Մատչելիության հղումներ

Հայաստանում արձագանքում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին


«Ընտրակաշառքի, քաղծառայողների վրա գործադրված ճնշումների՝ այդ թվում դպրոցներում և հիվանդանոցներում, ինչպես նաև որոշ կուսակցությունների օգտին ձայն կորզելու նպատակով ընտրողների ահաբեկման մասին պնդումները մթագնել են ապրիլի 2-ին անցկացված ընտրությունների ընթացքը», - ասված է խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակած վերջնական զեկույցում:

Ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպության գնահատմամբ՝ լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները և ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ «մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ առկա անվստահությունը»։

Ընդգծելով, որ միջազգային դիտորդները լարվածություն և ընտրողների ահաբեկման փորձեր են նկատել թե՛ ընտրատեղամասերում, թե՛ դրանցից դուրս՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը այդուհանդերձ վերահաստատել է դեռ նախնական զեկույցի ժամանակ հնչեցրած դրական գնահատականները, որ խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, ընդհանուր առմամբ պահպանվել էին հիմնարար ազատությունները, իսկ ընտրությունների օրն անցել է հանգիստ և խաղաղ, օրվա ընթացքում նշանակալի միջադեպեր չեն արձանագրվել:

Եվրոպացի դիտորդներն իրենց նախնական գնահատականը հրապարակել էին խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած վերջնական զեկույցը իշխող Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդհանուր առմամբ դրական և հավասարակշռված է համարում․ - «Կարևոր է, որ այնպիսի պրոֆեսիոնալ կառույց, ինչպիսին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է, ընդունում է, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ պահպանվել էին հիմնարար ազատությունները: Հիմնարար ազատությունները չեն կարող պահպանվել վատ կազմակերպված ընտրություններում: Սա նշանակում է, որ ընտրությունները եղել են լեգալ և լեգիտիմ»:

Ինչ վերաբերում է եվրոպացի դիտորդների մատնանշած թերություններին, Շարմազանովն ասաց․ - «Երբեք չենք ասել, որ որևէ պրոբլեմ չի եղել, որևէ մթագնում չի եղել, որևէ այսպես ասած օրենքի խախտում չի եղել: Ընդհակառակը, մենք ասել ենք, որ մենք խստագույնս պատժելու ենք օրենքի ուժով նրանց, ովքեր որ փորձեն ստվեր գցել ընտրությունների օրինականության վրա»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հնչեցրած գնահատականները, իշխանության ներկայացուցչի խոսքով, շատ կարևոր են, և իրենք պատրաստ են աշխատել միջազգային գործընկերների հետ՝ թերությունները շտկելու ուղղությամբ․ - «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի իրականացրած դիտորդական առաքելությունը շատ կարևոր է, նրանց գնահատականները շատ կարևոր են: Մենք նաև այն թերությունները, որոնք եղել են, ընդունում ենք ի գիտություն և պատրաստ ենք աշխատել ԵԱՀԿ կառույցների հետ, միջազգային գործընկերների հետ, որպեսզի աստիճանաբար ավելի լավացնենք Հայաստանում ընտրական գործընթացների մակարդակը»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն իր տեսակետն ունի, թե ինչու է իշխանությունը դրական արձագանքում եվրոպացի դիտորդների հրապարակած վերջին զեկույցին․ - «Թերևս զեկույցի մեջ ընդհանուր առմամբ արծարծված են նույն խնդիրները, որոնք որ Եվրախորհրդի միջոցառման ժամանակ իր հայտնի ելույթում ասել էր Եվրամիության դեսպան Սվիտալսկին: Ու այն ժամանակ այդ հայտարարությունը բավական կոշտ արձագանքի էր արժանացել իշխանությունների կողմից: Ես կարծում եմ, որ իշխանությունները այս մի քանի շաբաթում հասկացան, որ նման արձագանքով հանդես գալը շատ սխալ էր: Եվ այդ պատճառով հիմա շատ ավելի մեղմ են զեկույցի նկատմամբ»:

«Անկախ դիտորդ»-ի կազմում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նույնպես ընտրություններում դիտորդական առաքելություն էր իրականացնում: Խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող ամփոփիչ զեկույցում տեղական դիտորդների գլխավոր եզրահանգումներից մեկն այն էր, որ տեղի է ունեցել «վարչական ռեսուրսի կազմակեպված և զանգվածային չարաշահում»:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ եվրոպացիների ու իրենց գնահատականները ընդհանուր առմամբ համընկնում են․ - «Շատ չի տարբերվում նաև մեր դիտորդական առաքելության արձանագրածից՝ եթե փորձենք իրենց գրածից հանենք դիվանագիտական լեզուն: Թե ինչ խնդիրներ են եղել, ինչն է նորմալ եղել: Ընտրությունները իրոք կազմակերպչական տեսանկյունից լավ էին կազմակերպված: Դա թե՛ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է արձանագրում, և՛ մենք այլ բան չենք ասում: Բայց զուտ կազմակերպվածությամբ ժողովրդավարության չես հասնի»:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը չի հավատում իշխանության հավաստիացումներին, թե պատրաստ են աշխատել եվրոպացիների հետ՝ շտկելու համար ընտրական գործընթացում տեղ գտած թերությունները․ - «Իրենք եվրոպական գործընկերների հետ արդեն 22 տարի է, ինչ աշխատում են և անընդհատ շտկում են, և անընդհատ շտկելու տեղ է մնում: Այդ ժամանակահատվածում երկրներ կան, որոնք մեզանից շատ հետ էին ժողովրդավարական գործընթացներով: Եկան-անցան մի մասը, ազատ առևտրի և ասոցացման համաձայնագիր ստորագրեցին»:

Մարտիրոսյանի խոսքով, միջազգային դիտորդները ընտրությունների վերաբերյալ կարող են հավասարակշռված մոտեցում ներկայացնել, ընդդիմությունը՝ իրենց բացասական դիտարկումները, իշխանությունը՝ դրականն անել: Բայց արմատական բարեփոխումների միակ արդյունավետ տարբերակը ընդդիմադիր գործիչը փողոցային պայքարն է համարում․ - «Սա չի նշանակում, որ ես դեմ եմ ընտրական պայքարին: Եթե վաղը լինի ընտրական պայքար, պետք է մասնակցել, որովհետև դա մոբիլիզացիայի հնարավորություն է: Բայց, ցավոք սրտի, Հայաստանում՝ այս Ընտրական օրենսգրքով, այս իրավապահ համակարգով, դատարաններով, ընտրական գործընթաց հնարավոր չէ օրինական իրականացնել»:

XS
SM
MD
LG