Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանին չչեղարկեց որոշումը, որում օրենքի խախտում էր արձանագրվել


Վանաձորի ավագանին, 8-ը ապրիլի, 2024թ.
Վանաձորի ավագանին, 8-ը ապրիլի, 2024թ.

Վանաձորի ավագանին այսօր չչեղարկեց մեկուկես տարի առաջ կայացրած որոշումը, թեև թե՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ու թե՛ Տարածքային կառավարման նախարարությունն օրենքի խախտում էին արձանագրել ու պահանջել ուժը կորցրած ճանաչել այն։ Ավագանու բոլոր ներկա անդամները ոչ կողմ, ոչ դեմ արտահայտվեցին, բայց իրենց ձեռնպահ քվեարկությամբ մերժեցին իրենց իսկ նախկին որոշումը չեղարկելու պահանջը։

Այս քվեարկությանը չմասնակցեց ավագանու ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Սեյրան Ղամբարյանը, ում դստերը պատկանող տարածքին էր վերաբերում որոշումը։ Մինչդեռ մեկուկես տարի առաջ նույն հարցի քվեարկությանը մասնակցել ու կողմ էր եղել։ Այդ որոշմամբ ավագանին թույլատրել էր, որ Ղամբարյանի դստերը պատկանող տարածքը փոխանակվի ավելի թանկ կադաստրային արժեք ունեցող մեկ այլ տարածքով։

Վանաձորի մուտքի մոտ՝ մայրուղուն կից նախկին 630 քառակուսի մետրի համար, ըստ փաստաթղթերի, Ղամբարյանները համայնքին վճարել են մեկ միլիոն 200 հազար դրամ։ Մինչդեռ, Վանաձորի բուսաբանական այգուն հարակից նոր, հանգստի գոտի համարվող համայնքապատկան տարածքը մեկուկես միլիոն դրամով թանկ է, ինչն ավագանու նախկին որոշման մեջ չեն արձանագրել, ու Ղամբարյաններն էլ հավելյալ վճարումներ չեն արել։

Այսօր քվեարկությունից առաջ որոշման նախագիծը ներկայացնելիս ո՛չ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ո՛չ էլ կառավարության հիմնավորումները չընթեցրվեցին։ Համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նիստից հետո «Ազատության»-ն ասաց՝ դրա կարիքը չկար, ավագանու անդամները ձեռքի տակ ունեն բոլոր հիմնավորումները։

«Նախագծում ամեն ինչ գրված է եղել, կարող եք նայել։ Այսքան ավագանու անդամն իր կարծիքը արտահայտեց քվեարկությամբ», - ասաց նա։

«Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Սեյրան Ղամբարյանը, որ մինչ այդ իր կուսակիցների հետ բոյկոտում էր ավագանու նիստերը, մեկ տարի առաջ իր դստեր հարցով նիստին ներկայացավ ու նպաստեց, որ քվորում լինի, նիստ կայանա։ Ղամբարյանը մշտապես հերքել է շահերի բախումը, նշել, որ առանց իր քվեարկության էլ ավագանու մյուս անդամների ձայները բավարար կլինեին հօգուտ իր դստեր որոշում կայացնելու համար։ Հերքել է նաև, թե ավագանու նիստերին իր մասնակցությունը կապ ունի իր համար շահեկան այս որոշման հետ։ Այսօր էլ նիստից հետո զայրացավ «Ազատության» հարցերից, նշեց, թե իրավապահներն ուսումնասիրել ու հանցակազմ չեն գտել։

«Դա մերժել է դատախազությունը, դա հակակոռուպցիոնն ինքնուրույն որոշում չի կայացրել, ուղարկել է համայնքին, համայնքը որոշել է», - ասաց նա։

Ավագանու անօրինական համարված նախկին որոշումը չեղարկելու նախագծին ձեռնպահ քվեարկած անդամներն այդպես էլ չբացատրեցին՝ ինչու ոչ կողմ էին, ոչ դեմ, այլ, ըստ էության, անտարբեր։

«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանը, որ ավագանու, ըստ նրա անօրինական այս որոշումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով էր հասցրել, նշում է՝ մարզպետը պարտավոր է դատի տալ ավագանուն, դատարանի միջոցով չեղարկել այն ու Ղամբարյաններին անցած տարածքը հետ բերել համայնքին. - «Ավագանին, ձեռնպահ քվեարկելով, փաստացի դեմ քվեարկեց, հաջորդ գործառույթը արդեն Լոռու մարզպետի հետ է, այսինքն՝ Լոռու մարզպետը օրենքով տրված իր լիազորությունների շրջանակում պարտավոր է դատարան դիմել ընդդեմ Վանաձորի ավագանու»։

Այսօր թե՛ մարզպետարանից ու թե՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից չմեկնաբանեցին տեղի ունեցածը, հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG