Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների տունն այսօր քվեարկության կդնի Թրամփի իմփիչմենթի հարցը


Մի քանի ժամից Ներկայացուցիչների տան լիագումար նիստը երրորդ անգամ ամերիկյան ողջ պատմության ընթացքում կսկսի քննել երկրի նախագահի պաշտոնանկության` իմփիչմենթի հարցը: Ակնկալվում է, որ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու շուրջ քննարկումները կշարունակվեն շուրջ վեց ժամ:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Թրամփի իմփիչմենթի հարցը քվեարկության է դրվելու, երբ Երևանում ուշ գիշեր լինի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ներկայացուցիչների տան մեծամասնությունը Թրամփի քաղաքական հակառակորդների` դեմոկրատների ձեռքում է, կարելի է ենթադրել, որ քվեարկության արդյունքները կանխորոշված են: Այլ հարց է, որ Ներկայացուցիչների տան քվեարկությունից հետո Թրամփի պաշտոնանկության հարցը տեղափոխվելու է Սենատ: Այնտեղ արդեն մեծամասնություն են կազմում հանրապետականները, որոնք միանշանակորեն հայտարարել են`Թրամփի պաշտոնանկության օգտին քվեարկությունը բացառված է:

Ինքը նախագահ Թրամփը արդեն իսկ հայտարարել է, որ այսօրվա քննարկումներին ոչ հեռուստատեսությամբ և ոչ էլ համացանցով չի հետևելու:

«Սա խաբեություն է, սա վհուկների որս է: Տեղի ունեցողը մի [երկարատև] գործընթացի շարունակությունն է, գործընթաց, որ մեկնարկել է մոտ երեք տարի առաջ, թերևս մինչև ընտրություններում իմ տարած հաղթանակը», - նշել է Թրամփը`Սպիտակ տանը լրագրողների հետ շփման ընթացքում:

Միացյալ Նահանգների նախագահի համոզմամբ Սենատում իր իմփիչմենթի հարցը որևէ հեռանկար չի ունենա, քանի որ իր կուսակիցների շրջանում այս հարցում տարաձայնություններ չկան:

«Ես երբեք Հանրապետական կուսակցությունն այսքան միասնական չեմ տեսել: Մենք նույնքան միասնական ենք Սենատում: Անցած գիշեր ես դիտում էի մեր սենատորներից մի քանիսի ելույթները և կարծում եմ, որ միասնությունն իրոք առկա է», - նշել է Թրամփը:

Այսօր արդեն Միացյալ Նահանգների նախագահը կմեկնի Միչիգան, որտեղ Կապիտոլիումում ծավալված քննարկումներին զուգահեռ Բեթլ Քրիք քաղաքում մեծ հանրահավաք կանցկացնի:

Պաշտոնանկության խնդրի շուրջ` Կապիտոլիումում մեկնարկող քննարկումներից առաջ Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները բողոքի ակցիաներ են անցկացնում Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներում: Նյու Յորքի կենտրոնում հավաքված նախագահի հակառակորդները մեծ հույսեր չունեն, թե Թրամփի պաշտոնանկության հարցը հնարավոր կլինի ավարտին հասցնել` նախևառաջ Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականների պատճառով:

«Հուսով եմ, որ գոնե հաջորդ տարի,[ընտրությունների ընթացքում] մենք կկարողանանք ազատվել Թրամփից, քանի որ այժմ տպավորությունն այնպիսին է, որ Սենատն իր որոշումն արդեն իսկ կայացրել է: Եթե սենատորները երդվյալ ատենակալներ լինեին, նրանց դատարանի կազմից կհեռացնեին միայն նրա համար, որ իրենք արդեն իսկ հստակ ձևավորված որոշում ունեն: Ես կարծում եմ, որ Սենատի [հանրապետական] անդամները պետք է կայացնեն այն որոշումը, որը բարենպաստ է պետության, այլ ոչ թե իրենց կուսակցության համար», - ասել է ցույցի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփին երկու պաշտոնական մեղադրանք է առաջադրվել` իշխանության չարաշահում և Կոնգրեսում ընթացող հետաքննության խոչընդոտում:

Թրամփի շուրջ սկանդալը ծագեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հուլիսին կայացած հեռախոսազրույցից հետո,որի ընթացքում, ըստ մի շարք աղբյուրների, Սպիտակ տան ղեկավարը փորձում էր համոզել իր ուկրաինացի պաշտոնակցին հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու` Հանթերի դեմ:

XS
SM
MD
LG