Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ երեկ զինված անձը հինգ անգամ կրակել է 59-ամյա վարչապետի վրա, նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ֆիցոյին երեկ վիրահատել են։
«Ես շատ ցնցված էի։ Բարեբախտաբար, որքանով տեղյակ եմ, վիրահատությունը լավ է անցել, այս պահին նա կյանքին վտանգ չի սպառնում», - ասել է Սլովակիայի փոխվարչապետ Թոմաս Տարաբան:
Նրա խոսքով՝ փամփուշտներից մեկը վնասել է Ֆիցոյի ստամոքսը, իսկ երկրորդը դիպել է հոդերին:
Aktuality.sk-ը հաղորդել է, որ վարչապետի վիճակը կայուն է։
Պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ֆիցոն «լուրջ պոլիտրավմա» է ստացել։
Երեկ հաղորդվեց, որ Ռոբերտ Ֆիցոն զինված հարձակման է ենթարկվել։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։ Սլովակիայի լրատվամիջոցների տվյալներով՝ չորս կրակոց է արձակվել կառավարության ղեկավարի ուղղությամբ։
Քաղաքական գործչին ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցա հիվանդանոց: Վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ Ֆիցոնի կյանքին վտանգ է սպառնում: Երկրի ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը մահափորձ է որակել:
Ավելի ուշ TV Markíza հեռուստակայանը հաղորդեց, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակել է 71-ամյա գրող Յուրայ Չինտուլան՝ Լևիցա քաղաքից: Նա ձերբակալվել է։