Մատչելիության հղումներ

logo-print

Քննարկվում է ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզը»


Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման հուշագրի ստորագրման արարողությունը:

Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման հուշագրի ստորագրման արարողությունը:

Այսօր Երևանում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ասաց, որ ստորագրել են Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման հուշագիր` այդպիսով կատարելով Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների որոշումները:

«Այս հուշագիրը ապահովում է Հայաստանի բոլոր համակարգերի ներգրավվածությունը Մաքսային միության գործընթացներին՝ սկսած ամենաբարձրից՝ Եվրասիական տնտեսական խորհրդից և վերջացրած Եվրասիական տնտեսական հանձնաժողովով», - լրագրողներին ասաց նա:

Ըստ Խրիստենկոյի, դա հնարավորություն կընձեռի ստանալ տեղեկատվություն և պաշտոնապես առաջարկներ ներկայացնել՝ կապված Մաքսային միությունում և միասնական տնտեսական գոտում քննարվող և ընդուվող որոշումների հետ:

Նրա ներկայացմամբ` դա շատ կարևոր տարր է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու ճանապարհին:

«Բացի այդ, մենք այսօր շատ բեղմնավոր աշխատանք ենք տարել Մաքսային միությանն ու միասնական տնտեսական գոտուն միանալու Հայաստանի ճանապարհային քարտեզի ստեղծման աշխատանքների ուղղությամբ», - ճեպազրույցում հայտարարեց Խրիստենկոն: - «Մասնագետների մի մեծ խումբ երեկ, այսօր և վաղը միության անդամ երկրների կառավարությունների հետ աշխատելու են այն հիմքերի նախապատրաստման վրա, որոնցով Հայաստանը պատրաստվում է միանալ մաքսային միությանը»:

«Մեր առջև դրված հիմնական խնդիրն է գնահատել այն աշխատանքների ծավալը, որը պետք է իրականացնենք Մաքսային միության և միասնական տնտեսական գոտու լիիրավ անդամ դառնալու համար», - ճեպազրույցում իր հերթին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: - «Ընդհանուր առմամբ, ես ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ բոլոր առանցքային հարցերում մենք ունենք փոխհամաձայնություն այսօր առկա բոլոր հարցերում»:

Մաքսային միության համատեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցին ի պատասխան, Վիկտոր Խրիստենկոն ասաց, որ այդ հարցում կան հատուկ ձևաչափեր, հատուկ մասնագետներ, ովքեր լուծման ուղիներ են փնտրում. - «Եվ դրա համար պետք է առաջին հերթին բոլորին մաղթել համառություն՝ կոմպրոմիսներ գտնելու ցանկություններ, որոնցով այսպես թե այնպես կլուծվի այդ հակամարտությունը: Ինչ վերաբերում է տնտեսական հարթությանը, որը ի հայտ է գալիս Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պարագայում, ապա տնտեսական զարգացումը երբեք չի վատացրել, այլ ընդհակառակը նպաստել է հակամարտությունների լուծմանը: Իմ տեսանկյունից, ներկա վիճակը խոչընդոտ չի հանդիսանում Հայաստանի ծրագրերի իրականացման համար: Եվ այդ ծրագրերի իրականացումը ոչ մի դեպքում չի բարդացնի, այլ ընդհակառակը կբարելավի Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը»:

Նա զերծ մնաց ժամկետներ նշելուց` ասելով, որ Մաքսային միությանը միանալու գործընթացը շաբաթների գործ չէ, այլ պահանջում է բավականին երկար աշխատանք, որի ընթացքում պետք է հարմարեցվի նաև ազգային օրենսդրությունը. - «Այդ ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեմ տեսնում՝ սկսած ընդհանուր սահմանների բացակայությունից մինչև ամենատարբեր հարցերը: Եվ ես հիմքեր չեմ տեսնում ասելու, որ կան գործընթացի իրականացման քաղաքական արգելքներ: Ամենակարևորն է սկսել գործընթացը, և բոլոր դժվարությունները կմնան հետևում»:

Անդրադառալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե Հայաստանին Մաքսային միություն ընդունելիս պետք է հաշվի առնելԱդրբեջանի կարծիքը` Խրիստենկոն ասաց, որ Մաքսային միության անդամ դառնալու համար, բացի միության անդամ երկրների կարծիքից, այլ կարծիքի անհրաժեշտություն չկա, և համաձայնագիրը, որը պատրաստվում է ստորագրման, կստորագրվի անդամ 4 երկրների նախագահների կողմից:
XS
SM
MD
LG