Մատչելիության հղումներ

Շարմազանովը անհավանական է համարում ընդդիմադիր դաշտի միավորումը


Ընդդիմադիր եւ այլընտրանքային ուժերը, նրա խոսքով` «միասնական թեկնածուի շանս առայժմ չունեն»:

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ հավանական է համարում, որ ընդդիմադիր եւ այլընտրանքային ուժերը կարողանան համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի հարցում:

Նրա փաստարկմամբ` այդ մասին են վկայում ոչ միայն այն հակասությունները, որոնք կան միմյանց հետ բանակցող ուժերի միջեւ, այլեւ առանձին ուժերի ներսում գոյություն ունեցող լուրջ տարաձայնությունները:

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ մեր երկրում լինի մրցակցություն, բայց այսօր փաստը հետեւյալն է. ես շատ մշուշոտ եմ համարում, որ ձախերը, կենտրոնամետները, այլընտրանքը, աջերը, լիբերալներն ու սոցիալիստները կարողանան ինչ-որ մի բանի շուրջ միասնական ճակատ ստեղծել, որովհետեւ թե' արտահերթի հետ կապված նրանց տարբեր դիրքորոշումները, թե' Մարտի 1-ի հանձնաժողովի կապակցությամբ փոխադարձ հրաձգությունը, թե' իրենց իսկ ֆրակցիայում տարբեր քվեարկությունները, թե' ռազմավարական տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ արտահայտելը, թե' ապագա նախագահական ընտրությունների թեկնածուի հետ կապված ոչ-միասնական կարծիքի ձեւավորումը, թե' այդ քաղաքական թիմերում անձնական կարծիքների առատությունը խոսում է մի բանի մասին, որ դեկտեմբերի 4-ի դրությամբ ո'չ միասնական ծրագրի, ո'չ միասնական թեկնածուի շանս առայժմ չունեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շարմազանովը` հայտարարելով. - «Որեւէ ընդդիմադիր գործիչ եւ որեւէ ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ ինքը իր մեջ չի տեսնում նախագահական ընտրություններում հաղթելու հավանականություն»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես նաեւ իրեն «այլընտրանքային ուժ» հռչակած «Բարգավաճ Հայաստան»-ը, հիշեցնենք, ներկայումս բանակցությունների մեջ են` փորձելով համաձայնության գալ մի շարք սկզբունքային հարցերի շուրջ, որոնք կարող են հիմք հանդիսանալ նաեւ նախագահի հնարավոր միասնական թեկնածուին սատարելու հարցում:

Արձագանքելով հարցին, թե ինչու Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հայտարարում իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրել-չառաջադրելու մասին` Ազգային ժողովի փոխնախագահն ասաց, թե առաջին նախագահն այսօր «ելքեր է փնտրում քաղաքականությունից գեղեցիկ եւ խաղաղ դուրս գալու համար»:

«Եթե առաջադրվի, դա կլինի քաղաքական ինքնասպանություն, որովհետեւ այն հաջողությունը ձայների առումով, որը նա ուներ 2008 թվականին, այսօր նա չի ունենա, եւ դա փաստ է: Որպես խելացի գործիչ, նա հասկանում է, որ երկրորդ անգամ նույն գետը հնարավոր չէ մտնել` մանավանդ, որ նրանից հեռացան շատ կարկառուն գործիչներ, ովքեր լուրջ դերակատարում ունեին 2008-ի ընտրություններին` [նախընտրական] շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը եւ նրանց ուղեղային կենտրոններից մեկը հանդիսացող Դավիթ Շահնազարյանը», - հավելեց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է նախագահի մյուս հնարավոր թեկնածուին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, ապա Շարմազանովը կարծում է, որ անգամ առաջադրվելու դեպքում Ծառուկյանը չի կարող լուրջ մրցակից լինել գործող նախագահի համար. - «Գագիկ Ծառուկյանի մասով, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում իրեն նախագահի թեկնածուի պաշտոնում, որովհետեւ նախագահական ընտրություններին առաջադրվող ցանկացած թեկնածու պետք է [ընտրություններին] գնա շատ ավելի վճռական եւ գնա շատ ավելի ծրագրերով: Այսինքն` այլընտրանքային ծրագրերով, այլընտրանքային բյուջեի նախագծով, այլ ոչ թե տատանումներով»:

Հարցին` իր կարծիքով, Ծառուկյանը կառաջադրվի՞, թե՞ ոչ, Շարմազանովը արձագանքեց. - «Դա բացառապես իր եւ իր քաղաքական թիմի որոշելու հարցն է»:

«Անկախ նրանից` ով կառաջադրվի, ով` ոչ, այդ թվում նաեւ Գագիկ Ծառուկյանը` ես չեմ համարում, որ լուրջ մրցակից առաջին տեղի կունենա նախագահ Սարգսյանը», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
XS
SM
MD
LG