Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի պաշտոնանկության գործընթացը նոր փուլ է մտնում


ԱՄՆ - Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ելույթի ժամանակ, Վաշինգտոն, 5-ը նոյեմբերի, 2019թ․
ԱՄՆ - Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ելույթի ժամանակ, Վաշինգտոն, 5-ը նոյեմբերի, 2019թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացը նոր փուլ է մտնում: Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին հինգշաբթի երեկոյան դիմեց Կոնգրեսի Իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարությանը Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթացի շրջանակներում հստակ մեղադրանքներ ձևակերպելու խնդրանքով:

«Փաստերն անվիճելի են: Նախագահը չարաշահել է իշխանությունը` իր անձնական, քաղաքական նպատակներին հասնելու դիմաց սպառնալիքներ ստեղծելով երկրի ազգային անվտանգության համար: Նա սառեցրել է ռազմական օգնությունը [Ուկրաինային], չեղարկել է Օվալաձև աշխատասենյակում կազմակերպվող կարևորագույն հանդիպումը` փորձելով հասնել իր քաղաքական հակառակորդի դեմ հետաքննության մասին հայտարարության հրապարակմանը», - հայտարարում էր Փելոսին:

Ներկայացուցիչների տան խոսնակի այս որոշմանը նախորդեցին չորեքշաբթի օրը Կապիտոլիումում կայացած լսումները, որոնք ընթացքում Միացյալ Նահանգների մի շարք առաջատար իրավաբան-սահմանադրագետները ներկայացրել էին իրենց եզրակացությունը, որի համաձայն՝ Թրամփը Ուկրաինայի շուրջ ծավալված սկանդալային զարգացումների ընթացքում խախտել է ԱՄՆ հիմնական օրենքի մի շարք դրույթներ:

«Նախագահը մեզ զրկում է այլընտրանքի հնարավորությունից, ստիպելով գործել: Նա փորձում է խաթարել ընտրական գործընթացները հանուն իր անձնական շահերի: Նախագահի գործողությունները հակասում են Միացյալ Նահանգների հիմնադիրների տեսլականին և այն երդմանը, որ նա տվել է նախագահ դառնալով` պաշտպանել Միացյալ Նահանգների Սահմանադրությունը», - հայտարարում էր Փելոսին:

Դոնալդ Թրամփի պատասխանը չուշացավ: Այն տրվեց արդեն ավանդական դարձած ձևով` Twitter-ում:

«Ծայրահեղ ձախ դեմոկրատները հենց նոր հայտարարեցին, որ պատրաստվում են ինձ պաշտոնանկ անել չգործած մեղքերիս համար: Նրանք հրաժարվեցին Մյուլերի հետաքննությունն օգտագործելու գաղափարից և այժմ հույսեր են փայփայում Ուկրաինայի նախագահի հետ իմ ունեցած երկու միանգամայն պարկեշտ, անգամ կատարյալ հեռախոսազրույցների հետ կապված: Դա նշանակում է, որ իմփիչմենթի բավական հազվադեպ օգտագործվող գործընթացը այսուհետ պարբերաբար կիրառվելու է նաև ապա նախագահների դեմ», - գրում է Թրամփը:

«Դա չէր մեր երկրի հիմնադիր հայրերի ցանկությունը: Այս ողջ պատմության դրական կողմը, սակայն, այն է, որ հանրապետականները երբեք այսքան միակամ չեն եղել: Մենք հաղթելու ենք», - գրում է ԱՄՆ նախագահը Twitter-ում` արձագանքելով իր իմփիչմենթի գործընթացում նոր զարգացումներին:

XS
SM
MD
LG