Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանին համայնքի շահերին հակասող գործարք է արել՝ ըստ իրավապաշտպանի. նա կդիմի դատախազություն


Վանաձորի ավագանին մտադիր չէ չեղարկել ամիսներ առաջ կայացրած որոշումները, որոնք տեղի իրավապաշտպանը ապօրինի է գնահատում։ Գևորգ Քոթանջյանն ասում է՝ Վանաձորի համայնքապետարան ու Լոռու մարզպետարան իր դիմումներն արդյունք չեն տվել։ Վաղը պատրաստվում է դիմել դատախազություն՝ դրանց իրավական գնահատական տալու պահանջով։

«Իհարկե, այս ամբողջ գործընթացն արդյունք չստացավ, և սրանով պայմանավորված միակ ուղին մնում է արդեն իրավական առումով գնահատական ստանալը։ Մեր պատկերացմամբ այստեղ կան առնվազն մի քանի դրվագներ, որոնց շուրջ պետք է հարուցվի քրեական գործ», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։

Վանաձորի ավագանին թույլատրել էր, որ ընդդիմադիր անդամներից մեկի՝ Սեյրան Ղամբարյանի դստերը պատկանող տարածքը փոխանակվի ավելի թանկ կադաստրային արժեք ունեցող մեկ այլ տարածքով։ Վանաձորի մուտքի մոտ՝ մայրուղուն կից նախկին 630 քառակուսի մետրի համար, ըստ փաստաթղթերի, Ղամբարյանները համայնքին վճարել են մեկ միլիոն 200 հազար դրամ։ Մինչդեռ, Վանաձորի բուսաբանական այգուն հարակից նոր տարածքը, որ հանգստի գոտի է համարվում, մեկուկես միլիոն դրամով թանկ է, ինչն ավագանու որոշման մեջ չեն արձանագրել, ու Ղամբարյաններն էլ հավելյալ վճարումներ չեն արել։

Իրավապաշտպանը պնդում է՝ ավագանին համայնքին էական վնաս է պատճառել. - «Ավագանին ինքն է որոշում, թե ինչ է անում, բայց այստեղ ստացվում է, որ համայնքի շահերին է հակասում դա, և համայնքի բալանսից դուրս է գալիս մի հող, որի կադաստրային արժեքը միայն շատ ավելի բարձր է, քան այն տարածքը, որով փոխարինում են»։

Մինչդեռ, Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը, որ ավելի վաղ պնդել էր, թե փոխանակված տարածքները համարժեք են, այսօր ասաց, թե օրենքը չի պարտադրում տարածքի փոխանակումը կատարել ըստ կադաստրային արժեքի. ավագանին հարմար է գտել, փոխանակել է. - «Հողային օրենսգիրքը կարգավորում է հողամասերի փոխանակման կարգը, համապատասխան հոդվածով, այնտեղ համարժեքության խնդիր դրված չէ, ընդամենը եղել է դիմում, քննարկվել է՝ որի հետ փոխանակվի, և արվել է»։

Ընդդիմադիր անդամի դստերը դեռ 2018-ից պատկանող տարածքը այլ հողակտորով փոխանակելու հարցը ծագել էր անցած տարի, երբ համայնքապետարանը որոշել էր քարե ցուցանակ տեղադրել Վանաձորի մուտքի մոտ։ Ճարտարապետի պնդմամբ՝ տեղադրելիս չեն իմացել, որ տարածքը սեփական է։ Միայն տեղադրելուց հետո է պարզվել՝ ում է պատկանում։ Սեփականատերն էլ պահանջել է վնասը փոխհատուցել։ Մինչդեռ, իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը պնդում է՝ գործարքը համայնքի համար ոչ շահավետ է եղել ու քաղաքական նպատակներ է հետապնդել։ Ընդ որում, շեշտում է, որ Ղամբարյանն իրավունք չի ունեցել քվեարկելու իր դստերը վերաբերող հարցին, բայց քվեարկել է։

«Ինքնին այս պատմությունը շատ լղոզված ու նույնիսկ ծիծաղելի է։ Հարց է առաջանում, թե ինչու հենց Ղամբարյանի դստեր տարածքը փոխարինվեց, և ինչու ինքը եկավ նիստին», - ասաց նա։

Դեռ կես տարի առաջ Վանաձորի ավագանին երկարատև անհաջող փորձերից հետո կարողացավ արտահերթ նիստ անցկացնել։ Մինչ այդ քվորում չէր ապահովվում՝ ընդդիմադիրների՝ «Մամիկոն Ասլանյան» և «Հայրենիք» խմբակցությունների բոյկոտի պատճառով։ Անցած տարեվերջին ի վերջո տեղի իշխանությանը հաջողվեց նիստ գումարել ընդդիմադիր անդամներից երկուսի՝ հենց Սեյրան Ղամբարյանի և նրա թիմակից Գայանե Քալանթարյանի շնորհիվ։

Նրանք հայտարարել էին, թե ներկայացել են նիստին, որպեսզի հնարավոր լինի բյուջե և սուբվենցիոն ծրագրեր հաստատել։ Մինչդեռ համայնքի համար կենսական նշանակության այս հարցերի շարքում ներառված էր նաև բոյկոտը դադարեցրած ընդդիմադիր անդամի՝ Սեյրան Ղամբարյանի դստեր տարածքի հարցը։ Համայնքի գլխավոր ճարտարապետը հրաժարվում է բացատրել՝ ինչո՞ւ հենց այս մեկ հարցը ներառվեց առաջին նիստում, այն դեպքում, երբ հարյուրավոր սեփականատերեր նման խնդիրներով դիմել էին արդեն մեկ տարի նիստեր չանցկացնող ավագանուն։

Համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ևս այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին, միայն հերքեց, թե քաղաքական պայմանավորվածություն են ունեցել ընդդիմադիր անդամի հետ։

«Ուղղակի ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպությունը կվիճարկի նաև ավագանու նույն նիստում կայացված մեկ այլ որոշում, որով մեկուկես տարվա ընթացքում ընդամենը երկու նիստ անցկացրած ավագանու անդամներն ամսական 15 հազարական դրամ կստանան՝ որպես ծախսերի փոխհատուցում։ Ավագանու անդամներից կատարած ծախսերի որևէ փաստաթղթային հիմնավորում չի պահանջվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG