Մատչելիության հղումներ

Ընդդիմության համոզմամբ՝ Փաշինյանը գնում է հերթական միակողմանի զիջումների


Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը, արխիվ
Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը, արխիվ

Ընդդմության համոզմամբ՝ վարչապետ Փաշինյանն այսօր հստակ հայտարարեց, որ պատրաստվում է Ադրբեջանին հանձնել բոլոր այն գյուղերը, որոնք Բաքուն վերջին օրերին պահանջում է։ Ադրբեջանը վերջին օրերին բարձրացնում է Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս ոչ անկլավային գյուղերն անհապաղ իրեն վերադարձնելու հարցը։

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը զգուշացնում է՝ եթե այդ գյուղերը Փաշինյանը հանձնեց, Հայաստանն ինքն է դառնալու մի մեծ անկլավ՝ շրջապատված ադրբեջանական ուժերով, և զրկվելու է իր ռազմավարական նշանակության ճանապարհներից ու կոմունիկացիաներից:

«Հանձնում է թշնամուն մեր լավագույն պաշտպանական բնագծերը, այն կոմունիկացիաները, որ Երևանից դեպի Վրաստան են գնում, հիմնական միջպետական ճանապարհը, գազատար, և այլն, և այլն: Դուք լավ եք հասկանում, որ եթե այդ տարածքներն անցնում են ադրբեջանական վերահսկողության ներքո, ապա այդ տարածքներում կարող են բնակեցվել ադրբեջանցիներ, դեպի այդ տարածքներ ձևավորվելու են նոր կոմունիկացիաներ Ադրբեջանի կողմից, էդ կոմունիկացիաները վերահսկվելու են ադրբեջանական զինված ուժերի կողմից, և Հայաստանն ամբողջությամբ հայտնվելու է ադրբեջանական ներկայության թակարդում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը՝ շարունակելով. - «Հետևաբար՝ միայն զիջելով, միայն հանձնելով՝ ոչ միայն դու երաշխիք չես ստեղծում, որ Ադրբեջանը չի հարձակվի, այլ ընդհակառակը՝ իրենց առավել լավ պայմաններ ես տալիս՝ էդ դիրքերից քո վրա հարձակում իրականացնելու համար: Իսկ էս տարածքների զիջելու պարագայում Հայաստանի Հանրապետությունը ինքը դառնալու է մի մեծ անկլավ, որտեղ հյուսիսից հարավ ինքը, էսպես, սենդվիչի նման անջատվում կամ բաժանվում է ադրբեջանական ներկայությամբ»:

Խորհրդարանական ընդդիմադիր մյուս խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ շեշտում է՝ Փաշինյանն իր այսօրվա հայտարարություններով պարզապես արդարացնում է Ադրբեջանի հնարավոր գործողությունները։

«Այն, որ դրանով իսկ լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից ամենակոշտ միջոցների ձեռնարկումը, դա գոնե ակնհայտ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը:

Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։ Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն անթույլատրելի է համարում հատվածական դելիմիտացիան, պնդելով, որ այդ կերպ Հայաստանը հայտնվելու է թակարդի մեջ, քանի որ դելիմիտացիայի համար չեն ամրագրվելու հստակ սկզբունքներ:

«Հատվածային դելիմիտացիա ասելով հասկանում ենք հետևյալը՝ որ սկսում ենք Տավուշից, հետո ըստ առանձին մարզերի պետք է շարունակվի այդ դելիմիտացիան, ինչը նշանակում է՝ որպես սկզբունք չկա մեկ հստակ քարտեզ, որի հիման վրա կիրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսը: Եվ դա լրացուցիչ առավելություն է տալու ադրբեջանական կողմին՝ յուրաքանչյուր հատվածի համար իր համար ընդունելի տարբերակ բերել, ընդունելի քարտեզ կամ ընդունելի որոշումներ բերել և ցույց տալ, որ այդ տարածքները ևս պատկանում են Ադրբեջանին», - նշեց Գրիգորյանը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նույնպես անընդունելի է համարում հատվածական դելիմիտացիան։ Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ առանց դելիմիտիացիայի և դեմարկացիայի սկզբունքների ճշգրտման և համաձայնեցման, Բաքվի ու Անկարայի ճնշումների ներքո այսպիսի գործընթացի իրականացումը չի բխում Հայաստանի շահերից։

«Երբ մի կողմից ասում են, որ դելիմիտացիա-դեմարկացիայի հետ կապված ունենք մեծ խնդիրներ՝ դա վերաբերում է և՛ քարտեզներին, և՛ վերաբերում է իրավական բազային, որի միջոցով փոխհամաձայնեցված ձևով պետք է արվի, ապա դրա բացակայության պայմաններում Հայաստանի կողմից ցանկացած պատրաստակամություն՝ հանձնելու կամ ինչ-որ բան զիջելու, բնականաբար, բոլոր առումներով դատապարտելի է և իր մեջ որևէ տրամաբանություն չի պարունակում», - ասաց Աբրահամյանը:

Շեշտելով, որ Բաքվի պահանջած չորս գյուղերը երբեք չեն եղել Հայաստանի տարածքում, վարչապետ Փաշինյանն այսօր երեքուկես ժամ տևած ասուլիսում Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքների, այդ թվում՝ 31 գյուղերի տարածքների վերադարձի շուրջ որևէ հստակ հայտարարություն չարեց:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը սա պատահական չի համարում՝ պնդելով, որ հերթական զիջման դիմաց Հայաստանը ոչինչ չի ստանալու:

«Իսկ, օրինակ, ադրբեջանցիները Ջերմուկից դուրս ե՞ն գալու, Ներքին Հանդից դուրս ե՞ն գալու, Վարդենիսի հատվածից դուրս ե՞ն գալու: Էդ հարցերին առանց պատասխանելու Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ է նոր տարածքներ հանձնում: Ի՞նչ է նշանակում՝ քո գործող ճանապարհները, գործող կոմունիկացիաները, քո երկրի տարածքում գտնվող տարածքները հանձնես հանուն ոչնչի, ոչինչ դրա դիմաց չստանալով: Որովհետև, կրկնում եմ՝ եթե լիներ ընդհանուր տրամաբանություն, ընդհանուր քարտեզ, որտեղ ակնհայտ կլիներ, թե ով որտեղով է հետ կամ առաջ գնում, և հստակեցվում են սահմանները, միգուցե ընկալելի կլիներ: Բայց մինչև այս պահը Նիկոլ Փաշինյանը խոսում է միայն հանձնելու մասին և չի խոսում նրա մասին, որ իքս թվականի քարտեզների հիման վրա Ադրբեջանը, օրինակ, պետք է դուրս գա Ջերմուկից, Կապանից և այլ հատվածներից», - ընդգծեց Գրիգորյանը:

Տիգրան Աբրահմայնի համոզմամբ էլ՝ վարչապետ Փաշինյանն այսօր իր հայտարարություններով ցույց էր տալիս Բաքվին հերթական միակողմանի զիջումների գնալու իր պատրաստակամությունը:

XS
SM
MD
LG