Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվեցին Սիրիայի հյուսիսում հնգօրյա հրադադարի շուրջ


Թուրքիա - Թուրք-ամերիկյան բանակցությունները Անկարայում, 17-ը հոկտեմբերի, 2019թ․
Թուրքիա - Թուրք-ամերիկյան բանակցությունները Անկարայում, 17-ը հոկտեմբերի, 2019թ․

«Հիմար մի եղիր», - Դոնալդ Թրամփի վիրավորական այս արտահայտությունը՝ ուղղված Ռեջեփ Էրդողանին, չի խանգարել թուրք-ամերիկյան պայմանավորվածության հասնելուն: Երեկ ուշ երեկոյան պաշտոնական այցով Անկարայում գտնվող Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվել են Սիրիայի հյուսիսում 120 ժամով հրադադար հաստատել, ինչը հնարավորություն կտա քրդական խմբավորումներին հինգ օրվա ընթացքում ամերիկացիների օգնությամբ դուրս գալ սահմանամերձ շրջաններից, որոնք Թուրքիան սահմանել է որպես «անվտանգության գոտի»:

Թուրքիայի նախագահի հետ շուրջ չորս ժամ տևած բանակցություններից հետո Փենսը նաև հայտարարել է, թե ամերիկացիներն ու քրդերը արդեն իսկ սկսել են բանակցել զորքը ետ քաշելու շուրջ: Միացյալ Նահանգների փոխնախագահի խոսքերով՝ նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիան վերջնականապես կդադարեցնի ռազմական գործողությունները, եթե քրդերը սահմանված ժամկետում դուրս գան սահմանամերձ գոտուց:

Թուրք-ամերիկյան պայմանավորվածություններից քիչ անց ԱՄՆ նախագահը Թվիթերում հայտնել է, թե հրաշալի լուր է ստացել Թուրքիայից: «Շնորհակալություն Էրդողանին, միլիոնավոր կյանքեր կփրկվեն», - գրել է Սպիտակ տան ղեկավարը, ով մի քանի օր առաջ թուրք պաշտոնակցին ուղղված վիրավորական նամակում սպառնում էր ոչնչացնել թուրքական տնտեսությունը և «հիմար» էր անվանում Էրդողանին: Նախօրեին, մինչդեռ, Թրամփը բացի շնորհակալական խոսքերից Էրդողանի հասցեին նաև գովասանքի խոսքեր է շռայլել․ - «Նա լավ առաջնորդ է, նա ուժեղ մարդ է և նա ճիշտ է գործել, մենք գնահատում ենք դա և կգնահատենք նաև հետագայում», - երեկ ուշ երեկոյան թուրք-ամերիկյան պայմանավորվածություններին արձագանքելով նաև հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Էրդողանը, իր հերթին, Թվիթերում գրել է, թե այդ պայմանավորվածությունները կնպաստեն տարածաշրջանի խաղաղության ամրապնդմանն ու կայունությանը:

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքի մոտակայքում, սակայն, չնայած երեկ հայտարարված հրադադարին, հրետակոծություններն ու փոխհրաձգությունը շարունակվում են: Թուրքական և քրդական ուժերի շփման գծի այլ հատվածներում համեմատաբար կայուն կացություն է:

Ավելի քան մեկ շաբաթ առաջ «Խաղաղության ակունք» կարգախոսի ներքո թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի քրդաբնակ շրջաններ, ինչպես պնդում է պաշտոնական Անկարան՝ այդ շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, որպեսզի պայմաններ ապահովվեն Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների վերադարձի համար:

Թուրքիան, որն առաջին անգամը չէ ռազմական գործողություններ իրականացնում Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական ուժերի դեմ, շարունակում է պնդել, թե դրանք ահաբեկչական խմբավորումներ են:

Միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է արդեն իսկ տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանության հանգեցրած Անկարայի այդ գործողությունները, որոնց հետևանքով կան հարյուրավոր զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

XS
SM
MD
LG