Մատչելիության հղումներ

Կիպրոսի դատախազը բացառում է ՀՀ վարչապետի բացատրությունը


Կիպրոսի գլխավոր դատախազի պնդմամբ, իր երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել, առանց տվյալ անձի թույլտվության:

Հայաստանում վերջին շրջանում ծավալված «օֆշորային» սկանդալի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանը Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսից փորձեց պարզել՝ հնարավո՞ր է արդյոք իր երկրում օֆշորային ընկերություն գրանցել, առանց տվյալ անձի իմացության:

Հիշեցնենք, «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, (ըստ որի` գործարար Աշոտ Սուքիասյանը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաեւ Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը), վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ, հերքելով, թե որեւէ առնչություն ունի այդ ընկերության հետ:

Մեկնաբանելով այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի հարցը, Կլերիդեսը նշեց․ - «Ես խոսել եմ Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Մի քանի րոպե առաջ ինքը ինձ պատմել է այդ պատմության մասին: Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչեւ իմ մեկնելը եւ ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել եւ պատասխանել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք որեւը մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանեց․ - «Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչեւ չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանեց․ - «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձեւով»:

Կիպրոսի գլխավոր դատախազը հավելեց, թե գործը պետք է ուսումնասիրել ամբողջությամբ․ - «Ես քիչ առաջ խոսել եմ Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Նա ինձ ներկայացրել է այդ պատմությունը: Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Նա ինձ խոստացել է մինչեւ իմ մեկնումը փոխանցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Ես պատասխանատվություն եմ ստանձն ել անմիջապես քայլեր ձեռնարկել եւ պատասխանել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե օֆշորային կազմակերպության գրանցման համար կիպրոսյան օրենսդրությունը ինչպիսի կարգավորում է նախատեսում, Կիպրոսի գլխավոր դատախազն ասաց, թե չի կարող հիմա օրենքը բացատրել բոլոր ասպեկտներով, նախ պետք է հետաքննեն այս գործը, ուսումնասիրեն օրենքը, որից հետո կպատասխանեն Հայաստանի գլխավոր դատախազությանը:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ Կիպրոսում քրեական գործ հարուցվի այս դեպքի հետ կապված, պարոն Կլերիդիսն ասաց, թե ամեն ինչ էլ հնարավոր է, բայց հստակ չի կարող ասել, քանի որ չգիտի փաստերը․ - «Հայաստանի գլխավոր դատախազը ինձ մի քանի բառով է պատմել այս գործի մասին, շատ թռուցիկ: Բայց խոստացել է, որ այսօր ավելի ուշ ինձ կփոխանցի բոլոր այդ փաստաթղթերը: Ես դրանք ինձ հետ կտանեմ Կիպրոս եւ մանրակրկիտ կուսումնասիրեմ»:
XS
SM
MD
LG