Մատչելիության հղումներ

4 գյուղերի հանձնումը խարխլելու է ամբողջ Տավուշի անվտանգությունը. Գեղամ Մանուկյան


4 գյուղերի հանձնումը խարխլելու է ամբողջ Տավուշի անվտանգությունը, «Ազատության» հետ զրույցում պնդեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ադրբեջանը փուլ-փուլ Հայաստանին ներկայացնում է նոր պահանջներ, ինչ-որ բառերի տակ մերոնք դիմադրում են, բայց հետո լռելյայն կատարում են այդ ամենը», - նշեց նա։

Վարչապետ Փաշինյանը երեկ ասուլիսում ասաց, որ այդ չորս գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն։

«Ազատություն». - Վարչապետի հնչեցրած պատրաստակամությունը 4 գյուղերի մասով Դուք կանվանեի՞ք զիջում, եթե նա միաժամանակ ասում է, որ այդ սկզբունքը պետք է պահպանվի սահմանի ամբողջ երկայնքով։

Գեղամ Մանուկյան. - Ադրբեջանը փուլ-փուլ Հայաստանին ներկայացնում է նոր պահանջներ, ինչ-որ բառերի տակ մերոնք դիմադրում են, բայց հետո լռելյայն կատարում են այդ ամենը։ Նույնը եղավ նոր Սահմանադրության ընդունման հետ կապված։

Վերջին օրերին դեռ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի պատվիրակը սահմանազատման-սահմանագծման միայն աշխատանքային հարաբերությունների հարցն էին քննարկում, ադրբեջանական կողմից եղավ անհապաղ 4 գյուղի մասին հայտարարություն։ Երեկվա Նիկոլ Փաշինյանի ասածը բառախաղ է։ Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ասում է՝ Տավուշի որևէ գյուղ չենք տալու, իսկ այն, ինչ որ ասել է Ադրբեջանը, դա Հայաստանի Հանրապետության մաս չէ։ Վերնագիր՝ Տավուշից որևէ գյուղ չենք տալու։ Երեկ ամբողջ հայ հասարակությանը կերցրեցին՝ Տավուշից որևէ գյուղ չենք տալիս, բայց իրականում այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում, անվտանգային գոտում եղած նախկին բնակավայրեր, բանալի տարածքներ, որոնք նաև Հայաստանը Վրաստանին կապող մայրուղու վրա են, լռելյայն ասաց, որ տալիս են։

«Ազատություն». - Բայց եթե դա սահմանի ամբողջ երկայնքով է լինելու, որտեղ էլ հիմա հայկական տարածք է, ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ...

Գեղամ Մանուկյան. - Ո՞ր երկայնքով, ինչի՞ հիման վրա է դա որոշվել, որ ՀՀ մաս չէ։ Չկա որևէ փաստաթուղթ։

Երեկ ի՞նչ է ասում, ասում է՝ Եվրամիության հետ Պրահայում որ ստորագրեցինք, զանգեցի գործընկերներիս, ասացի՝ սովետական միության հանրագիտարանով Հայաստանի մակերեսը նկարեք, ուղարկեք... հետո պարզեցինք, որ ուրիշ թվեր կան։

Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ խայտառակ ձևի կառավարում պետք է ունենաս, որ հանրագիտարանով քո սեփական երկրի սահմանը դու պատկերացնես։

Ամբողջությամբ՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG