Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳ փոխնախարար․ «Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին»


ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկին, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկին, արխիվ

«Մոսկվան և Երևանը դաշնակիցներ են, իսկ Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ը լքելու մասին», - այսօր Կազանում ընթացող «Ռուսաստանի-Իսլամական աշխարհ» համաժողովի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Ռուսաստանը և Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում վստահելի գործընկերներ են։ Չնայած տարատեսակ հայտարարություններին, հուսով են, որ մենք կհաղթահարենք այդ պահերը, և ՀԱՊԿ-ի անդամ հանդիսացող մեր հայաստանցի գործընկերները, որոնք չեն հայտարարել կազմակերպությունը լքելու կամ դրա հետ կապերը խզելու մասին, կրկին մեզ հետ միասնական շարքերում կլինեն», - հայտարարել է բարձրաստիճան ռուսաստանցի դիվանագետը։

Անդրադառնալով ԵԱՏՄ կազմում Հայաստանի գործունեությանը՝ Պանկինը նշել է. - «Ես չեմ կարող Հայաստանի ղեկավարության փոխարեն որոշել, թե նրանք ինչ կցանկանան անել ապագայում, ինչ շահերով կառաջնորդվեն, սակայն [ԵԱՏՄ-ը] փոխշահավետ գործընթաց ու կառույց է»: ՌԴ ԱԳ փոխնախարարն ընդգծել է, թե «դա վիճակագրորեն հաստատվել է Հայաստանի տնտեսության աճի ցուցանիշներով»։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, և չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։

XS
SM
MD
LG