Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքական ուժերը ԱԱԾ-ից կկարողանան երկրից բացակայող անձանց մասին տեղեկություն ստանալ


Ընտրություններին մասնակցող հինգ քաղաքական ուժեր` Հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Կոմունիստական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները, շաբաթ օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` նշելով, թե ուսումնասիրել են Ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը եւ եզրակացրել, որ այն հնարավորություն չի տալիս ավտոմատ կերպով առանձնացնել այն ընտրողներին, ովքեր բացակայում են Հայաստանից:

Հիշեցնենք, Հայաստանից բացակայող, սակայն ընտրացուցակներում ընդգրկված անձանց տվյալները օրերս ոստիկանությունից խնդրել էր ընտրությունների վերահսկման միասնական շտաբը, որի կազմում են ՀԱԿ-ը, Դաշնակցությունը եւ ԲՀԿ-ն: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը` «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը չեն միացել այսօրվա հայտարարությանը: Այսօր ավելի ուշ այս հայտարարությունը միացել է ԲՀԿ-ն:

ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց, որ ուշացումը տեխնիկական պատճառով էր, իսկ միացել են, որովհետեւ այս հայտարարությունը վերահսկման մեկ այլ կարեւոր հնարավորություն է ընձեռում:

«ԲՀԿ-ն միացել է, որովհետեւ մենք ցանկացել ենք ունենալ հնարավորություն` ստուգելու այս կամ այն քաղաքացու վերաբերյալ տեղեկությունը: Խնդիրը սա է», - ասաց Զոհրաբյանը:

Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ, խոսքը այն մասին է, որ Ազգային անվտանգության ծառայության հետ նախնական պայմանավորվածությամբ այսօրվա հայտարարությանը միացած ուժերին կտրվի վերահսկման նոր հնարավորություն:

«Յուրաքանչյուր կուսակցությանը, որը դիմում է իրենց, կտրամադրվի մեկ աշխատանքային տեղ, որպեսզի ընտրությունների օրվանից սկսած, մայիսի 6-ի առավոտվանից սկսած մինչեւ այն ժամկետը, երբ կարելի է վիճարկել ընտրությունների արդյունքները, այդ կուսակցությունները հնարավորություն ունենան այս կամ այն անձի վերաբերյալ ստանալ տեղեկատվություն, թե երբ են նրանք հատել Հայաստանի սահմանը եւ որ ուղղությամբ», - ասաց Հարությունյանը:

Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ ԲՀԿ-ն այսօր միացել է նաեւ Հանրապետական կուսակցության մեկ այլ նախաձեռնությանը` ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններին, որոնք ներկայացվեցին անմիջապես այն բանից հետո, երբ ստեղծվեց միասնական շտաբը, եւ որոշ վերլուծաբաններ գնահատեցին, թե Հանրապետականը փորձում է հակակշռող որեւէ քայլ անել: Հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն ուշացումով միացավ այս վարքականոնին, Զոհրաբյանը պատասխանեց. - «Մենք հենց որ հարմար ենք գտել մեր քաղաքական խորհրդում քննարկել, այդ ժամանակ էլ միացել ենք, եւ դրանից մի օր ուշ, մի օր շուտ ոչինչ չի փոխում: Սրանք շատ համընդհանուր կանոններ են, եւ ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի որեւէ քաղաքական ուժ, որը կասի, որ ընտրությունների ժամանակ պետք չէ պահպանել կոռեկտություն»:

Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի հեղինակած այս վարքականոնի ՀՀԿ-ից բացի մինչեւ այսօր միացել էին միայն ՕԵԿ-ը եւ Դեմոկրատական կուսակցությունը: Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե ԲՀԿ-ի միանալը վարքականոնին չի կարող որեւէ կերպ ազդել միասնական շտաբի գործունեության վրա, զուգահեռներ չկան, ընդգծեց նա:

Ի դեպ, Դավիթ Հարությունյանը այսօր հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունը եւս սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է ցուցակները, փորձել ստուգել անճշտությունները: Նա ասաց` ընտրովի թակել են մարդկանց դռները, եւ առայօր որեւէ մեկը չի ներկայացրել հնարավոր այն խախտումները, որոնք իսկապես պետք է դիտել որպես ընտրախախտում. - «Որ նույն անձը հաշվառված է կամ ցուցակում ընդգրկված է երկու տարբեր տեղամասերում: Սա, բնականաբար, կլիներ խախտում, որովհետեւ ֆորմալ առումով դա կնշանակեր, որ այդ անձը կարող է քվեարկել միաժամանակ երկու տարբեր տեղամասերում: Եվ երկրորդ հնարավոր խախտում, որ ցուցակում ընդգրկված է անձ, որը անհայտ է, այդպիս անձ գոյություն չունի», - ասաց Հարությունյանը:

Մեկ բնակարանում տասնյակ մարդկանց հաշվառված լինելու դեպքերը, ըստ Դավիթ Հարությունյանի, ամենեւին էլ չեն խոսում ցուցակների վատ որակի մասին: Անկախ նրանից, թե որ հասցեում է հաշվառված մարդը, նա միեւնույն է մեկ ձայն ունի, մեկնաբանեց ՀՀԿ-ի ներկայացուցիչը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը, որով պահանջում են, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, Հարությունյանը հայտարարեց, թե այդ հարցը սահմանադրականության հետ որեւէ աղերս չունի: Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ի հետ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն եւս ժամանակին դեմ էին արդեն քվեարկած մարդկանց ցուցակները հրապարակելուն` պատճառաբանելով, թե ընտրություններին չմասնակցելը եւս քաղաքական կամքի արտահայտություն է, ուստի քվեարկողների անունները հրապարակելը այս իմաստով ճիշտ չի լինի: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխությունը, Հարությունյանը պատասխանեց. - «Ցանկացած նման հարց ՍԴ-ի վարույթ ընդունելու համար որոշակի ժամանակ կպահանջի: Բոլոր համար ակներեւ է, որ խոսքը չի վերաբերում այն ընտրություններին, որ մայիսի 6-ին են տեղի ունենալու, որ ուղղակի ժամանակային առումով դա իրատեսական չէ: Ուստի պարզ է, որ սա ընդամենը արված է որպես քայլ, որը օգտագործվելու է զուտ նախընտրական քարոզչության նպատակներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG