Մատչելիության հղումներ

Բլինքենը Իսրայելում փորձում է կանխել Գազայի հակամարտության հետագա ծավալումը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանում է Իսրայել, Թել-Ավիվ, 8-ը հունվարի, 2024թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանում է Իսրայել, Թել-Ավիվ, 8-ը հունվարի, 2024թ.

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Թել-Ավիվում Իսրայելի ղեկավարությանը փոխանցեց այն ուղերձները, որ վերջին օրերի հանդիպումների ընթացքում ստացել էր արաբ դաշնակիցներից՝ Հորդանանի թագավորից, Սաուդյան Արաբիայի թագաժառանգից և Աբու-Դաբիի էմիրից։ Արաբական աշխարհի ազդեցիկ միապետերի գլխավոր նպատակը, ըստ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի, իրադրության հետագա վատթարացումից խուսափելն է։

«Ամենուր ես հանդիպում էի առաջնորդների, որոնք հաստատակամ են այս հակամարտության խորացումը կանխելու հարցում։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրադրությունն է՛լ ավելի չվատթարանա և հակամարտությունը չտարածվի», - անցած գիշեր Սաուդյան Արաբիայում, Իսրայել մեկնելուց առաջ հայտարարում էր ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Դատելով ամերիկյան լրատվամիջոցների վերջին օրերի հրապարակումներից՝ Վաշինգտոնի գլխավոր մտահոգությունն այժմ Իսրայելի և «Համաս»-ի միջև արդեն երրորդ ամիսը շարունակվող հակամարտության ծավալումն է դեպի հյուսիս՝ Լիբանան։ Այս մտավախությունները բացարձակապես անհիմն չեն։

Վերջին օրերին առանց այդ էլ լարված իրավիճակը իսրայելա-լիբանանյան սահմանի երկայնքով է՛լ ավելի է սրվել։ Նախօրեին իսրայելական օդուժի հարվածի հետևանքվ զոհվեց Լիբանանի հարավում գործող իրանամետ «Հեզբոլա» շարժման հատուկ նշանակության ուժերի հրամանատարներից մեկը։ Այսօր արդեն, իսրայելցիների կողմից իրականացված ևս մեկ հարվածի հետևանքով «Հեզբոլա»-ի ևս երեք զինյալներ են զոհվել։ Լիբանանի դեմ հնարավոր գործողությունները չեն բացառում նաև Իսրայելի ռազմական կաբինետի անդամները։ Պաշտպանության նախարար Յոավ Գալանտն, օրինակ, The Wall Street Journal-ի հետ զրույցում կիրակի օրն առանց ավելորդ պայմանականությունների հայտարարել էր, թե այն տեսարանները, որ այսօր առկա են Գազայում, կարող են կրկնվել նաև Բեյրութում։

Բուն Գազայում իրադրությունը շարունակում է լարված մնալ, սակայն ռազմական գործողությունների ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է։ Անկախ աղբյուրների վկայությամբ` Իսրայելի բանակին հաջողվել է գրեթե լիակատար վերահսկողություն հաստատել Գազայի հյուսիսային հատվածի նկատմամբ և այժմ հիմնական մարտերը ընթանում են հարավում՝ «Ռաֆահ» անցակետին հարող շրջանում։ Օդում ձեռք բերված լիակատար վերահսկողությունն է'լ ավելի է հեշտացնում իսրայելցի զինվորականները գործը։

«Իսրայելցիները ոչնչացնում են ամեն ինչ։ Ողջ Պաղեստինի, հատկապես Գազայի տարածքում շարժվող ցանկացած օբյեկտ թիրախավորվում է նրանց կողմից», - նշում է վերջին օդային հարվածների ընթացքում ընտանիքի անդամներին կորցրած Գազայի բնակիչ Շեհադա Թաբաշը։

Ըստ էության, երկու ճակատով ընթացող այս պատերազմի և բռնությունների դադարեցմանն ուղղված գրեթե բոլոր ջանքերի տապալման ֆոնին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գերադասում է խոսել Մերձավորարևելյան տարածաշրջանի երկարաժամկետ ապագայի մասին։

«Տարածաշրջանի ապագան ինտեգրումն է, այլ ոչ թե պառակտումն ու հակամարտությունները։ Որպեսզի դա տեղի ունենա, պետք է անկախ պաղեստինյան պետություն ստեղծվի։ ՈրևԷ մեկը չի ասում, որ դա հեշտ գործ է լինելու, կամ այդ ամենը հնարավոր կլինի միանգամից իրականացնել։ Մենք բոլորս, սակայն, համաձայնության ենք եկել, որ հարկավոր է համատեղ աշխատանք ծավալել», - հայտարարում է Բլինքենը։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այս ուղերձներն այսօր հերթով փոխանցեց Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին, վարչապետ Նեթանյահուին, և արտգործնախարար Կացին։

Իսրայելական կողմին, այդուհանդերձ, այս պահին կարծես մեկ այլ խնդիր է հուզում՝ Հարավային Աֆրիկայի կողմից Միջազգային քրեական դատարան ներկայացված հայցը, որով այդ երկիրն Իսրայելին ցեղասպանության մեջ է մեղադրում։ Բլինքենի հետ հանդիպման ընթացքում այս թեման բարձրացրեց Իսրայելի նախագահ Հերցոգը՝ հույս հայտնելով, որ ամերիկացիներն ու մյուս դաշնակիցները կաջակցեն իրենց։

«Հինգշաբթի օրը Հաագայում մեկնարկում է այն դատավարությունը, որի շրջանակում Հարավաֆրիկյան Հանրապետությունը դատի է տվել Իսրայելին՝ իբր ցեղասպանություն իրագործելու համար։ Ավելի դաժան ու անհեթեթ պնդում դժվար է հորինել։ Հարավային Աֆրիկայի այս երեսպաշտ պահվածքի պայմաններում մենք կներկայանանք Արդարադատության միջազգային դատարանում և հպարտությամբ կներկայացնենք մեր փաստարկները, կապացուցենք, որ մենք օգտվում ենք միջազգային նորմերով մեզ շնորհված ինքնապաշտպանության իրավունքից», - հայտարարում էր Իցհակ Հերցոգը։

Թել-Ավիվից հնչող այս հայտարարությունները, սակայն, աշխարհում գնալով ավելի սառը ընդունելության են արժանանում։ Միջազգային ասպարեզում Իսրայելի հասցեին ուղղված քննադատության աճն ուղիղ համեմատական է Գազայում պաղեստինցի զոհերի թվի աճին։ Վերջին տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում ավելի քան 23 հազար պաղեստինցի է զոհվել, նրանցից 57-ը՝ վերջին 24 ժամերին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG