Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հայկական գյուղմթերքի իրացման խնդիրը դեռ չի ստացել իրավական կարգավորում


Ռուսաստան - Հայկական ծիրանի համար հերթը Մոսկվայում, 18-ը հուլիսի, 2020թ.
Ռուսաստան - Հայկական ծիրանի համար հերթը Մոսկվայում, 18-ը հուլիսի, 2020թ.

Անցած շաբաթ, երբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում ռազմական գործողություններ էին, երբ ադրբեջանական կողմը հերթական հարձակման փորձն էր ձեռնարկել, Ռուսաստանում խնդիրներ առաջացան հայկական ծիրանի իրացման հետ: Մոսկվայի ամենամեծ` Food City մթերային շուկան հրաժարվել էր ընդունել հայկական ծիրան տեղափոխող բեռնատարները:

Սրան հաջորդեց մոսկվայաբնակ հայերի կողմից համախմբված կերպով ամբողջ ծիրանի գնելը, միջամտեցին ռուսաստանաբնակ հայ գործարարները, մասնավորապես «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայաստանյան գյուղմթերքի վաճառքի համար նոր հարթակներ ստեղծեցին:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի խոսնակ Էդուարդ Ջամբազյանը «Ազատության» հետ զրույցում հավաստիացնում է, որ հայ ներմուծողներն այսօր արդեն խնդիր չունեն, ավելին` գործում է թեժ գիծ, և ցանկացած խնդրի դեպքում դեսպանությունը կարողանում է հրատապ կարգավորել խնդիրը. - «Ներկայիս փուլում աշխատանք է տարվում խնդիրը լուծելու ուղղությամբ: Ինչպես գիտեք, մեր արտահանողները իրենց ապրանքը` ծիրանն իրացրեցին համայնքային մեր գործարարների միջոցով տրամադրված հարթակներում»:

«Ազատություն». - Այդ հարթակները մշտակա՞ն գործող են լինելու, թե՞ դա պահից է կախված:

Էդուարդ Ջամբազյան. - Եվ կային պահի հետ կապված, և մշտական գործողները:

«Ազատություն». - Մենք կարո՞ղ ենք ասել, որ այսօր Ռուսաստան մտնող ամբողջ գյուղմթերքն ունի վաճառքի հարթակ:

Էդուարդ Ջամբազյան. - Կարող ենք ասել, որ այսօրվա դրությամբ ունեցած հնարավորություններով ապահովում ենք դա:

«Ազատություն». - Միայն Մոսկվայո՞ւմ են նման խնդիրներ առաջացել:

Էդուարդ Ջամբազյան. - Հիմնական խնդիրները Մոսկվայում են առաջացել:

«Ազատություն». - Իսկ իրավական տեսանկյունից եթե նայենք խնդրին, ի՞նչ քայլեր է ձեռնարկել դեսպանությունը, որ ապագայում նման խնդիրներ չառաջանան:

Էդուարդ Ջամբազյան. - Ներկայիս փուլում տեղեկացված են բոլոր պատկան մարմինները, այդ թվում` համապատասխան իրավապահ մարմինները, բոլորը զբաղվում են այդ հարցով, հուսանք, որ մոտ ժամանակներս կտեսնենք արդեն տեսանելի արդյունքները:

«Ազատություն». - Իրավապահների, քաղաքապետարանի կողմից որևէ հայտարարություն կա՞:

Էդուարդ Ջամբազյան. - Կարծում եմ` ներկայիս փուլում աշխատանք է տարվում, ամենայն հավանականությամբ նպատակահարմար չի գտնվում դեռևս հանդես գալ հայտարարություններով նաև նրա համար, որպեսզի վիճակը չթեժացվի:

«Ազատություն». - Այս պահին ի՞նչ վիճակ է Food City-ում:

Էդուարդ Ջամբազյան. - Այս փուլում արտահանողներն իրենք են խուսափում դիմել նշված շուկայի ծառայություններից օգտվելու:

«Ազատություն». - Ձեր կարծիքով` սա կարո՞ղ է խթանել մի գործընթաց, որ Մոսկվայում` որպես ամենամեծ քաղաքը Ռուսաստանում, ստեղծվի հայկական հարթակ:

Էդուարդ Ջամբազյան. - Չկա չարիք առանց բարիքի սկզբունքով, այո, կարծում եմ, որ նման լուծում կգտնվի:

Խնդիրն, այնուամենայնիվ, մնացել է, կամ այլ կերպ ասած` այն դեռ չի ստացել իրավական կարգավորում: Հայաստանն ու Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են, որի հիմնական սկզբունքներից են ապրանքների ազատ տեղաշարժն ու միասնական շուկան: Երբ ՀՀ-ն դեռ նոր պետք է անդամակցեր այն ժամանակ Մաքսային միությանը, հայաստանյան իշխանությունների հիմնական փաստարկը մեծ շուկայի հնարավորությունն էր նշվում որպես օգուտ: Իշխանություններն ասում էին, որ հայաստանյան, այդ թվում` գյուղմթերքը հնարավոր կլինի առանց խնդիրների և արտոնյալ պայմաններում սպառել Եվրասիական միության անդամ պետությունների, առաջին հերթին Ռուսաստանի շուկայում: Իրականում հայկական գյուղմթերքի հետ կապված պարբերաբար տարբեր խնդիրներ էին առաջանում, իսկ այն, ինչ կատարվեց անցած շաբաթ, ցույց տվեց, որ ռուսական շուկան, եթե նույնիսկ բաց է հայկական մթերքի համար, բաց է լուրջ սահմանափակումներով:

Խնդիրը նաև այն է, որ ռուսաստանյան շուկաների մի զգալի մասի սեփականատերերը կա՛մ ադրբեջանցիներ են, կա՛մ էլ Ադրբեջանում ծնված գործարարներ, ովքեր լուրջ կապեր և բիզնես շահեր ունեն Ադրբեջանի իշխանությունների հետ, և իրենց հերթին այդ սեփականատերերը, մասնավորապես Food City շուկայի, լուրջ ազդեցություն ունեն Ռուսաստանի հատկապես մարզային իշխանությունների վրա, և ազատ, հասանելի ռուսական շուկայի մասին խոսելիս սա պետք է հաշվի առնել:

Ռուսաստանի հայ փաստաբանների միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը կարծում է, որ չի կարելի ասել, թե խնդիրը կարգավորվել է. - «Հետո էլ է լինելու, քանի որ Հայաստանի իրավական արժեքը շատ ցածր է այստեղ, քանի որ չկան դեպքեր, երբ որ Հայաստանը որպես համակարգիչ սկզբունքներով այս աշխատանքը տաներ: Իրականում աշխատանքը տարվում է դեպքից դեպք, երբ որ հրդեհ է, այդ ժամանակ կար աշխատանք, երբ հրդեհ չկա, խնդիր չկա: Ինձ համար պարզ չէ` ոնց են հայտարարում, թե շուկայում խնդիրները լուծված են, և մեր քաղաքացիները կարող են վերադառնալ այդ շուկա: Ես համարում եմ վիրավորական այդպիսի հայտարարությունը, հարցը չպետք է դնել, թե մենք շուկա վերադառնանք: Այնտեղ վերադարձ չի կարող լինել:

Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա այդ աշխատանքը պետք է տարվի, ստեղծվի իրավապաշտպան կենտրոն Հայաստանի քաղաքացիների և Հայաստանի ընդհանրապես, քանի որ գնում է Հայաստանի դեմ բազմակողմանի, համալիր պատերազմ ինֆորմացիոն դաշտում, իրավական դաշտում»:

Հայկական ծիրանի խնդրին ակտիվ անդրադարձել էին նաև ռուսաստանյան լրատվամիջոցները` կայքերից մինչև դաշնային ՀԸ-ներ: Ռուսական կողմից հիմնական մոտեցումն է` պետք չէ հայ-ադրբեջանական խնդիրները բերել ռուսաստանյան իրականություն, իսկ թե կկարողանան ՌԴ իշխանությունները գործնականում սա կանխել, թերևս ժամանակը ցույց տա:

XS
SM
MD
LG