Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ․ Ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները


Խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները, այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեցին ԵԱՀԿ/ԺԳՄԻԳ-ի դիտորդները:

Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարի խոսքով՝ ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն ու ընտրողների վրա գործադրված ճնշումները:

«Ցավոք, գործընթացը խարխլվել է ընտրակաշառքների վերաբերյալ հավաստի, կրկնվող տեղեկություններով, ընտրողների մասնավորապես դպրոցներում ու հիվանդանոցներում քաղաքացիական ծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների ահաբեկումներով, ինչպես նաև վարչական դիրքի չարաշահմամբ», - նշել է Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ մի քանի ընտրատարածքներում լարվածության և ընտրողների նկատմամբ ահաբեկման դեպքեր են նկատել, ինչի պատճառը ամբողջ օրվա ընթացքում ընտրատեղամասերի շուրջ կուսակցությունների մեծ թվով վստահված անձանց և այլ քաղաքացիների կուտակումն է եղել: Այդուհանդերձ, երբ լրագրողները խնդրեցին հստակեցնել, թե որ ուժերն են եղել ընտրակաշառք բաժանողներն ու ճնշումներ գործադրողը՝ եվրոպացի դիտորդներն ասացին, որ անուն նշել չեն կարող:

«Չենք կարող, քանի որ ապացույց չունենք: Մենք արձանագրել ենք, որ դա տեղի է ունեցել, բոլորը գիտեն, որ դա տեղի է ունեցել տեղամասերից դուրս», - նշեց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչեզ Ամորը:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարը կոչ արեց խորհրդարանական մեծամասնությանը շարունակել փոխել երկրի քաղաքական մշակույթը:

«Երեկվա ընտրությունները ուղենշեցին առաջին քայլը Հայաստանում նոր քաղաքական համակարգ կառուցելու ճանապարհին, բայց փոփոխությունը չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում», - նաև ասաց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարը:

Ապրիլյան ընտրություններից առաջ նոր ընտրական համակարգը բարդ որակած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների գնահատմամբ՝ քվեարկողների 35 տոկոսը դժվարություններ է ունեցել ընտրությունների գործընթացը հասկանալու հետ: Ըստ եվրոպացի դիտորդների՝ ցավալի է, որ չնայած բոլոր օրենսդրական ու կազմակերպչական փոփոխություններին, դրանք չվերացրին երկար ժամանակ գոյություն ունեցող կասկածները ընտրական գործընթացների վստահելիության և ազնվության նկատմամբ:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է արդյունավետ և իր աշխատանքները կատարել թափանցիկ կերպով: Այնուամենայնիվ, այն խստորեն հետամուտ չի եղել բողոքներին», - ասվում է եվրոպացի դիտորդների հայտարարության մեջ:

Դիտորդները նկատում են, որ քաղաքացիները չեն ցանկանում հայտնել ընտրախախտումների մասին՝ իրավապահ համակարգի հանդեպ վստահության բացակայության պատճառով:

«Դատական, ընտրությունների կառավարման և իրավապահ մարմինների անկախության բացակայությունը և բողոքների արձագանքման նրանց եղանակը խարխլում է իրավական լուծումներ տրամադրելու արդյունավետությունը», - ասվում է հայտարարության մեջ:

ԵԽԽՎ-ի ներկայացուցիչն էլ նշեց, որ ընտրությունների ընդհանուր միջավայրը բավարար չէր, ընդգծելով, որ այդպես էլ հեռուստատեսային բանավեճեր չեղան:

«Ընտրական քարոզչությունը կենտրոնացած է եղել անձերի և ոչ՝ ծրագրերի վրա, ճնշում է գործադրվել մարդկանց վրա, ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ քվեարկության օրը, օրինակ փորձեր են արվել ընտրողներին համոզել, որ իրենց ընտրությունը գաղտնի չէ և իրենց համար հետևանքներ է ունենալու: Կարող եմ ասել՝ մենք զգացել ենք, որ վախն ու հիասթափությունն ավելի ուժեղ են եղել, քան՝ հույսը», - փաստեց Լիլիան Մաուրի Պասքերը:

Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄՒԳ-ի հանձնարարականների կատարումն իրենք դիտում են, որպես շրջանակային համաձայնագրի իրականացման մաս: Հեյդի Հաութալան նշեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված փաստաթուղթը հավանաբար Բրյուսելում կստորագրվի նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարատև դիտորդական առաքելությունը խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցը ներկայացնելու է երկու ամիս անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG