Մատչելիության հղումներ

Պուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կլինի, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, Ստեփանավանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ չհանդիպելու պլաններ չունեն։

Իսկ թե երբ, Փաշինյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել։

«Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել»,- ասաց գործադիրի ղեկավարը։

Ռուաստանի արտգործնախարարը երեկ չէր բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև առաջիկայում կլինեն շփումներ՝ երկկողմ հարաբերությունների վիճահարույց հարցերը քննարկելու համար։

Թե կոնկրետ երբ կարող են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հանդիպել, Լավրովն էլ չէր հստակեցրել։

Մինչ այդ, Կրեմլը հայտարարել էր, որ առաջիկա երկուշաբթի Ադրբեջանի նախագահն է մեկնում Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման։

Կրեմլը հաղորդել է, որ նրանք քննարկելու են երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացումը, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Ռուսաստանի նկատմամբ դժգոհություններից ու ավելի քան յոթ ամսվա բոյկոտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի դեկտեմբերի 25-ին ի վերջո մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ նիստերին։ Հենց ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում էլ հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը։ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից հետո սա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի առաջին հանդիպումն էր, որը Կրեմլը բնութագրեց ոչ թե բանակցություն, այլ ոտքի վրա զրույց։

Մայիսի սկզբին նախատեսված է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը և Պուտինի երդմնակալության արարողությունը, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի մինչև այս պահը չի հստակեցրել թե արդյոք կմասնակցի այդ միջոցառումներին և ինչ ձևաչափով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG