Մատչելիության հղումներ

Միասնական շտաբի անդամ ուժերի ներկայացուցիչները ուշի ուշով կհետեւեն ընտրությունների ընթացքին


Միասնական շտաբի անդամները քննարկման ժամանակ, ապրիլ, 2012
Միասնական շտաբի անդամները քննարկման ժամանակ, ապրիլ, 2012
Միասնական շտաբի անդամներն ուրբաթ օրը մանրամասն ներկայացրեցին այն մեխանիզմները, որոնցով պատրաստվում են ապահովել ընտրությունների արդարությունը:

Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության եւ «Բարգավաճ Հայաստան»-ի վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին, տեղական կառույցներին հստակ ցուցում է տրվել՝ ընտրությունների օրը սերտորեն համագործակցել միմյանց հետ. այդպես հնարավոր կլինի բռնել ընտրակեղծարարների ձեռքը, ընտրությունների վերահսկողության համար ստեղծված միասնական շտաբի նիստում հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ շտաբի անդամ ուժերը յուրաքանչյուր ընտրատեղամասում ընտրությունների օրինակությանը ուշադիր հետեւող 5-6 վստահելի մարդ կունենան:

«Մասնավորապես, հնարավոր կլինի այնպես անել, որ հաշվարկը ճիշտ լինի, տրցակները չփոխարինեն մեկից մյուսը, լցոնումներ չլինեն, բաց քվեարկություն չլինի, հուշելով քվեարկություն չլինի, պարտադրված քվեի նկարահանումներ չլինեն եւ այլն», - ասաց Զուրաբյանը:

Բացի այդ ընտրությունների օրը կգործեն համատեղ խմբեր, որոնք օպերատիվ կերպով կարձագանքեն աղաղակող խախտումներին: Շտաբը կվարի նաեւ ընտրողների միասնական ռեգիստր, քանի որ ինչպես հայտարարեց Զուրաբյանը, գոնե ՀԱԿ-ը Սահմանադրական դատարանի հետ մեծ հույսեր չի կապում, որովհետեւ այն իրեն պահում է ինչպես «ռեժիմի կցորդ»:

«Եթե պետությունը այդ քվեարկած ընտրացուցակները պահում է որպես մեծագույն պետական գաղտնիք, ուրեմն մենք այդ գաղտնիքը բացահայտելու ենք: Հետագայում ստուգելու ենք, թե ով է եկել եւ քվեարկել գոյություն չունեցող ընտրողի, Հայաստանից բացակայող մարդու փոխարեն: Եվ մենք հասնելու նրան, որ այդ մարդիկ պատժվելու են, քրեական հետապնդում է իրականացվելու այդ մարդկանց նկատմամբ», - հայտարարեց Զուրաբյանը:

Բացի այդ Քաղաքագետների միության շենքում շտաբի ներկայացուցիչները ուղիղ հեռարձարկմամբ կհետեւեն ընտրությունների ընթացքին, նաեւ՝ ձայների հաշվարկին: Հիշեցնենք, Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում մայիսի 6-ին տեսախցիկներ տեղադրված կլինեն: Տեխնիկական այդ հնարավորությունը ապահովել է միասնական շտաբի անդամ ԲՀԿ-ն: ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ շտաբում նաեւ ճեպազրույցներ կանցկացվեն:

«Պոտենցիալ ընտրակեղծարարները լավ իմանան, որ այդ աչքից իրենց որեւէ քայլ չի վրիպելու», - զգուշացրեց Հովհաննիսյանը՝ կարծիք հայտնելով, թե 2012-ի խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան նախ եւ առաջ միասնական շտաբի ստեղծումով:

ՍԴ-ում շաբաթ օրը կքննարկվի Դաշնակցության եւ ԲՀԿ-ի երեսուն պատգամավորների ներկայացրած հայցադիմումը, որով նրանք պահանջում են հրապարակել ընտրությունների մասնակցած անձանց ցուցակները: Դատարանը պատասխանող կողմ է ճանաչել Ազգային ժողովին:

ՍԴ-ում պատգամավորների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ասաց՝ վաղը ՍԴ-ն «ընտրություն է կատարելու բանականության եւ թելադրանքի միջեւ»:

«ՍԴ-ի կողմից մեր դիմումի բավարարումը ազդարարելու է այլեւս մահացածների, բացակաների, վախեցած քաղաքացիների, ընտրակաշառքով գայթակղված քաղաքացիների իշխանության ավարտը», - պատկերավորեց փաստաբանը:

Նախկին արտգործանախարար, այժմ ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի բնորոշմամբ, ի դեմս իշխող կուսակցության, այսօր ձեւավորվել է փոքրամասնություն, որին հակադրվում է ջախջախիչ մեծամասնությունը՝ ի դեմս Հայաստանի ժողովրդի եւ մյուս քաղաքական ուժերի:

«Մենք պետք է արդեն հրաժարվենք մեր կյանքի բոլոր ոլորտներում իմիտացիաներից: Հինգ տարի կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին, ներքին, սոցիալան ոլորտներից, մի բան է եղել, այլ բան է ներկայացվել: Այդ բոլորը այսօր ակնհայտորեն բացահայտվում է», - ասաց Օսկանյանը:

Խորհրդարանում հայտնվելու դեպքում միասնական շտաբ ստեղծած ուժերի համագործակցությանն անդրադառնալով՝ երեք ուժերի ներկայացուցիչներն էլ պնդեցին, թե այդ համագործակցության ձեւը ստացած ձայներով է պայմանավորված լինելու:

«Կոալիցիան չպետք է լուծի կայունության կամ օրինականության խնդիր: Կոալիցիայի նպատակը դա չէ, կոալիցիան պետք է լուծի քաղաքական, բովանդակային խնդիր: Առայսօր Հայաստանում կոալիցիայի պատճառը եղել է կայունությունը եւ օրինականություն: Այդ հարցերը նորմալ ընտրությունների արդյունքում նույնիսկ չպետք է ծագեն: Այսինքն հաղթող կուսակցությունը ոչ կայունության, ոչ էլ օրինականության պրոբլեմ պետք է ունենա, եթե ժողովրդի կողմից արդար ընտրվել է», - ասաց Վարդան Օսկանյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG