական համաժողովին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Արդեն մշակված է «ճանապարհային քարտեզի» նախագիծը. աշխատանքային խումբը դեկտեմբերի 11-12-ին պիտի վերջնական քննարկի և եզրակացություն տա, թե ինչ խնդիրներ կան լուծված, չլուծված։ Դեկտեմբերի 12-ից հետո աշխատանքային խումբը կվերադառնա, և մենք ամբողջական պատկեր կունենանք ճանապարհային քարտեզի վերաբերյալ»,- ասաց Տիգրան Սարգսյանը։

«Ազատության» հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը մանրամասնեց, որ չորս երկրների փորձագետների կողմից Հայաստանի «ճանապարհային քարտեզի» քննարկումից հետո միայն պարզ կլինի, թե արդյոք Մաքսային միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, և Հայաստանի ղեկավարների կողմից փաստաթուղթը հաստատվելու է դեկտեմբերին, թե՝ ոչ:

Նախկինում նշվում էր, որ դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայանալիք Մաքսային միության անդամ երկրների և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» ներկայացվելու է հաստատման:

«Կարծում եմ, որ դեկտեմբերի 15-16-ին մենք արդեն կարող ենք ասել, թե արդյոք 24-ին Մոսկվայում նախատեսվում է հաստատել ճանապարհային քարտեզը, թե՝ ոչ»,- ասաց նախարարը։

Ավանեսյանից հետաքրքրվեցինք, թե «ճանապարհային քարտեզում» Հայաստանի տնտեսության ինչ առանձնահատկություններ են հաշվի առնվել, ի՞նչ բացառություններ, վերապահումներ են սահմանվել հայաստանյան ապրանքների ու ծառայությունների համար կամ Հայաստան ներկրվող ապրանքների համար, որպեսզի, ինչպես, օրինակ, Ղազախստանում է կամ Բելառուսում, որոշ ապրանքների ներմուծման կամ արտահանման համար ավելի քիչ մաքսատուրք վճարվի:

«Դեռևս նման վերապահումներ չկան, ճանապարհային քարտեզը հենց նրա համար է, որպեսզի հստակ լինեն այն ժամկետները, որոնց շրջանակներում մենք պետք է բանակցենք այդ փաթեթները։ Այսինքն կան տարբեր տեսակի բանակցություններ, «ճանապարհային քարտեզի» մշակումը և հաստատումը ոչ թե բանակցային պրոցեսն է, այլ բանակցային պրոցեսի ժամկետները և թեմաների շեշտադրումը»,- ասաց նախարարը։

Այն բանից հետո երբ հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, երկրի ինքնիշխանության կորստին վերաբերող մտահոգություննeրից բացի, հնչում են նաև մտահոգություններ՝ կապված տնտեսական կողմի հետ, թե Հայաստանը և միության անդամները ունեն տնտեսական տարբեր համակարգեր, իսկ միության կանոններն էլ հարմարեցված են միայն անդամների տնտեսություններին:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի ներկայացմամբ, անդամակցելով ցանկացած առևտրային միության՝ երկրների շահերից է բխում բանակցություններ վարել, որպեսզի հաշվի առնվեն նաև իրենց շահերը, և խաղի կանոնները չլինեն միայն միությանը արդեն իսկ անդամակցած պետությունների պայմաններով:

«Ինչպես, օրինակ, արեց Հայաստանը՝ անդամակցելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը»,- նշեց Ասատրյանը.- «Յուրաքանչյուր երկիր որևէ խնդրի վերաբերյալ բանակցելուց կարող է ունենալ հաջողություն, կարող է չունենալ հաջողություն։ Դա պայմանավորված է այդ երկրի կշռով։ Ինձ համար անկհայտ է, որ Հայաստանը չամարյա չունենալով արժեք Մաքսային միությունում, այդ դիրքերից խնդիրները ներկայացնելու և այդ չափով էլ հաշվի են առնվելու, այսինքն համարյա չեն հաշվի առնվելու»։

Միաժամանակ, Բագրատ Ասատրյանը կասկած հայտնեց, որ բանակցություններ սկսելով Մաքսային միության հետ՝ Հայաստանն ի վերջո կանդամակցի միությանը։

«Մենք Մաքսային միությանը պետք չենք, տնտեսապես մենք որևէ հետաքրքրություն չենք կարող ներկայացնել նաև այն առումով, որ միասնական սահման չունենք։ Սա իրականում է։ Եկեք Մաքսային միության անդամ երկրների արտաքին առևտրային կապերի ծավալները գնահատենք, և թե ինչքան է բաժին ընկնում Հայաստանին։ Եկեք նաև այդ երկրների սպասումների մասին խոսենք։ Օրինակ, Ղազախստանը ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա Հայաստանից...»,- ասաց տնտեսագետը։
XS
SM
MD
LG