Մատչելիության հղումներ

Այսօր ՄԱԿ-ում ելույթ կունենա Էլմար Մամեդյարովը


ԱՄՆ - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 20-ը սեպտեմբերի, 2010թ
ԱՄՆ - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 20-ը սեպտեմբերի, 2010թ

Բանախոսը կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին եւ, հավանաբար, չի շրջանցի Ռամիլ Սաֆարովի թեման։

Այսօր երեկոյան Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանում ելույթով հանդես կգա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Ենթադրվում է, որ նա կխոսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին եւ չի շրջանցի Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004 թվականին կացնահարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու խնդիրն ու դրա կապակցությամբ տասնյակ երկրներից, ինչպես նաեւ միջազգային ազդեցիկ կազմակերպություններից Ադրբեջանի հասցեին ուղղված քննադատությունը։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե Սաֆարովի արտահանձնումն ու ներում շնորհելը չի հակասում ոչ միջազգային եւ ոչ էլ Ադրբեջանի օրենքներին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում չի հանդիպել իր ադրբեջանցի պաշտոնակցին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նյու Յորքում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։

Ինչպես Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունն է փոխանցել, «Էդվարդ Նալբանդյանը քննարկել է Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացին հասցված վնասը եւ ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակումը»:


Նալբանդյանը հանդիպել է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին, ով սեպտեմբերի 21-ին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում միանշանակ ընդգծել է, որ «Սաֆարովին ներում շնորհելը սադրանք է»։

Սեպտեմբերի սկզբին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել են նախ Նալբանդյանին, ապա` Մամեդյարովին եւ «խորը մտահոգություն ու ափսոսանք ենք հայտնել Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ»։

Մամեդյարովի տեղակալ Արազ Ազիմովը քննադատել է Մինսկի խմբի համանախագահների այդ դիրքորոշումը եւ ասել, թե «հնարավոր է, որ համանախագահները չարաշահում են այդ իրադրությունը»։

Մինչդեռ,
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այսօրվա բանախոս Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։

Ինչպես եւ Հայաստանի արտգործնախարարը, Մամեդյարովն էլ է Նյու Յորքում հանդիպել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Գորդոնին։

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, «երեկվա հանդիպման ընթացքում քնարկվել են հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորմանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգին վերաբերող հարցեր»։

«Թրենդը» չի նշում` արդյոք անդրադարձ եղե՞լ է Սաֆարովի թեմային, հաղորդելով միայն, որ «Գորդոնը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին ցուցաբերած աջակցության համար»։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեյայի 67-րդ նստաշրջանում ելույթ կունենա Ընդհանուր բանավեճի վերջին օրը` հոկտեմբերի 1-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG