Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը շարունակում է Գազայի պատերազմի տարածումը կանխելու ջանքերը


Ռմբակոծվում է Լիբանանի՝ Իսրայելի հետ սահմանին մերձակա տարածքը, 8-ը հունվարի, 2023թ.
Ռմբակոծվում է Լիբանանի՝ Իսրայելի հետ սահմանին մերձակա տարածքը, 8-ը հունվարի, 2023թ.

Գազայի պատերազմի տարածումը կանխելու ջանքերի շրջանակում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը շարունակում է բանակցություններն արաբական երկրների առաջնորդների հետ։

Էնթոնի Բլինքենը, ինչպես հայտարարել է, մտավախություն ունի, որ «Համաս»-ի և Իսրայելի միջև հակամարտությունը կարող է «մետաստազներ տալ» և է՛լ ավելի մեծ անկայունության հանգեցնել տարածաշրջանում, ավելի շատ տառապանք պատճառել մարդկանց։

Շաբաթ օրը մեկնարկած ուղևորության ընթացքում Էնթոնի Բլինքենն այցելեց Թուրքիա, Հունաստան, Կատար, Հորդանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, այսօր էլ՝ Սաուդյան Արաբիա, որտեղից էլ կմեկնի Իսրայել, այնուհետև՝ Պաղեստին:

Կատարում ԱՄՆ պետքարտուղարը հատուկ ընդգծել է խաղաղ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը, իսկ Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը փորձել է վերադառնալ «երկու պետության» տեսլականին, որը ենթադրում է Իսրայել պետության հետ խաղաղ գոյակցության պայմաններով պաղեստինյան պետության ստեղծում։ Սակայն թե՛ Դոհայում, թե՛ Ամանում Բլինքենին հասկացրել են՝ առաջին հերթին ակնկալում են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական արշավի ամբողջական դադարեցում։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը միաժամանակ փորձում էր արաբ գործընկերներին հավաստիացնել, որ Վաշինգտոնը կտրականապես դեմ է պաղեստինցիների տեղահանությանը Գազայի հատվածի սահմաններից դուրս, ինչի մասին վերջին շրջանում սկսել են ավելի հաճախ են հայտարարել իսրայելցի պաշտոնյաները։ Պատերազմի պատճառով Գազայի հատվածի 2 միլիոն 300 հազար բնակիչների մեծ մասը` գրեթե 85 տոկոսը, արդեն ստիպված լքել են իրենց տները:

Սա ԱՄՆ պետքարտուղարի արդեն չորրորդ այց է տարածաշրջան հոկտեմբերի 7-ին Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի զինյալների արյունալի հարձակումից ի վեր, որին հաջորդեց Իսրայելի լայնածավալ ռազմական գործողությունը Գազայի հատվածում։ Իսրայելական կողմից զոհվել է 1200 մարդ, 240 գերեվարված իսրայելցիներից 100-ը դեռ «Համաս»-ի զինյալների մոտ են։ Չորրորդ ամիսը շարունակվող պատերազմի ընթացքում Գազայի հատվածում սպանվել է շուրջ 23 հազար պաղեստինցի՝ այդ թվում հազարավոր երեխաներ, ավելի քան 58 հազարը՝ վիրավորվել։ Առողջապահության ոլորտի պաշտոնյաների տվյալներով՝ զոհերի մոտ երկու երրորդը կանայք և անչափահասներ են:

Հրադադարի կոչերն անտեսող իսրայելական կողմը պնդում է, թե հիմնական նպատակին դեռ չի հասել․ ռազմական գործողությունները կդադարեցնի միայն «Համաս»-ի ոչնչացումից, բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակումից հետո։

Իսրայելի Պաշտպանության բանակի վերջին հաղորդագրություններից մեկի համաձայն՝ իսրայելցի զինվորականներն արդեն վերահսկում են Գազայի հատվածի հյուսիսը, այժմ կենտրոնացած են հարավային և կենտրոնական շրջանների վրա։

Արևմուտքում մտավախություն ունեն, որ Գազայի արյունահեղությունը կարող է տարածվել տարածաշրջանով մեկ՝ հատկապես Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափում, Լիբանանում, Սիրիայում և Իրաքում լարվածության, ինչպես նաև Կարմիր ծովի նավագնացության ուղիների վրա Եմենի իրանամետ հութիների հարձակումների ֆոնին: Օր-օրի սրվում է ռազմական դրությունը իսրայելա-լիբանանյան սահմաններին՝ հատկապես Բեյրութում «Համաս»-ի բարձրաստիճան ղեկավարի սպանությունից հետո:

Այսօր էլ հայտնի դարձավ, որ Իսրայելի կողմից Լիբանանի հարավային շրջաններին հասցված հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլա»-ի հրամանատարներից մեկը։ Reuters-ի տվյալներով՝ «հոկտեմբերից ի վեր Լիբանանի և Իսրայելի սահմանին փոխադարձ հրթիռակոծությունների հետևանքով «Հեզբոլա»-ն շուրջ 130 զինյալ է կորցրել»։

XS
SM
MD
LG