Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանը` «օֆշորային սկանդալի» մասին


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, չորեքշաբթի Արզնիում կայացած զորավարժություններից հետո «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան անդրադառնալով «օֆշորային սկանդալի» գործին եւ հետախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանին, հայտարարեց, որ երկրագնդի վրա ոչ մեկի գտնվելու վայրը «անհայտ չի կարող լինել». ոստիկանությունը կատարում է բոլոր անհրաժեշտ օպերատիվ եւ քննչական գործողությունները, եւ ոստիկանապետն այստեղ խնդիրներ չի տեսնում:

«Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, (ըստ որի` Սուքիասյանը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաեւ Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը), երեկ հայտնի դարձավ Սուքիասյանին մեղադրանք առաջադրելու, նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու եւ հետախուզում հայտարարելու մասին: Հարկ է նշել, որ քրեական գործը հարուցվել է մոտ մեկ տարի առաջ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է մեկ տարի առաջ հարուցված քրեական գործով երեկ մեղադրանք առաջադրվել, եթե նրա գտնվելու վայրն այլեւս անհայտ է, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. - «Ոչ մեկի գտնվելու վայրը երկիր մոլորակի վրա անհայտ չի կարող լինել: Գոնե մենք այս ընթացքում ապացուցել ենք, որ ամենահեռու երկրներից ենք բերում մեր զբոսաշրջիկ իրավախախտներին: Այստեղ ես խնդիր չեմ տեսնում: Ինչո՞ւ մի տարի (մի քիչ ավելի քիչ ժամանակ է եղել), որովհետեւ ուսումնասիրությունների պրոցեսում այլ երկրների հետ գրագրությունները շատ դժվար են, շատ երկար են տեւում: Եթե մենք հին սովետական որոշ երկրների հետ ուղղակի հեռախոսային կապով կարողանում ենք որոշակի խնդիրներ լուծել, ապա այլ պետությունների հետ դիվանագիտական, ինտերպոլի եւ այլ խողովակներով ենք աշխատում, դա ունի իր բյուրոկրատական ձգձգման պրոցեսները: Դա է մեծ հաշվով»:

Հարցին, թե արվո՞ւմ է հնարավորը նրան հայտնաբերելու ուղղությամբ, ոստիկանապետը պատասխանեց, - «Նրան հայտնաբերելու խնդիրներ չունենք, աշխատում ենք, համարյա գիտենք` ով որտեղ է գտնվում: Կաշխատենք. հիմա եթե ես ասեմ վաղը կբերենք, վաղը չենք բերի: Մենք ունենք ծանր դեպքերով հետախուզվողներ, որոնք հայտնաբերված են այս կամ այն երկրում, եւ 2-3 ամիս է մենք չենք կարողանում բերել` նորից նրանց օրենքների հետ կապված խնդիրների պատճառով»:

Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը երեկ նամակ է ուղարկել այն մասին, թե ինքն է կիպրոսյան հայտնի օֆշորային կազմակերպության հիմնադիրը եւ ինքն է բաժնեմասեր գրել Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ Կճոյանի անուններով` «առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության»:

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց ճշտել` Հայաստանի ոստիկանապետն արդյոք արժանահավատ համարո՞ւմ է նման պնդումները. - «Ես ոստիկանության պետն եմ, իմ ցանկացած կարծիքի դեպքում վաղը ինձ կմեղադրեն հարցին այս կամ այն [անձի] օգտին պատասխանելու մեջ: Որպես քաղաքացի` իմ համոզմունքն ունեմ, բայց ուսադիր կրելու պայմաններում, այստեղ կանգնած, իմ` քաղաքացու կարծիքը թողեք մնա ինձ: Իսկ ինչ վերաբերում է ոստիկանության պետին, զեկուցեմ, գնում է նախաքննություն եւ իրականացվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ եւ քննչական միջոցառումները: Եվ գոնե մենք այս ամբողջ ժամանակահատվածում ցույց ենք տվել, որ բաց ենք աշխատում»,- ասաց Գասպարյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG