Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը չորս զոհ, մեկ վիրավոր ունի


Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», - ասաց Քոչարյանը՝ նշելով, որ հայկական կողմի 4 զոհն ու վիրավորը «Երկրապահ կամավորական միության» (ԵԿՄ) անդամներ են։

Ըստ Քոչարյանի՝ իրավիճակն այս պահին կայուն է։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահը որոշ մանրամասներ ներկայացրեց․ - «Կամավորականները որոշակի դիրքապահ ծառայություն են իրականացրել, ինչ-որ իրավիճակ է առաջացել, որտեղ տեղի են ունեցել կրակոցներ, որի արդյունքը զոհեր և վիրավոր ունենալն է: Իսկ ինչքանո՞վ է կրակոցն անհրաժեշտ եղել, թե ոչ, ծառայողական քննությունը կտա հարցի պատասխանը»։

Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ զոհերը 40-ից 67 տարեկան են։

Պաշտպանության նախարարությունն էլ ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝ 50-ամյա Էդուարդ Համլետի Հարությունյանը, 42-ամյա Գագիկ Վարազդատի Մանուկյանը, 45-ամյա Արսեն Գագիկի Համբարձումյանը և 67-ամյա Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը։

Ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօր ժամը 5:30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

Ավելի ուշ Բաքուն հաղորդեց, թե փետրվարի 13-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողություն։

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը նշեց, որ «Հատուցում» գործողության արդյունքում Ներքին Հանդի բնակավայրի մոտ գտնվող Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքը, «որտեղից երեկ կրակ էր բացվել ադրբեջանցի զինվորի վրա, ամբողջությամբ ոչնչացվել է»։

Երեկ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել:

Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունն արձագանքեց՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է։

Գյուղում իրավիճակն արդեն նորմալ է

Մոտ 100 բնակիչ ունեցող Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը ժամը 15-ի սահմաններում «Ազատությանը» տեղեկացրեց, որ գյուղում իրավիճակն արդեն նորմալ է։ Առավոտյան համայնքապետը հայտնել էր, որ Ներքին Հանդում լարված է, կրակոցները գյուղում լսել են:

Բաղդասարյանի փոխանցմամբ՝ կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, վարչական շրջանի ղեկավարն ընդգծեց, որ կրակոցների ձայները Ներքին Հանդում լսելի են եղել գիշերը 3-ից մինչև 6։30-ը։

Ներքին Հանդը տարբեր կողմերից շրջապատված է ադրբեջանական դիրքերով, որոնք այնտեղ տեղակայվեցին 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանցիներն առավել առաջացան 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման ժամանակ՝ զրկելով գյուղացիներին արոտավայրերից։ «Ազատության» Սյունիքի թղթակիցն այսօր եղել է սահմանամերձ գյուղում, զրուցել գյուղացիների հետ։

Ներքին Հանդում գյուղացիներն «Ազատությանը» պատմեցին, որ Եվրամիության դիտորդներին գյուղում չեն տեսել, պնդեցին, թե նրանց ռուս սահմանապահներն են արգելում գյուղ մտնել։ Ռուսական հենակետ տեղադրված է նախքան Ներքին Հանդ հասնելն ու նաև հենց գյուղում, բայց թե որն է նրանց գործառույթը, այնքան էլ հստակ չէ նույնիսկ գյուղացիների համար։

Ադրբեջանցիները «փորձում էին հետագայի իրենց քայլերին լեգիտիմություն հաղորդել»

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ադրբեջանցիները «փորձում էին միջազգային հանրությանը հետագայի իրենց քայլերին լեգիտիմություն հաղորդել, իբրև թե «մենք ֆիքել ենք մինչև այդ դիպուկահարին և դրա համար էլ համապատասխան գործողություններ ենք ծավալել»:

Աբրահամյանն ընդգծում է՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած տեսանյութում հայ զինվորականների կողմից ադրբեջանցի սահմանապահին թիրախավորելու ապացույց չկա:

«Նրանք փորձում են ցույց տալ դիպուկահարների, իհարկե, այնտեղ մարդիկ երևում են, բայց որևէ ձևով ֆիքսված չէ դիպուկահարի փաստ, և այդ տեսանկյունից Ադրբեջանի այդ գործողությունները, բնականաբար, նպատակ են ունեցել զուտ միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայկական կողմը դիմել է ագրեսիայի, բայց իրականության մեջ որևէ հիմնավոր բան կամ ապացույց ես այդ տեսանյութում չեմ տեսնում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Բաքուն այսօր նաև պնդեց, թե երեկ հայկական կողմը Տավուշի մարզի Չինարի բնակավայրի դիրքերից կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունը:

XS
SM
MD
LG