Մատչելիության հղումներ

Հայաստանյան քաղաքական դաշտի թիվ մեկ ինտրիգը շարունակում է մնալ այն հարցը, թե ի վերջո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) նախագահի սեփական թեկնածու կունենա՞, թե՞ քաղաքական ուժերի հետ բանակցությունների արդյունքում միասնական թեկնածու կառաջադրվի:

Չորեքշաբթի օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը հորդորեց ավելորդ շտապողականություն չցուցաբերել, քանի որ հիմա գործընթացը հանդիպումների ու խորհրդակցությունների փուլում է, եւ միայն դրանց ավարտից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ու Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) բանակցություններին, ապա պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Ծառուկյանն ասաց. - «Մենք ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի, այլ բոլորի հետ համապատասխան աշխատանքները կատարում ենք»:

Ծառուկյանն ասաց՝ չգիտի դեռ ԲՀԿ-ն այլ ուժերի հետ նախագահի միասնական թեկնածու կունենա, թե՝ ոչ:

«Ես դա չգիտեմ, այդ մասին հաջորդ դասին», - իր հայտնի պատասխանը կրկնեց նա:

Ըստ էության, իր պատասխանով ԲՀԿ առաջնորդը ոչ «այո», ոչ էլ «ոչ» ասաց նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հարցին, չնայած որ հենց ԲՀԿ-ում եւ հատկապես կուսակցության մարզային կառույցներում կարծում են, որ ԲՀԿ-ն նախագահի սեփական թեկնածու պետք է ունենա եւ որպես թեկնածու տեսնում են իրենց առաջնորդին:

Ծառուկյանը Գյումրիի քաղաքապետի ընտրություներից հետո առաջին անգամ էր այցելում Գյումրի: Սամվել Բալասանյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում, երբ ԲՀԿ ղեկավարը Գյումրի էր այցելել, խոստացել էր 10 աղբատար ու 10 ձյուն մաքրող տրակտոր նվիրել Գյումրիին: Նվիրատվությունն այսօր արդեն Գյումրիում էր, միայն թե 10 ձյուն մաքրող տրակտորի փոխարեն 6-ն էր, ասացին՝ 4-ն էլ ճանապարհին են:

Ծառուկյանի այցի մասին լսելով՝ քաղաքապետարանի մոտ գյումրեցիներ էին խմբվել ու սոցիալական տարբեր հարցերով դիմացին Գագիկ Ծառուկյանին: ԲՀԿ առաջնորդը ոմանց հենց տեղում դրամական աջակցություն ցուցաբերեց:

Քաղաքապետի աշխատասենյակում ԲՀԿ ղեկավարը դռնփակ խորհրդակցություն անցկացրեց՝ առանց լրագրողների մասնակցության, որից հետո հանդիպեց ԲՀԿ մարզային ակտիվի հետ: Սոցիալական խնդիրներին անդրադառնալով՝ նա քննադատեց կառավարությանը:

«Արտագաղթ կա, գնում են, խի՞ են գնում. մեկը աշխատանքը չունի, մյուսը աշխատանք ունի, գումարը քիչ է: Ուրեմն պետք է այնպես լինի, որ աշխատավարձն ու թոշակը համապատասխանեն գնաճին: Բոլորն էլ ուզում են լավ ապրել: Եթե այսօր ասում են, որ բնակչության 30 տոկոսը աղքատ են, իսկ մնացած 70 տոկոսը հարո՞ւստ է: 40 տոկոսն էլ, ասենք, ստանում է 40 հազար դրամ, համարո՞ւմ ենք դա բավարար ապրելու համար: Ասում են, թող ինքն իր ընտանիքով 40 հազար դրամով ապրի, որովհետեւ էդքան է… դա ի՞նչ է նշանակում», - ասաց Ծառուկյանը՝ շարունակելով. - «Բյուջեն կազմելիս պետք է ոչ թե վերեւից նայեն, ոչ թե պետք է գրեն, որ Գյումրիում թղթի վրա ինչ-որ կենտրոն են սարքելու, այլ պետք է ծրագիր լինի: Ամեն ամիս պետք է այդ ծրագիրը իրականություն դարձնեն, որ ժողովուրդը իրեն խաբված չզգա: Իրենց պետք է դնեն ժողովրդի տեղը: Ժողովուրդը չի ուզում նպաստ ստանա, ոչ էլ օգնություն: Ժողովուրդը ուզում է պայման, հնարավորություն, աշխատանք, որ ինքն իր ընտանիքի վրա ծախսի եւ կարողանա հյուրասիրի»:

Ծառուկյանը իր քննադատությունն ուղղեց նաեւ քաղաքական որոշ գործիչների:

«Ավել-պակաս խոսում են: Մարդիկ հարյուր դոլար փող չեն ունեցել, մտել են քաղաքականության մեջ՝ 4-5 հատ տներ ունենալով, բիզնես դնելով, ազգուտակին տեղավորելով, մեծ-մեծ խոսելով ժողովրդից, պետությունից, պետականությունից: Այդ ծանրության տակ մտնելով՝ ես ի՞նչ հասկացա... ծանր է, բայց կարեւորը՝ վստահությունը, հավատը երբեք մենք չենք կորցնելու», - ասաց նա:

Խոսելով Գյումրիի խնդիրներից՝ Ծառուկյանն ասաց, որ պատրաստ է օգնել ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանին: «Քաղաքապետի մեջքին ենք կանգնած ամեն ինչով», - ասաց նա:
XS
SM
MD
LG