Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Պուտինը համաձայնեցրին ռուս սահմանապահների դուրսբերումը ՀՀ մի շարք մարզերից. Թուրքիայի և Իրանի սահմանին նրանք կմնան


Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 8-ը մայիսի, 2024թ.
Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 8-ը մայիսի, 2024թ.

Ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի մի շարք մարզերից, բայց կմնան հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Համաձայնությունը, ըստ նրա, ձեռք է բերվել վարչապետ Փաշինյանի ու նախագահ Պուտինի միջև երեկ Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ այդ մասին նաև Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր գրել։

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից։

Փաշինյան-Պուտին՝ ավելի քան մեկ ժամ շարունակված բանակցություններից այլ մանրամասներ այս պահին կողմերը չեն հաղորդել։ Հանդիպման հիմնական մասը, ինչպես միշտ, անցել է փակ դռների հետևում։ Առանձնազրույցից առաջ՝ լրագրողների համար բաց հատվածում Փաշինյանը նշել էր, որ կուտակված խնդրներ կան՝ թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ տարածաշրջանի մասով։ Պուտինն էլ արձագանքել էր՝ տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան, չմանրամասնելով՝ կոնկրետ ինչի շուրջ է վտանգ տեսնում։

Փաշինյան-Պուտին այս հանդիպումն առաջինն էր անցած չորս ամսում, որը տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Տավուշ-Ղազախ հատվածում սկսված սահմանազատման ֆոնին։ Մինչ այդ Մոսկվան հայտարարում էր, թե պատրաստ է աջակցել երկու երկրների միջև դելիմիտացիային՝ ակնարկելով, որ անհրաժեշտ քարտեզները միայն իրենք ունեն։ Երևանն ու Բաքուն, սակայն, փաստացի համաձայնության եկան առանց Ռուսաստանի, ասում է փորձագետ Արկադի Դուբնովը: Բանակցությունների այս ձևաչափը չի նախատեսում երրորդ կողմի միջնորդություն։ Փաշինյանը հասել է նրան, որ այլևս ռուս սահմանապահների կարիքը չունի, և Մոսկվան այս իրողությունն ընդունել է, ընդգծում է ռուս փորձագետը:

Հայաստանը 2024-ին չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը

Այդ ֆոնին, մինչ Փաշինյանն ու Պուտինի բանակցում էին փակ դռների ետևում, Երևանը նաև հայտարարեց, թե Հայաստանը 2024-ին չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը։ «Ազատության» դիվանագիտական աղբյուրի համաձայն, կառույցը ֆինանսավորվում է հետևյալ կերպ՝ Ռուսաստանը վճարում է բյուջեի 50 տոկոսը, մնացած 50 տոկոսը իրար մեջ բաժանում են մյուս հինգ անդամ երկրները, յուրաքանչյուրը՝ 10 տոկոս։

Արդյոք սա նշանակում է ևս մեկ քայլ ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ՝ փորձագետները չեն շտապում հետևություններ անել:

Ռուս վերլուծաբաններից մեկը, ով զգուշացավ հրապարակավ խոսել «Ազատության» հետ, որն անցանկալի կազմակերպություն է հայտարարված Ռուսաստանում, փոխանցեց՝ երկու կողմն էլ դեռ փորձում են կարմիր գծերը չանցնել։ «Կարևորն այն է, որ ռուս սահմանապահները փաստացի մնում են Գյումրիի բազայում և Սյունիքում», - «Ազատությանն» ասաց ռուս հայտնի քաղաքագետներից մեկը՝ անանուն մնալու պայմանով:

«Թուրքիայի և Իրանի սահմաններից այն կողմ ռուս սահմանապահների տեղակայումն ի սկզբանե դուրս էր 1992 թվականի համաձայնագրի շրջանակներից: Կարելի է ասել, որ սրանով իրավիճակը համապատասխանեցվել է օրենքի տառին։ Այստեղ կարևորն այն է, որ Մոսկվան ու Երևանը չեն որոշել փոխել անվտանգության ենթակառուցվածքը գլոբալ առումով», - նաև նշեց ռուս քաղաքագետը:

Հանդիպումից հետո՝ այսօր, Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել է, թե Մոսկվայի և Երևանի միջև խնդիրներ կան, բայց դրանք չպետք է ուռճացնել։ «Մոսկվան հիմնականում դրական է վերաբերվում Երևանի հետ հետագա հարաբերությունների հեռանկարներին», - ասել է Պեսկովը։

«Պետք չէ չափազանցել զրույցի բարդությունը։ Իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ։ Բայց, մյուս կողմից, որքան սերտ է երկու երկրների փոխգործակցությունը, որքան լայն է երկկողմ հարաբերությունների համալիրը, այնքան հաճախ են տարբեր խնդիրներ հանդիպում և առաջանում», - նշել է Կրեմլի խոսնակը:

«ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն առայժմ հետաձգվում է»

Ռուսաստանյան մամուլն էլ արձանագրում է՝ Հայաստանի վարչապետը չշնորհավորեց Պուտինին նախագահությունը ստանձնելու առթիվ, բայց և խոսք չասաց Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ։

«Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, ինչը նշանակում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն առայժմ հետաձգվում է», - գրում է "Московский комсомолец"-ը։

"Коммерсантъ"-ն էլ գրում՝ «Նիկոլ Փաշինյանը խաղաղ ելույթ ունեցավ, ցույց տալով, որ Հայաստանը մտադիր է հետագայում էլ մնալ ԵԱՏՄ անդամ և անգամ հնարավոր է՝մասնակցի այդ կառույցի ֆինանսավորմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG