Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) կարող են նախագահի միասնական թեկնածու ունենալ:

Այս հնարավորությունը չբացառեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երկուշաբթի Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակում ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպումից անմիջապես հետո:

Հիշեցնենք` ԲՀԿ-ն խորհրդակցություններ է սկսել քաղաքական ուժերի հետ կառավարաման նախագահական համակարգից խորհրդարանականի անցնելու եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ ձեւավորելու հարցերի շուրջ:

«Ես կարծում եմ, որ դա չի կարելի բացառել», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ունենան նախագահի միասնական թեկնածու, ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանը չցանկացավ մանրամասնել, թե ով ում թեկնածուին կսատարի՝ ասելով, որ եթե ինքը այդ պարզաբանումը անի, դա միայն կվնասի բանակցությունների ընթացքին։

«Կարո՞ղ ենք չբացառել որ ՀԱԿ-ը կսատարի ԲՀԿ-ի թեկնածուին»՝ մեր այս ճշտող հարցին Զուրաբյանն պատասխանեց․ - «Թույլ տվեք ինձ դիվանագիտական մոտեցում ունենալ եւ չպատասխանել այս հարցին, բայց չեմ բացառում միասնական թեկնածուի տարբերակը»։

ԲՀԿ-ն իր մարզային կառույցների եւ ակտիվի հետ ունեցած հանդիպումներից հետո հայտարարեց, թե դոմինանտ տեսակետը այն է, որ ԲՀԿ-ն 2013-ի նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով եւ որ այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի թեկնածուին, ապա առայսօր պարզ չէ, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը:

Լեւոն Զուրաբյանին այսօր հարցրեցինք, թե արդյոք Տեր-Պետրոսյանի որոշման վրա էական ազդեցություն կունենա ՀԱԿ-ԲՀԿ կոնսուլտացիաները:

«Բնականաբար, բոլոր քաղաքական ուժերի հետ բանակցությունները ինչ-որ ազդեցություն ունենալու են», - պատասխանեց Զուրաբյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի հետ այսօրվա հանդիպմանը` Զուրաբյանն ասաց, թե սա առաջին պաշտոնական, լայնամասշտաբ բանակցություններ էին, որոնք բավականին արդյունավետ էին: Հանդիպման ընթացքում քննարկվել են եւ ՀԱԿ-ի-ի, եւ ԲՀԿ-ի օրակարգային հարցերը, եւ Զուրաբյանի փոխանցմամբ` ընդհանրական մոտեցումներ կան, թեեւ ՀԱԿ-ը իր վերապահումներ է ներկայացրել երկրի կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին անցնելու ԲՀԿ-ի առաջարկի շուրջ: ՀԱԿ համակարգողի համոզմամբ` երկրում գոյություն ունեցող արատավոր երեւույթները կապված չեն երկրի կառավարման ձեւի հետ:

«Օրինակ, Լիբերիան ուղղակի ամբողջությամբ կրկնել է ԱՄՆ-ի սահմանադրությունը, հիմնել է ԱՄՆ-ի տիպի նախագահական համակարգ, բայց ամենակաշառակեր, ամենամենաշնորհային, ամենաքրեապետական պետություններից մեկն է: Ուզում եմ ասել` երկրի արատները մեծ հաշվով կապված չեն կառավարման տեսակների հետ, այնպես որ այդ վերապահումը, կա, բանակցությունները շարունակվում են», - ասաց նա:

ՀԱԿ-ը, հիշեցնենք, արձագանքելով ԲՀԿ-ի` քաղաքական խորհրդակցություններ սկսելու առաջարկին, հայտարարել էր, թե պետք է ընդլայնել քննարկումների օրակարգը, օրինակ, ժողովրդի ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնել: Հարցին, թե արդյոք իրենք հավատո՞ւմ են, որ Գագիկ Ծառուկյանը ՀԱԿ-ի հետ միասին կարող է ցույցեր կազմակերպել, մանավանդ որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի համարում, Զուրաբյանը պատասխանեց. - «Իսկ ինչո՞ւ դա չպիտի համարեմ հնարավոր: Ե'ս հնարավոր համարում եմ, մնացած հարցերը իրենցից ճշտեք»:

ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը «շատ լավ» է գնահատում նաեւ նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը` նշելով, որ քննարկվել եւ ՀԱԿ-ի, եւ ԲՀԿ-ի օրակարգային բոլոր հարցերը:

«Կարող եմ ասել, որ ընդհանրություններ կան, մանրամասների շուրջ առայժմ չենք խոսի, պայմանավորվածություններ դեռ չկան: Մանրամասները հետո կասենք», - ասաց Օսկանյանը:

Զանգվածային միջոցառումներ անցկացնելու ՀԱԿ-ի առաջարկին անդրադառնալով` Օսկանյանը ասաց. - «Այդ բոլորը քննարկվել են, հետո կասենք, թե որ կետերի շուրջ վերջնական համաձայնություն կա, որ կետերի շուրջ` ոչ»:

Հարցին, թե հանդիպման ընթացքում քննարկումներ եղե՞լ են նախագահական ընտրությունների, մասնավորապես, թեկնածուների վերաբերյալ, Օսկանյանը պատասխանեց. - «Չէ, թեկնածուները` երկրորդ փուլում, նախ ուզում ենք ընդհանրական օրակարգի շուրջ խոսել, հետո, կարծում եմ, որ արդեն կարելի է խոսել նաեւ այն մասին, թե ով կլինի [թեկնածուն]»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG