Մատչելիության հղումներ

Մամիկոն Ասլանյանը շարունակում է պնդել՝ իր դեմ հարուցված գործը քաղաքական է


Վանաձորը հինգ տարի ղեկավարած, 49-ամյա Մամիկոն Ասլանյանն այսօր դատարանում պնդեց՝ իր դեմ հարուցված գործն ամբողջությամբ քաղաքականացված է։

Նիստի մեկնարկին «Ազատության» հետ զրույցում Ասլանյանը համոզմունք հայտնեց, որ այս երկարուձիգ դատավարությունը վկայում է, որ ինքն այդպես էլ չի ստանձնի համայնքի ղեկավարի պաշտոնը։

«Եթե կալանավորման խրոնոգրաֆիան նայենք, ընտրությունների, ինձ մեղսագրվող արարքների հանրագումարը ի մի բերելով կհասկանանք, որ ամբողջությամբ քաղաքական պատվերի շրջանակներում տեղավորվող գործ է», - ասաց նա։

Այս քրեական գործի մասին իրավապաները հայտարարեցին և Ասլանյանին կալանավորեցին Վանաձորի ավագանու ընտրություններից անմիջապես հետո։ Ասլանյանը կալանքի տակ է արդեն մեկուկես տարի։ Նա այդպես էլ հնարավորություն չունեցավ համայնքապետի աշխատասենյակ վերադառնալ, չնայած 2021-ի ընտրություններին իր գլխավորած քաղաքական ուժը ամենաշատ թվով ձայներն էր ստացել և ընտրվելու հնարավորություն ուներ։

Մինչև օրս Վանաձորի ավագանին այդպես էլ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ չի գումարել։ Իշխանությունների արտահերթ նիստերի նախաձեռնություններն էլ տապալվում էին ընդդիմության բոյկոտի պատճառով։ Մինչդեռ անցած տարեվերջին Ասլանյանի թիմի երկու անդամներ՝ Սեյրան Ղամբարյանն ու Գայանե Քալանթարյանը ներկայացան նիստին, քվորում եղավ, ու ավագանին հնարավորություն ունեցավ բյուջե հաստատել, որոշակի աշխատանքներ իրականացնել։ Բոյկոտը դադարեցրած Սեյրան Ղամբարյանը հայտարարել էր, թե Մամիկոն Ասլանյանն է բանտից իրեն հորդորել ներկայանալ նիստերին։

«Գնացել եմ, հանդիպել եմ իր հետ, ինքը ինձ հանձնարարել է, որ հայտարարեմ՝ եթե մեր ներկայությամբ նիստը կայանում է, ուրեմն մեր մասնակցությունը ինքը հանձնարարել է, որ պարտադիր լինի: Ցավը նրանում է, որ մենք չենք առանձնացնում՝ որն է մեր տնտեսական խնդիրը, որը՝ քաղաքական, որովհետև կան խմբավորումներ, որ միշտ մտածում են՝ ինչքան վատ, էդքան լավ: Ես արդեն ասացի՝ իր կարծիքը մեր ներկայության մասին, իր հետ էս բոլորը համաձայնեցված է», - ասել էր Ղամբարյանը:

Մինչդեռ հաջորդ օրը «Ասլանյան» դաշինքը պաշտոնապես հերքեց, թե նախկին համայնքապետը հորդորել է գնալ նիստին։ Այսօր էլ Ասլանյանը պնդեց՝ թիմակիցները մասնակցում են ավագանու նիստերին առանց իր համաձայնության.- «Ըստ էության, ես հայտարարություն եմ արել, ամեն ավագանու անդամ ու ընտրովի ցանկացած մարմնի անդամ իր խղճի, իր գործողությունների առաջ պատասխան է տալիս ինքը։ Եթե պարզաբանումներ կամ պատճառաբանություններ կան, ես այդ մասին գոնե այս պահին տեղյակ չեմ»։

Մամիկոն Ալսանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։ Նրանք, ի տարբերություն Ասլանյանի, ազատության մեջ են։ Գլխավոր ճարտարապետն անդամ շարունակում է պաշտոնավարել։

Վանաձորն անցած տարվա մայիսից ղեկավարում է վարչապետի կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Աղմկահարույց պատմություններով հայտնի Փելեշյանը ժամանակին եղել է Արթուր Բաղդասարյանի կուսակցության քաղաքապետի թեկնածուն։

XS
SM
MD
LG