Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները քննադատում են իշխանություններին Կիրանցում ուժի կիրառման համար, իշխանականները հերքում են


Ազգային ժողովում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը քննադատեց իշխանություններին Կիրանցում վաղ առավոտյան «ցուցարարների վրա բռնի ուժ գործադրելու համար»։

«Մարդիկ, որոնք ծնվել են սահմանային գյուղում, ուժի դաժան կիրառմամբ, տեղափոխվել են Իջևանի ոստիկանություն», - հայտարարեց Նազարյանը։

ԱԺ իշխանական պատգամավոր Հայկ Ղալումյանը հակադարձեց՝ «որևէ ցուցարարի նկատմամբ ուժ չի կիրառվել»։

«Գրեթե 30 Կիրանց գյուղի բնակիչ բերման է ենթարկվել Ոստիկանություն, որտեղ եղել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, որոնց հետ կապվել եմ և որոնք հավաստիացնում են, որ ոչ ոք բռնության մասին չի խոսել, դրա մասին հավաստիացրել են հենց բերման ենթարկվածները», - ասաց Ղալումյանը։

«Այն, ինչ կատարվել է սահմանին զիջողական քաղաքականության հետևանք է»

«Այն ինչ կատարվել է և այսօր կատարվում է սահմանին, հետևանք է զիջողական քաղաքականության», - իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Վկայակոչելով 44-օրյա պատերազմից հետո արված զիջումները Սյունիքում ու Գեղարքունիքում՝ ընդդիմադիր պատգամավորը պնդեց՝ այդ զիջումների «այսօրվա շարունակությունն արտահայտվում է Տավուշի մարզում»։

«Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում»

Վահե Ղալումյանն էլ մեղադրեց ընդդիմադիրներին Տավուշում պատերազմ հրահրելու համար, ապա քննադատեց պաշտպանության նախկին նախարարին․ - «Եթե 94 թվականից հետո ռազմական ուժերում մեծ պաշտոններ ունենալով չեք կարողացել մեր պետության սահմանը գծեք, զատեք, հիմա ումից ի՞նչ եք ուզում։ Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում, եթե կիրանցեցին մենակ է մնալու։ Չի կարելի գնալ կիրանցեցու ցավոտ հարցի կողքին կանգնել՝ սեփական շահն ունենալով, կիրանցեցուն էլ օգտագործել»։

Ոստիկանությունն այսօր վաղ առավոտից փակել է Իջևանից Կիրանց տանող ճանապարհը՝ արգելելով նաև լրագրողների մուտքը գյուղ:

Բնակիչներն ահազանգեցին՝ ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել գիշերը հերթապահություն իրականացնող տղամարդկանց։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ «Ազատության»-ը փոխանցեց, որ առավոտյան ժամը 6-ին կարմիր բերետավորները մտել են գյուղ և մարդկանց ծեծելով, բիրտ ուժ կիրառելով տարել են Իջևանի բաժանմունք։

Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանեց՝ բերման է ենթարկվել 30 քաղաքացի, իսկ Կրանցի հատվածում ականազերծում և ուժեղացված ծառայություն է իրականացվում։

Ժամեր անց Ոստիկանությունը հաղորդեց, որ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։

Կիրանցի ազատ արձակված բնակիչներին, սակայն, ոստիկանները գյուղ չեն թողնում մտնել․ Իջևանից գյուղ տանող ճանապարհը դեռ փակ է, մի քանի տասնյակ ոստիկաններ պատ են կազմել և թույլ են տալիս միայն գյուղում գրանցված բնակիչների ելումուտը տարածք, մյուս անձանց, նույնիսկ պատգամավորների համար, մուտքը փակ է։

XS
SM
MD
LG