Հինգշաբթի, Հուլիս 31, 2014 Ժամանակը Երեւանում 03:16

Քաղաքական

Սահմանադրական դատարանը մերժեց ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորների հայցադիմումը

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Սահմանադրական դատարանը մերժեց ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորների հայցադիմումը

Սահմանադրական դատարանը այսօր մերժեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունների 29  պատգամավորների դիմումը, որով օրենսդիրները պահանջում էին Սահմանադրությանը հակասող ճանաչել Ընտրական օրենսգրքի մի շարք դրույթներ, որոնցով սահմանափակվում է ընտրողների կողմից ստորագրված ցուցակների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը։

Դատարանի այսօրվա վճիռը նշանակում է, որ ընտրությունից հետո ընտրողների ստորագրություններով ցուցակները չեն հրապարակվի։

Սահմանադրական դատարանը գտավ, որ այդ դրույթները չեն հակասում Սահմանադրությանը, ինչպես նաեւ մեկնաբանություն տվեց պատգամավորների այն մտավախությանը, թե ցուցակների հրապարակման արգելքը կարող է խոչընդոտ դառնալ նhttp://iditord.orgաեւ հետընտրական վեճերի համար․ - «Այդ դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես ընտրական իրավունքի սահմանափակում ու գործնականում արգելափակել ընտրախախտումների բացահայտման առնչությամբ ցանկացած իրավաչափ գործողության ընթացքում ընտրական գործընթացը սահմանված կարգով վերահսկող իրավասուբյեկտների համար ընտրողների ստորագրված ցուցակների մատչելիությունը՝ որպես ընտրական իրավունքի պաշտպանության, այդ թվում դատական կարգով, անհրաժեշտ երաշխիք»։

Սահմանադրական դատարանը դիտումը բանավոր քննեց։

Դատարանում պատգամավորների ներկայացուցիչը փաստաբան Վահե Գրիգորյանն էր։

Անցած տարի փոփոխված ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում եւ տեսանկարահանվում։ Պատգամավորները պահանջում էին Սահմանադրությանը անհամապատասխանող ճանաչել օրենսգրքի այս դրույթը եւս։ Ինչպես փաստաբան Վահե Գրիգորյանն ասաց՝ այդպիսով մի շարք հարցեր կլուծվեն․ ցուցակների հրապարակումը մեծապես կնպաստի ընտրողների ճշգրիտ թվաքանակի բացահայտմանը, ընտրությունների արդյունքների արժանահավատությանը։ Դրանց հրապարակմամբ նաեւ հնարավոր կլինի վերահսկողություն սահմանել ընտրական գործընթացի նկատմամբ։ Փաստաբանը կարծիք հայտնեց, թե ցուցակները չեն ցանկանում հրապարակել, որովհետեւ անհանգստացած են հատկապես ընտրությանը չմասնակցող քաղաքացիների թվով։

«Վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի այս դատարանը վերջ դնի մեռածների իշխանությանը։ Հայաստանում վաղուց ի վեր մահացածները եւ բացակաները ավելի ազդեցիկ են, քան կենդանիները ու ներկաները», - հայտարարեց փաստաբանը։

Պատասխանող կողմը Ազգային ժողովն էր, խորհրդարանի ներկայացուցիչը՝  Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։

«Եթե հրապարակելը ցուցակների ուղղակիորեն ազդեին ազատ ընտրության վրա, նշանակում է՝ ժողովրդավարությունը կախված էր Xerox-ից եւ Kodak-ից», - ՍԴ-ում հայտարարեց Դավիթ Հարությունյանը ու, հակադարձելով հայցվոր կողմին, ասաց, թե միջազգային հանրությունը բարձր է գնահատել ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Հավելեց՝ լավ ընտրություններ անցկացնելու համար այնտեղ նախատեսվել են բոլոր մեխանիզմները․ դիտորդները, հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, լրագրողները կարող են անարգել ծանոթանալ ստորագրված ցուցակներին եւ անգամ նշումներ կատարել։

Խորհրդարանի ներկայացուցիչը նշեց, թե նաեւ Վենետիկի հանձնաժողովը կողմ չէ քվեարկած անձանց ցուցակները հրապարակելուն՝ ընտրության գաղտնիության նկատառումներից ելնելով։

Դիմողների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը հակադարձեց, որ ընտրության գաղտնիությունը սկսվում է քվեախուց մուտք գործելիս եւ ավարտվում քվեաթերթիկը ծրարի մեջ դնելով։ Քվեարկության ամբողջ գործընթացը, նրա կարծիքով, գաղտնի չէ։

«Ընտրողների ստորագրած ցուցակները չպետք է հրապարակվեն»-ը չի կարող կուրորեն, կատեգորիկ կերպով կիրառվել Հայաստանի Հանրապետությունում։ Պետք է կիրառվի հնարավորինս հայաստանյան ընտրական առանձնահատկությունները հաշվի առնելով», - նշեց փաստաբանը՝ հայտարարելով, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ միակ երկիրն է, որտեղ կա բացակաների եւ ներկաների «այսքան մեծ հարաբերակցություն»։

Սահմանադրական դատարանում դիմումի քննությանը հետեւում էին Ազգային ժողովի մոտ մեկ տասնյակ պատգամավորներ։

Սահմանադրական դատարանը մերժեց ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորների հայցադիմումըi
|| 0:00:00
...
 
🔇
X
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը