Մատչելիության հղումներ

Բաքուն գոհ է՝ ինչպես են Մոսկվայի մասնակցությամբ անվտանգային հարցերը լուծվում տարածաշրջանում. Ալիևը՝ Պուտինին


Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները, արխիվ
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները, արխիվ

Ադրբեջանը գոհ է, թե ինչպես են Ռուսաստանի մասնակցությամբ անվտանգային հարցերը տարածաշրջանում լուծվում, Լեռնային Ղարաբաղից ռուսական զորախումբը վաղաժամ դուրսբերելու շուրջ Մոսկվայի հետ ձեռք բերված պայմանավորվածության ֆոնին հայտարարում է Իլհամ Ալիևը Կրեմլում ռուս պաշտոնակցի հետ հանդիպմանը։

Ադրբեջանի առաջնորդը մեկօրյա այցով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հրավերով։

«Տարածաշրջանային անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են մեր հանդիպումների օրակարգում, և մենք ուրախ ենք, ինչպես են դրանք լուծվում: Ռուսաստանն է Կովկասում ավելի լայն աշխարհագրությունում տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից հիմնարար երկիրը, և մեր երկրների փոխազդեցությունից շատ բան կախված է», - Պուտինի հետ բանակցություններից առաջ հայտարարեց Ադրբեջանի առաջնորդը՝ շեշտելով, որ Բաքուն միտված է է՛լ ավելի ամրապնդելու վստահությունը, համագործակցությունը, փոխըմբռնումը՝ Մոսկվայի հետ բոլոր հարցերը լուծել փոխգործակցության և փոխադարձ շահերից ելնելով:

Տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերը՝ փակ դռների հետևում

Պուտին - Ալիև բանակցությունների մեկնարկին իր խոսքում Ռուսաստանի նախագահն անվտանգության, տարածաշրջանային հարցերին չանդրադարձավ, միայն նշեց, որ թեման ադրբեջանցի պաշտոնակցի հետ կքննարկի փակ դռների հետևում:

«Կքննարկենք նաև իրավիճակը՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այստեղ հարցերը շատ են, դրանք շատ զգայուն հարցեր են»,- ասաց Ռուսաստանի առաջնորդն առանց փակագծեր բացելու։

Փոխարենը Վլադիմիր Պուտինը մանրակրկիտ խոսեց ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցությունից՝ հատուկ ընդգծելով, որ երկու երկրների միջ առևտրաշրջանառությունը գերազանցել է 4 միլիարդ դոլարը, ռուսական կապիտալն էլ Ադրբեջանում գնահատվում է մոտ 6 միլիարդ դոլար։

Սա Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է նրանց՝ երկուսի դեպքում էլ նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ վերընտրվելուց հետո։ Կրեմլը բանակցությունների մասին հաղորդեց անցած շաբաթավերջին՝ Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախումբը նախատեսված ժամկետից մեկուկես տարի շուտ դուրս բերելու՝ երկու նախագահների ընդունած որոշման ֆոնին։ Ո՛չ պաշտոնական Մոսկվան, ո՛չ Բաքուն մինչև այս պահը չեն մեկնաբանել այդ որոշումը՝ սահմանափակվելով միայն որոշման մասին հայտարարությամբ։

Ինչո՞ւ է Մոսկվան որոշել իր զորախումբը ժամկետի ավարտից շուտ դուրս բերել, ինչի՞ դիմաց է Կրեմլը համաձայնել լուծել Բաքվի համար դիվանագիտական այդ խնդիրը. այս հարցերի պատասխանները Պուտին-Ալիև բանակցությունների հրապարակային հատվածում չհնչեցին։

Պեսկովն ակնարկել է, որ Փաշինյանին էլ են սպասում Մոսկվայում

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից բացի, ռուսական ներկայությունը կարող է կրճատվել նաև Հայաստանի տարածքում։

Անցած շաբաթ Երևանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է փաստացի հաստատել, ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշից։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, այսօր արձագանքելով Հայաստանի վարչապետի հայտարարությանը, պնդել է, թե նման ազդանշան Երևանից առայժմ չեն ստացել, ակնկարկելով, որ Ալիևից հետո Մոսկվայում սպասում են Փաշինյանին։

«Մոսկվան ակնկալում է, որ մոտ ապագայում նախագահ Պուտինը և վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել հրատապ հարցերը», - նշել է նա։

Վերադառնալով Ալիև-Պուտին շարունակվող բանակցություններին՝ ռուսական կողմը այդ հանդիպման առիթ է ընտրել Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու կառուցման 50-ամյա հոբելյանը, թեև դրա բուն հանդիսավոր միջոցառումները, ըստ ռուսական աղբյուրների, նախատեսված են հուլիսին։ Խորհրդային տարիներին իրականացված մեգանախագիծը, ինչպես այսօր Պուտինն էր շեշտում, իրականացվել է Իլհամ Ալիևի հոր՝ ԽՍՀՄ փոխվարչապետ Հեյդար Ալիևի անմիջական վերահսկողությամբ։ Նախագահներ Պուտինն ու Ալիևն այսօր նախատեսում են հանդիպել այդ մայրուղու վետերան շինարարների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG