Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Գորդոն. «Սաֆարովին ներում շնորհելը սադրանք էր»


ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոն

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոն

Միացյալ Նահանգների համոզմամբ` Ադրբեջանը դիմում է սադրիչ գործողությունների: Այս մասին անցած գիշեր Վաշինգտոնում հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցերին:

«Ադրբեջանի որոշումը, որով Սաֆարովին ներում շնորհվեց, բարձրացվեց նրա զինվորական կոչումը, նրա հերոսացումը` այս ամենը մեզ լրջորեն անհանգստացնում է: Դա իրական սադրանք էր տարածաշրջում», - համոզված է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Գորդոնի խոսքով, սակայն, պաշտոնական Վաշինգտոնը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հունգարիայի իշխանությունների քայլերից է հիասթափված:

«Մենք հստակ ասել ենք, որ չենք հասկանում եւ ցավում ենք Հունգարիայի որոշման համար, որով Սաֆարովը ազատ արձակվեց», - ընդգծեց նա։

Դեռ օգոստոսի 31-ին Սպիտակ տունը հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ` նշելով, թե կատարվածի առթիվ հստակ պարզաբանումներ է պահանջել պաշտոնական Բաքվից ու Բուդապեշտից: Այսօր արդեն` այդ հայտարարությունից երեք շաբաթ անց, Գորդոնը խոստովանում է, որ ամերիկյան կողմը բավարարված չէ հունգարական ու ադրբեջանական իշխանությունների արձագանքից:

«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, մեզ չի գոհացնում: Մեր կարծիքով, [Սաֆարովը] այն մարդն է, որ պետք է շարունակեր կրել իր պատիժը: Մենք պարզապես ցնցված ենք որոշ շրջանակներում հնչող փառաբանող հայտարարություններից, որոնք ուղղված են մի մարդու հասցեին, ով դատապարտվել է սպանություն կատարելու համար։ Այնպես որ, ես կարող եմ ասել` ոչ, մենք բավարարված չենք մեզ տրված պարզաբանումներից», - հայտարարեց Ֆիլիպ Գորդոնը։

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի համոզմամբ, ի դեպ, Սաֆարովի շուրջ վերջին զարգացումները է՛լ ավելի ապակայունացրեցին իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում:

«Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող իրավիճակը մեզ անհանգստացնում է: Լեռնային Ղարաբաղում որեւէ առաջընթաց չկա, եւ դուք իրավացի եք, երբ նշում եք, որ այդ դատապարտված մարդասպան Սաֆարովի ազատ արձակումը է՛լ ավելի է մեծացրել առկա մտահոգությունները», - նշում է Գորդոնը` այնուհանդերձ, պաշտոնական Երեւանին եւ Բաքվին կոչ անելով շտկել առկա իրավիճակն ու աշխատել «Մինսկի խմբի շրջանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG