Մատչելիության հղումներ

Նոյեմբերյան համայնքը չի աջակցում և չի մասնակցում սահմանազատման գործընթացին


Նոյեմբերյան քաղաք, 23-ը ապրիլի, 2024թ.
Նոյեմբերյան քաղաք, 23-ը ապրիլի, 2024թ.

Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան, ասված է համայնքի տարածած հայտարարության մեջ։

«Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում՝ Տավուշի մարզում», - նշել է Նոյեմբերյանի համայնքը։

Ըստ հայտարարության՝ Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր, և այս պարագայում իրատեսական չէ խոսել մի քանի գյուղի տարածքում խաղաղության մասին։

Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը «Ապրելու երկիր» կուսակցությունից է։

Այս պահին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածը փակ է՝ դեպի Վրաստան տանող ճանապարհը։ Այստեղ են բնակիչներ բոլոր գյուղերից, որոնք սահմանազատման հետևանքով, իրենց ձևակերպմամբ, խոցելի են դառնում։

ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն հայտնել են, որ Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման աշխատանքներ, իսկ կառավարությունից հավելել են, որ երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը։

Սա արվում է սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, որով կողմերը «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Բաղանիսում իրավիճակը լարված է՝ ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել այն:

XS
SM
MD
LG