Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանն ու Արցախի օմբուդսմենը Բաբայանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել


ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան, արխիվ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան, արխիվ

Իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ու Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ազատության» հետ զրույցում Արտակ Բեգլարյանն ասաց՝ կարծում է, որ Բաբայանի խափանման միջոցը պետք է փոխվի, այդպիսի միջնորդություն ներկայացնելու համար ինքը երկու հիմք ունի. - «Արսեն Բաբայանի խնամքին երկու անչափահաս երեխա կա: Երկրորդ հիմքը մեր ընկերական հարաբերություններն են, ինչը ինձ վստահություն է ներշնչում, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը ապահովված է լինելու քննության ընթացքում, որպեսզի Արսեն Բաբայանը ազատության մեջ, էլի նույն կարգավիճակով կարող է մնալ՝ որպես մեղադրյալ, բայց ազատության մեջ լինի ու իր ընտանիքի հարցերով զբաղվի»:

Բաբայանի փաստաբաններից Երվանդ Վարոսյանն «Ազատությանն» ասաց, որ իր պաշտպանյալի ազատությանը հասնելու համար օրենքով սահմանված բոլոր միջոցները կձեռնարկվեն, այդ թվում նաև՝ այս միջնորդությունները: Ներկայացված միջնորդությունները մերժելու իրավական որևէ հիմք ու պատճառ Վարոսյանը չի տեսնում ու շարունակում է պնդել՝ Բաբայանն անազատության մեջ է պահվում ապօրինի:

«Ծանոթանալով նաև դատարանի որոշմանը կալանքի՝ որևէ հիմք ուղղակի չգտանք, դատարանը չի էլ փորձել անգամ ինչ-որ ձևական, շաբլոնային պատճառաբանություններ բերել էս առումով: Գիտե՞ք, էնքան ակնհայտ է ամեն ինչ, որ հիմնավոր կասկած լինել չի կարող, նման հանցագործություն առհասարակ լինել չի կարող: Իսկ Արսեն Բաբայանի պարագայում էլ խոսելն է ավելորդ, էլ ուր մնաց խոսենք թաքնվելու կամ խոչընդոտելու վտանգների մասին», - հայտարարեց փաստաբանը:

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին պաշտոնյան կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) իշխանությունը յուրացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում: Գործը հարուցվել է պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, որը պնդում է՝ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Գործով մեղադրյալ է նաև ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՔԾ-ն հայտարարել էր, որ 2018-ին այժմ նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախագահը հայտարարի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ դեռ այդ հրաժարականը չի եղել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005 թվականի Սահմանադրությամբ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել է Սահմանադրական դատարանի նախագահ: Թովմասյանին հին Սահմանադրությամբ են ընտրել, որպեսզի նա կարողանա պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, նորի դեպքում նա կպաշտոնավարեր միայն վեց տարի:

ՀՔԾ-ի նշած թվերն ու ժամկետները, ըստ Վարոսյանի, ոչնչի մասին չեն խոսում, ասաց՝ սա քաղաքական գործընթաց է: «Եթե Գագիկ Հարությունյանը ամսի 1-ով ստորագրել է, ամսի 2-ով առձեռն փոխանցել են Ազգային ժողով և ամսի 2-ին եղել է Ազգային ժողովի նախագահի սեղանին, և, առավել ևս, ոչ մի տարբերություն չկա՝ 5-ին է եկել, թե 2-ին է եկել, բայց մարդ կա մեղադրվող ու մարդ կա կալանքի տակ, հիմա ես ո՞նց ասեմ, որ այստեղ քաղաքականությունը դեր չունի», - ընդգծեց փաստաբանը:

Խորհրդարանի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերն էլ հակառակն են պնդում: Օրինակ՝ Հովհաննես Իգիթյանը խորհրդարանական ճեպազրույցներից մեկում ասել է, որ Արսեն Բաբայանի պարագայում որևէ քաղաքական հետապնդում չկա, ու որ դա հենց իրավական գործընթաց է:

«Ազատության» հարցին՝ ինքը նո՞ւյնպես համարում է, որ Արսեն Բաբայանի գործը քաղաքական է, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն արձագանքեց՝ գնահատականներ չի տա:

«Գնահատական չեմ ցանկանում տալ քրեական գործին երկու պատճառով՝ քանի որ երաշխավորող եմ, և դա կարող է ազդել, սուբյեկտիվ առումով, իմ գնահատականի վրա, և հակառակը՝ գնահատականը կարող է ազդել երաշխավորության արդյունքների վրա, և երկրորդը՝ քանի որ ես կարգավիճակ ունեմ, և որքան էլ ես հրապարակավ ասում եմ, որ այս երաշխավորությունը իմ՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի հետ կապ չունի, միևնույն է, համոզված եմ, որ ոմանց մոտ ընկալում կարող է ձևավորվել, որ իմ գնահատականը նաև իմ կարգավիճակով է պայմանավորված: Դրա համար չէի ցանկանա գնահատական տալ», - հայտարարեց Բեգլարյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG