Մատչելիության հղումներ

Անկարան և Բաքուն կոշտ են արձագանքում Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևին


Ֆրանսիայի Սենատը, արխիվ
Ֆրանսիայի Սենատը, արխիվ

Ֆրանսիայի Սենատի որոշումը իրավական ուժ չունի, սակայն, հաշվի առնելով բանաձևի քաղաքական նշանակությունը, Սենատի որոշումը կասկածի տակ է դնում միջնորդական մանդատ ունեցող երկրի չեզոքությունը։ Սա նաև վնաս է հասցնում Ֆրանսիայի հեղինակությանը որպես արդար միջնորդ ադրբեջանական հասարակության մեջ, ասված է Ադրբեջանի Արտգործնախարարությանն երեկ երեկոյան տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Ընդորում՝ եթե Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դեռ ընդամենը խոսում է Ֆրանսիային արդար միջնորդական առաքելության մեջ կասկածելու մասին, խորհրդարանը կառավարությանն է դիմել Ֆրանսիային միջնորդական առաքելությունից զրկելու պահանջով։

Ադրբեջանի Միլի Մեջլիսը կառավարությանը կոչ է արել դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ ի նշան Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի դեմ բողոքի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Ֆրանսիային հետ կանչելու համար: Այս մասին նշված է Միլի Մեջլիսի այսօրվա նիստում ընդունված հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Սենատում բանաձևը ընդունելուց րոպեներ անց Ֆրանսիայի արտգործնախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր, թե Ղարաբաղի ճանաչումը թույլ չի տա Ֆրանսիային որևէ ակտիվ դերակատարություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում։

Բաքվում այսօր նաև բողոքի ցույց է տեղի ունենում Ֆրանսիայի դեսպանության առջև։

Սենատի գրեթե միաձայն ընդունված հակաադևբեջանական և հակաթուրքական բանաձևին կոշտ արձագանքել է նաև Թուրքիայի Արտգործնախարարությունը։ Ֆրանսիայի Սենատի կոչը՝ «դուրս բերել ադրբեջանական զորքերը հենց Ադրբեջանի տարածքից» զավեշտալի է, հեռու իրականությունից և կանխակալ, ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում: Բացի այդ՝ Թուրքիայի հասցեին փաստաթղթում պարունակվող պնդումները պաշտոնական Անկարան անիմաստ է որակում։

Սրա հետ մեկտեղ, սակայն, Թուրքիայի ԱԳՆ-ն շեշտում է, որ Անկարան պատրաստ է համագործակցել բոլոր երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ՝ հակամարտության տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ։

Պաշտոնական Մոսկվան Սենատի ընդունած բանաձևին դեռ չի արձագանքել, սակայն անդրադարձել է, օրինակ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը, ասելով, թե Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը հիմնականում թելադրված է Փարիզի և Անկարայի միջև առկա տարաձայնություններով, և որ Ֆրանսիայի կառավարությունը Սենատի որոշումը չի ընդունի։

Կոսաչևը համոզված է, որ Սենատի նախաձեռնությունը կմնա միայն թղթի վրա և որևէ պրակտիկ նշանակություն չի ունենա: Սենատորի կարծիքով իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ պետք է մնա նախևառաջ ադրբեջանահայկական երկկողմ քաղաքական երկխոսության առարկա՝ առանց վերջնագրերի և առանց ուժային սցենարների:

Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է Ֆրանսիայի Սենատին Ղարաբաղը ճանաչելուց հետո ճանաչել նաև Ղրիմը: «Ղարաբաղը ճանաչելու մասին բանաձևից հետո Ֆրանսիայի Սենատի հաջորդ քայլը պետք է լինի Ղրիմի ճանաչումը», - ասել է ռուսաստանցի պատգամավորը:

XS
SM
MD
LG