Մատչելիության հղումներ

Լեոնիդ Սլուցկի. Տնտեսական ինտեգրացիան հիմք կստեղծի քաղաքական ինտեգրացիայի համար


Արտակ Զաքարյան (Ձ), Լեոնիդ Սլուցկի

Արտակ Զաքարյան (Ձ), Լեոնիդ Սլուցկի

Մաքսային միության, իսկ հետո նաև Եվրասիական միության շրջանակում ընթացող տնտեսական ինտեգրացիան հիմք կստեղծի քաղաքական ինտեգրացիայի համար։ Այսպիսի հայտարարություն Երևանում արեց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Մենք պետք է ուշադիր լինենք ռուսաց լեզվին՝ որպես հետխորհրադային տարածքում, եվրասիական հարթությունում ցանկացած ինտեգրացիոն գործընթացի ցեմենտող հիմքի: Միաժամանակ պետք է կարևորենք ցանկացած այլ լեզուներ՝ համաձայն Տարածաշրջանային ու ազգային փոքրամասնությունների լեզուների մասին խարտիայի։
Սլուցկին լրագրողների հետ հանդիպել էր նոյեմբերի 17-ին երեկոյան Ազգային ժողովում՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ հրավիրած համատեղ ասուլիսին:

«Գիտեք, ոչ ոք չեղյալ չի հայտարարել Լենինի արտահայտությունը, թեև ես կոմունիստ չեմ, որ քաղաքականությունը հանդիսանում է տնտեսության կենտրոնացված արտահայտությունը: Հիմա մենք չենք խոսում քաղաքական ինտեգրացիայից: Աստված հեռու պահի՝ մենք չենք ստեղծում նոր Խորհրդային Միություն: Գիտեք․․․ինչ-որ ժամանակ ծանոթ աղջիկ ունեի Մերձբալթիկայից, իրեն ասացի՝ քեզ հետ կստեղծենք փոքրիկ Խորհրդային Միություն: Եթե լուրջ խոսենք՝ մենք փոքր-ինչ կարոտել ենք միմյանց, ցանկանում ենք ուղղակի ավելի հաճախ տեսնվել, ցանկանում ենք միասին լուծել այն հարցերը, որոնք մենք կարող ենք միասին ու ամբողջովին լուծել։ Սակայն այսօր մենք խոսում ենք տնտեսական ինտեգրացիայի մասին, խոսում ենք ապրանքների, կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ազատ շրջանառության մասին, բայց սա հակադարձ կապ կապահովի այդ թվում դեպի քաղաքական հարթություն. մենք դա հստակորեն հասկանում ենք»,- ասաց ռուս խորհրդարանականը:

Հիշեցնենք, անցած տարի դեկտեմբերին Դուբլինում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, թե Կենտրոնական Ասիային և Արևելյան Եվրոպայի մի մասին սպառնում է «վերախորհրդայնացումը».- «Փորձ է արվում վերախորհրդայնացնել տարածաշրջանը։ Սա կկրի կամ Մաքսային միության, կամ Եվրասիական միության, որևէ նման մի անուն: Բայց չմտնենք սխալմունքների մեջ: Մենք գիտենք, թե որն է նման ջանքերի նպատակը, և մենք կփորձենք արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի կամ դանդաղեցնենք, կամ կասեցնենք այս գործընթացը»,- ասել էր նա։

Սլուցկին ասում է.- «Մենք սա քաղաքական ինտեգրացիա չենք կոչում՝ չվախեցնելու ինքներս մեզ ու արտաքին գործընկերներին, որոնք չեն ցանկանա տեսնել այս ինտեգրացիան: Ամենայն հավանականությամբ, դուք մեզ նման հետևում եք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին՝ Կոսովոյի, Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի, Սիրիայի վերաբերյալ․․․սևով սպիտակի վրա գրված է՝ ոչ մի զինված ուժեր, իսկ հետո այդ նույն բանաձևերով թաքնվելով՝ գալիս են [որոշ երկրների] զինված ուժերը ու ջնջում իրենց ոչ պիտանի ռեժիմները ու այդ ռեժիմների առաջնորդներին: Կարծում եմ, Սիրիան այն կետն է, որը վերջ դրեց նման գործելաոճին և որից սկսած այդ միաբևեռ միտումներ պետք է հետ գնան: Կարծում եմ, ՄԱԿ-ի գլխավորությամբ բազմաբևեռ աշխարհակարգը, այն հավասարակշռված աշխարհակարգն է, որն իրեն արդարացրեց 20-րդ դարի երկրորդ կեսին և մեր դարաշրջանի սկզբին, և այդ աշխարհակարգի շրջանակում մենք ստեղծում ենք հզոր, տարածաշրջանային խաղացող, որն, իհարկե, կհանդիսանա ազդեցության բևեռ և՛ համաշխարհային տնտեսությունում, և՛ անխուսափելիորեն, համաշխարհային քաղաքականությունում»։

Իսկ ներկայում, Սլուցկիի խոսքով, Մաքսային միությունը և հետո այդ միության հիման վրա ստեղծվելիք Եվրասիական միությունը ունեն ոչ միայն տնտեսական հարթություն:

«Այդ հարթություններից առանցքայինը տնտեսականն է, սակայն կան նաև միասնական տեղեկատվական հարթություն, միասնական անվտանգության հարթություն, որի ներքո մենք տեսնում ենք ՀԱՊԿ-ն և որի մասին այսօր խոսել են Հայաստանի ու Ռուսաստանի խորհրդարանների ներկայացուցիչները»,- ասաց նա։

Այսքանից հետո ռուսաստանցի պաշտոնյան տեղեկացրեց, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալը տեղի կունենա «բառացիորեն հաշվված ամիսների ընթացքում».- «Կարծում եմ, որ Հայաստանի վերաբերյալ եվրասիական գործընթացներն իրենց «ճանապարհային քարտեզը» կստանան մոտ մեկ ամսից: Նոյեմբերի 18-ին Մոսկվայում բանակցություններ կընթանան արտգործնախարարներ Լավրովի ու Նալբանդյանի միջև, ովքեր անխուսափելիորեն նաև այս հարցին էլ կանդրադառնան: Այնուհետև՝ Սանկտ-Պետերբուրգում կկայանա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում Մաքսային միության անդամ-երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի վարչապետները կհանդիպեն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Այսօր աշխատանքի լավ տեմպ է վերցված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոորդինացիայի ներքո: Ուստի, կարծում եմ, որ Մաքսային միությանը միանալուց առաջ Հայաստանի միջազգային պայմանագրերի կոդավորումը, ու Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը՝ բառացիորեն մի քանի ամսվա գործ է»:

Լեոնիդ Սլուցկին սկանդալային հայտարարություն արեց նաև «Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման և Ռուսաստանում հայկական դպրոցների բացման» մասին:

«Եվ իհարկե, խոսելով մշակութային, հումանիտար, կրթական միասնական հարթության մասին՝ մենք առաջին հերթին մտածում ենք ռուսաց լեզվի մասին։ Աշխարհում ռուսերեն խոսող մարդկանց թիվը կտրուկ կերպով կրճատվում է՝ նախորդ 20 տարիներին 80 միլիոնով կրճատվել է՝ հասնելով 270 միլիոնի և մենք պետք է ուշադիր լինենք ռուսաց լեզվին՝ որպես հետխորհրադային տարածքում, եվրասիական հարթությունում ցանկացած ինտեգրացիոն գործընթացի ցեմենտող հիմքի: Միաժամանակ պետք է կարևորենք ցանկացած այլ լեզուներ՝ համաձայն Տարածաշրջանային ու ազգային փոքրամասնությունների լեզուների մասին խարտիայի»,- ասաց նա։
XS
SM
MD
LG